- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Սեպտեմբեր 05, 2019 | 13:05
Քաղաքականություն
«ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ ՄԵԾ Է ՀԱՄԱԿՐԱՆՔԸ ՄԵՐ ԱԶԳԻ ՆԿԱՏՄԱՄԲ». ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ԷՍԹԵՐԱ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին:
Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը և Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը:
Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց Արգենտինայի և հավատարմագրված մյուս երկրների հետ համալսարանական համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ընդգծելով Բալսեյրոյի ինստիտուտի և Ֆիզիկայի ինստիտուտի համագործակցության արդյունավետությունը:
Ինչպես նշեց դեսպանը, արգենտինական համալսարաններում մեծ տեղ է հատկացվում ոչ միայն բնական գիտություններին, այլև լեզուների ուսուցմանը, գրականության ուսումնասիրությանը: Ինչպես հայտնի է, լատինաամերիկյան գրականությունը երիտասարդ է, բայց բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ ունի:
Գեղամ Գևորգյանը, խոսելով երկրների ֆիզիկական հեռավորության մասին, շեշտեց, որ կարևոր է հստակ նախագծել և համագործակցության վերաբերյալ քննարկումների, հանդիպումների օրակարգ մշակել՝ ապագա գործուղումներն առավել արդյունավետ դարձնելու համար:
Դեսպան Էսթերա Մկրտումյանն ասաց, որ հատուկ ուշադրություն է դարձրել ԵՊՀ-ի և արգենտինյան, Ուրուգվայի համալսարանների ընդհանուր եզրեր ունեցող ոլորտներին՝ ֆիզիկային, ռադիոֆիզիկային, երկրաբանությանը, իսպաներենի դասավանդմանը:
Նա անդրադարձավ նաև հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման միասնական մոտեցում ունենալու անհրաժեշտությանը, ինչը կարևոր է ինչպես Լատինական Ամերիկայում գտնվող հայերի, այնպես էլ փոխանակման ծրագրերով Հայաստան եկող ուսանողների համար:
Էսթերա Մկրտումյանը փաստեց, որ թե՛ արգենտինյան, թե՛ հավատարմագրված մյուս երկրների համալսարանները բաց են համագործակցության համար, և պետք է անպայման օգտվել այդ հնարավորություններից:
Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ներկայացրեց «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև լատինաամերիկյան երկրներում: Նա նշեց, որ ծրագրին դիմել են նաև Իրաքից ուսանողներ:
Գեղամ Գևորգյանը և Էսթերա Մկրտումյանը քննարկեցին նոր մասնագիտացումներ ներդնելու հարցը, մասնավորապես՝ կրոնական տուրիզմը և գաստրոտուրիզմը սպասարկող մասնագետների պատրաստումը:
Էսթերա Մկրտումյանն իր պատրաստակամությունը հայտնեց ԵՊՀ-ի և լատինաամերիկյան համալսարանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում:
Մարի Ռաֆյան