- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ
Հոկտեմբեր 22, 2018 | 16:16
Կրթություն
ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ «ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔ» ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑԻՆ
2018 թ. հոկտեմբերի 19-21-ը Դիլիջան քաղաքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ի կողմից համատեղ կազմակերպվել էր «Փախստականների իրավունք» խորագրով 8-րդ դպրոցը:
«Փախստականների իրավունք» դպրոցի նպատակն է խթանել փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության առաջընթաց զարգացումն ու հանրապետության տարբեր բուհերի իրավաբանական կլինիկաների միջև սերտ համագործակցությունը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանն ասաց, որ դպրոցի մասնակիցների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է՝ ներգրավելով հանրապետության առաջատար բուհերի իրավաբանական կլինիկաների ուսանողներին:
«Այս տարի դպրոցի մասնակիցների շրջանակն ընդգրկում էր ԵՊՀ իրավագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների, Գավառի պետական, Հայ-ռուսական, Գյումրու «Պրոգրես» և Երևանի Հայբուսակ համալսարանների իրավաբանական կլինիկաների թվով 30 ուսանող»,- փաստեց Քնարիկ Վարդանյանը:
Եռօրյա դպրոցի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին ՄԱԿ ՓԳՀ-ի դերը և Հայաստանում դրա գործունեության ուղղությունները, փախստականների միջազգային իրավական և ներպետական պաշտպանության հիմնարար դրույթներն ու սկզբունքները, ինչպես նաև ՀՀ-ում փախստականների իրավունքների դատական պաշտպանության հիմնահարցերը և այլն:
Դասընթացի ընթացքում հատկապես մանրամասնորեն քննարկվեցին միջազգային և ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավունքների իմպլեմենտացման և դրանց իրագործման հետ կապված բացերը, ուսումնասիրվեցին առկա օրենսդրական և ինտեգրացիոն բացերը, ինչպես նաև քննարկվեցին առաջիկա ծրագրերը՝ ուղղված փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում կլինիկական կրթության և հանրապետության իրավաբանական կլինիկաների միջև համագործակցության զարգացմանը:
Փախստականների իրավունքի դպրոցի ընթացքում դասախոսություններով հանդես եկան պետական մարմինների, Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ դասախոսությամբ հանդես է եկել նաև ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն, ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի ասիստենտ Քնարիկ Վարդանյանը, որը միաժամանակ համակարգել է դպրոցի կազմակերպչական աշխատանքները:
Դպրոցի ավարտին ուսանողների համար կազմակերպվել է արդեն ավանդույթ դարձած այց դեպի Տավուշի մարզի Գոշ գյուղ, որտեղ տեղակայված է հայ գիտնական, մանկավարժ, առակագիր և օրենսգիր, «Գիրք դատաստանի» երկի հեղինակ, վարդապետ Մխիթար Գոշի կողմից կառուցված մշակույթի, կրոնի և կրթության նշանավոր կենտրոն Գոշավանքը:
Պատրաստեց Քնար Միսակյանը