- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ. ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԸ
Նոյեմբեր 13, 2018 | 16:40
Գիտություն
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ. ԱՐԵՎԵԼԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆԸ
Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում պատմական քարտեզագիր, ազգային գործիչ Ռուբեն Գալչյանը ներկայացրեց «Հայաստանն օտարների քարտեզներում» թեմայով դասախոսություն:
Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
Բանախոսին ներկայացրեց Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ նշելով, որ Ռուբեն Գալեչյանի ուսումնասիրությունները կարևոր դեր ունեն, քանի որ Հայաստանը գտնվում է քարտեզային պատերազմի մեջ, իսկ հարևան երկրների քարոզչական մեքենաները հաճախ օգտագործում են քարտեզներ՝ ապացուցելու սեփական երկրի հնագույն պատմությունը: Այս տեսանկյունից, ըստ Ոսկանյանի, չափազանց կարևոր է ուսումնասիրել քարտեզները և թույլ չտալ պատմության կեղծումը:
Ռուբեն Գալչյանը խոսեց Լոնդոնի համալսարանում կովկասյան հետազոտությունների պրոֆեսոր, Վրաստանի, Հայաստանի և Բուլղարիայի պատմությունների մասնագետ Դևիդ Մարշալ Լենգի «Հայաստանը՝ քաղաքակրթության օրրան» («Armenia: cradle of civilization») գրքում տեղ գտած այն փաստը, որ տարածաշրջանի բազում երկրներից այսօր գոյություն ունեն միայն երկուսը՝ Հայաստանն ու Իրանը:
Բանախոսը ցուցադրեց հին սալիկ-քարտեզ, որի վրա Հայաստանը, Բաբելոնն ու Ատրպատականը ներկայացված են որպես աշխարհի կենտրոններ:
Անդրադառնալով պտղոմեոսյան, քրիստոնեական, հատուկ ծովագնացների համար ստեղծված պորտոլան քարտեզներին՝ Ռուբեն Գալչյանն առանձնացրեց պարսիկ աշխարհագետ Իսթախրիի 10-րդ դարի Աշխարհացույց քարտեզը, Իբն Հաուքալի 10-րդ դարի Հայաստանի, Իրանի նահանգ Ատրպատականի և Աղվանքի քարտեզը:
Ռուբեն Գալչյանը ներկայացրեց նաև Իսիդորի 12-րդ դարի Ֆրանսիական Աշխարհացույցը, Ղազվինիի Իսլամական աշխարհացույցը՝ 13-րդ դար, Վենետիկի վանական Ֆրա Մաուրոյի աշխարհացույց քարտեզը՝ 1460 թվական:
Դասախոսության ավարտին քննարկում ծավալվեց աշխարհագրական անունների և բաբելոնյան դպրության ավանդույթների շուրջ:
Մարի Ռաֆյան