- Գլխավոր
- Նորություններ
- ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Հունիս 21, 2018 | 16:09
Կրթություն
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում հյուրընկալել էր «Երևակ» կրթահամալիրի ավագ դասարանների աշակերտներին:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը բացման խոսքով ողջունեց աշակերտներին՝ ուրախություն հայտնելով, որ բարձրագույն կրթության և մասնավորապես Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանդեպ այսքան մեծ է հետաքրքրությունն աշակերտների շրջանում:
Ներկայացնելով ֆակուլտետի հիմնադրման պատմությունը՝ դեկանն ընդգծեց ուսանողների թվի զգալի աճը և մասնագիտության հանդեպ միայն աճող հետաքրքրությունը: «Հայաստանի հանրապետության անկախության հռչակումից հետո անհրաժեշտություն էր դիվանագիտական կադրերի պատրաստումը»,- պատմեց Գեղամ Պետրոսյանը:
Միջազգային հարաբերությունների բաժինը բացվել է դեռևս 1990 թ.-ին և այդ կարգավիճակով մնացել է ընդհուպ մինչև 1998 թ.-ը (1990 թ.-ին` Արևելագիտության ֆակուլտետի կազմում, իսկ 1991 - 1992 ուստարվանից` Պատմության): 1993 թ.-ի ապրիլին ուսումնական պլաններ կազմելու և բաժնի աշխատանքները կազմակերպելու նպատակով հիմնադրվեց Միջազգային հարաբերությունների տեսության և պատմության ամբիոնը, որը հետագայում վերանվանվեց Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոն:
«Ուրախությամբ պետք է նշեմ, որ այսօր Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների 50%-ից ավելին մեր շրջանավարտներն են՝ դեսպաններ, հյուպատոսներ և այլն»,- ասաց դեկանը՝ ներկայացնելով ԱԳՆ-ի կողմից ստեղծած Դիվանագիտական դպրոցը, որտեղ ֆակուլտետի լավագույն ուսանողները երկու տարի պատրաստվելուց հետո անցնում են դիվանագիտական գործունեության:
Խոսելով ֆակուլտետի յուրահատկությունների մասին՝ նա շեշտեց օտար լեզուների հանդեպ մեծ ուշադրությունը. «Պարտադիր է առնվազն երկու օտար լեզվի իմացությունը: Այսօր մենք ունենք առանձին՝ Դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոն, որն, ըստ էության, կարևորում է օտար լեզուների դասավանդումը»:
Դեկանը նաև պատմեց ֆակուլտետում հաճախ կազմակերպվող հանդիպումների, միջոցառումների մասին՝ նշելով, որ դրանց հիմնականում մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ և դիվանագետներ: Այդ հանդիպումները հիանալի հնարավորություն են ուսանողների համար՝ ցուցադրելու իրենց թե՛ մասնագիտական, թե՛ լեզուների տիրապետման գիտելիքները: «Դեպքեր են եղել, որ տարբեր երկրներից ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ թարգմանիչների անհրաժեշտություն չի եղել»,- նշեց դեկանը:
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանը, խոսելով օտար լեզուների տիրապետման կարևորության մասին, նշեց, որ դասախոսները տիրապետում են մի քանի օտար լեզվի, իսկ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները հաճախ տարբեր մրցույթներում զբաղեցնում են առաջատար դիրքեր: Նա անդրադարձավ նաև բանավիճելու արվեստին. «Ունենք Բանավեճի ակումբ, և մեր ակումբի ուսանողները հաղթել են հանրապետական մրցաշարում»: Վահրամ Պետրոսյանը ներկայացրեց նաև այն հմտությունները, որոնք ձեռք են բերում ֆակուլտետի ուսանողները՝ վերլուծական միտք, կանխատեսելու մեթոդիկա, քննադատական մտածողություն:
Դեկանի տեղակալ Ժակ Մանուկյանը ներկայացրեց ընդունելության ընթացակարգը, բակալավրիատի և մագիստրոսական ծրագրերը, առարկայացանկերը, օտար լեզուների լայն ընտրանին՝ պարսկերեն, արաբերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլն: Խոսելով պրակտիկ դասընթացների մասին՝ նա անդրադարձավ պրակտիկա անցնելու բազմազան հնարավորություններին ԱԳՆ-ում, ԱԺ-ում, ԱԻՆ-ի միջազգային համագործակցության վարչությունում:
Նա անդրադարձավ նաև արտասահմանյան բուհերի հետ համագործակցությանը` նշելով, որ կան պայմանագրեր ռուսաստանյան МГУ և МГИМО համալսարանների հետ: Մագիստրոսական ծրագրի ավարտին տրվում է և՛ ԵՊՀ-ի, և՛ МГИМО-ի դիպլոմ:
Դեկանի տեղակալ Կարեն Նահապետյանը ներկայացրեց հեռակա ուսուցման համակարգի կառուցվածքը և առանձնահատկությունները:
Հանդիպման ավարտին աշակերտները հնչեցրին հարցեր ֆակուլտետի աշխատանքի, զեղչային համակարգերի և այլ մասնագիտություն ունենալու պարագայում Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում կրթությունը շարունակելու մասին:
Հանդիպումից հետո Կարեն Նահապետյանն աշակերտների հետ շրջայց կատարեց ֆակուլտետում, իսկ Ժակ Մանուկյանը նրանց ուղեկցեց ԵՊՀ պատմության թանգարան, որտեղ աշակերտները ծանոթացան համալսարանի հիմնադրման պատմությանը, տեսան պատմական արժեք ներկայացնող ցուցանմուշներ:
Մարի Ռաֆյան