- Գլխավոր
- Նորություններ
- ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Հունիս 12, 2018 | 16:36
Հասարակություն
ՌՈՒՍԵՐԵՆԸ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ. ԵՊՀ ՌՈՒՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՑ ԿՄԵԿՆԱՐԿԵՆ ԱՄԱՌԱՅԻՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Արդեն 10 տարի է, ինչ ԵՊՀ ռուսական կենտրոնը համալսարանականների երեխաների համար կազմակերպում է ռուսերենի դասընթացներ՝ նախապես մշակած և պատրաստած ծրագրով, որը կազմված է հիմնականում խաղային մեթոդաբանության վրա: Դասընթացի մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար զրուցել ենք Ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանի հետ:
- Տիկի՛ն Ներսեսյան, նախևառաջ կպատմե՞ք կենտրոնի առաքելության և գործունեության մասին:
- ԵՊՀ ռուսական կենտրոնը ստեղծվել է 2008 թվականին «Ռուսական աշխարհ» հիմնադրամի նախաձեռնությամբ և ԵՊՀ ղեկավարության օժանդակությամբ: Աշխարհում առաջին անգամ բացված կենտրոնը ոչ միայն ռեսուրս կենտրոն է, այլև ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածման աղբյուր: Մեր ունեցած մեծածավալ նյութերը հասանելի են բոլորին, ըստ այդմ էլ՝ մենք մեր գործունեությունն իրականացնելիս մեր աշխատանքներն այնպես ենք դասակարգում, որ դրանք արդյունավետ լինեն տարիքային բոլոր խմբերի համար: Տարվա ընթացքում առավել շատ աշխատում ենք ուսանողների, ինչպես նաև բարձր դասարանների աշակերտների հետ: Եղել են դեպքեր, երբ ուսուցիչները դիմել են և խնդրել այս կամ այն թեմայով որևէ ինտերակտիվ դաս անցկացնել, ինչը սիրով կազմակերպել ենք: Կազմակերպում ենք տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ քննարկումներ, դասախոսություններ, ֆիլմերի դիտումներ, ուսանողական կոնֆերանսներ և այլն: Մեր գործունեության ամենամյա ծրագրերից է համալսարանականների երեխաների համար կազմակերպվող դասընթացը:
- Առավել մանրամասն կներկայացնե՞ք ծրագիրը:
- Մեր կենտրոնի ստեղծման հենց հաջորդ տարվանից սկսել ենք իրականացնել այս դասընթացը: Առաջին և երկրորդ դասարանցիների համար նախատեսված ծրագրի նպատակն այն է, որ երեխաները սիրեն ռուսերենը և կարողանան հաղթահարել այդ լեզվով հաղորդակցվելու բարդույթը: Ես նախապես փորձում եմ հասկանալ, թե ինչ գիտելիքներ ունեն երեխաները, որպեսզի կարողանանք այնպես անել, որ ծրագիրը ոչ շատ բարդ լինի, ոչ էլ շատ պարզ: Դասերի ընթացքում երեխաները խոսում են ռուսերեն, շփվում են միմյանց հետ, ռուսական հեքիաթների հիման վրա նկարահանված մուլտֆիլմեր են դիտում՝ այդպիսով հայտնվելով ռուսական լեզվական միջավայրում: Ի դեպ, երեխաները չեն էլ ընկալում, որ գալիս են դասերի, քանի որ խաղային մեթոդաբանության վրա հիմնված դասընթացն անցնում է շատ լավ և ուրախ մթնոլորտում: Մենք անում ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր երեխա ուշադրության կենտրոնում լինի: Այս հարցում մեզ օգնում են մեր կամավորները, որոնք մեր նախորդ տարիների մասնակից երեխաներն են:
- Ե՞րբ է մեկնարկելու այս տարվա ծրագիրը:
- Դասընթացը կանցկացվի հունիսի 18-ից հուլիսի 20-ը: Դասերն անցկացվելու են շաբաթական երեք օր, մեկ ժամ տևողությամբ:
- Տիկի՛ն Ներսեսյան, ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել դասընթացին:
-Կարող են մասնակցել համալսարանականների՝ 1-ին և 2-րդ դասարանների երեխաները՝ նախապես գրանցվելով: Գրանցվելու համար կարող են զանգահարել ԵՊՀ ռուսական կենտրոն՝ 71-02-26 կամ 099-36-49-40 հեռախոսահամարներով: Ի դեպ, գրանցվելու համար պետք է դիմել մինչը հունիսի 15-ը ներառյալ:
Քնար Միսակայն