- Գլխավոր
- Նորություններ
- «ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 10, 2020 | 12:50
Հասարակություն
«ՍԻՐԻԱՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ 8-րդ մասնաշենքի նախասրահում «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն այսօր կազմակերպել էր ցուցահանդես-վաճառք:
Արդեն երրորդ տարին է՝ ՀԿ-ն կազմակերպում է ցուցահանդես-վաճառք իրականացրած ծրագրերի շրջանակում, որոնք նպաստում են սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը և հայրենիքում նրանց գոյատևման ապահովմանը:
«Մենք կազմակերպել ենք այս ցուցահանդեսը, որ սիրիահայերը մասնակցեն, ցուցադրեն իրենց աշխատանքները և, անշուշտ, վաճառեն: Սփյուռքի նախարարությունը սրանից առաջ կազմակերպել էր նմանաբնույթ ցուցահանդես-վաճառք, այս անգամ էլ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն որոշեց հանդես գալ նախաձեռնությամբ»,- նշեց «Սիրիահայերի միության» Տիկնաց յանձնախումբի ատենապետուհի Այտա Սանդուրյանը:
Ի դեպ, Տիկնաց յանձնախմբի 9 անդամները, որոնք բոլորն էլ գործարար կանայք են, նույնպես ցուցադրել են իրենց աշխատանքները:
Ա. Սանդուրյանը տեղեկացրեց, որ մի քանի անգամ ԵՊՀ-ում նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես են եկել, և ամեն անգամ մասնակիցները գոհ են մնացել վաճառքի արդյունքներից:
«Այս տարի ունենք մոտ 30 մասնակից, ընդ որում՝ ներգրավել ենք նաև քաղաքացիներին, որոնք նույնպես ներկայացել են իրենց աշխատանքներով. կարծում եմ՝ սա հիանալի համագործակցության սկիզբ է»,- ասաց նա:
Ցուցադրվող աշխատանքները չորս ոլորտից են՝ ասեղնագործություն, սնունդ, ձեռքի աշխատանքների արվեստ և արծաթե զարդեր:
Այտա Սանդուրյանը հավելեց, որ «Սիրիահայերի միություն» ՀԿ-ն հիմնադրվել է 2014 թ., տարբեր միջոցառումներ է իրականացնում՝ նպատակ ունենալով նպաստելու, որ ՀԿ-ի ավելի քան 100 անդամները զարգացնեն ու ընդլայնեն իրենց գործունեության ոլորտը, Հայաստանում համապատասխան շուկա գտնեն և իրենց ապագան կառուցեն հայրենիքում:
Հասմիկ Ասլանյան