- Գլխավոր
- Նորություններ
- «ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ». ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Սեպտեմբեր 06, 2019 | 17:06
Հասարակություն
«ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ՝ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԼԻ». ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՍԵՎԱԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՊԱՏՄՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՎԱԿԱՆ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի շրջանավարտ, ներկայումս Գրոնինգենի համալսարանի ասպիրանտ Սևակ Գրիգորյանն այսօր հանդես է եկել պլենար դասախոսությամբ՝ պատմելով, թե ինչպես է Քիմիայի ֆակուլտետի ընտրությունը դարձել գրանցած հաջողությունների գրավական, և ներկայացնելով գիտահետազոտական իր գործունեության վերջին արդյունքները:
Քիմիայի ֆակուլտետի ղեկավարության, ՈւԽ-ի և ՈւԳԸ-ի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցած դասախոսության սկզբում ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Գալստյանը փաստեց, որ հանդիպման նպատակը ոչ միայն Սևակ Գրիգորյանի գիտական գործունեությանը, այլև ուսանողներին ֆակուլտետի ընձեռած հնարավորություններին և առավելություններին ծանոթացնելն է:
Սևակ Գրիգորյանը դասախոսության առաջին հատվածում պատմեց, որ բուհ ընդունվելիս տատանվում էր ընտրության հարցում, սակայն խորհրդակցելով տարբեր մարդկանց հետ՝ ընտրել է ԵՊՀ-ն, որի համար չի փոշմանել: Նրա խոսքով, ուսանողական կյանքի առաջին շրջանը փոքր-ինչ բարդ էր. «Առաջին կուրսում նոր ու բարդ առարկաներ սկսեցինք անցնել՝ հարմարվելով նոր կարգերին և կանոններին»:
Ուսանողական երկրորդ շրջանը Սևակ Գրիգորյանի համար շատ ակտիվ է եղել, որի ընթացքում արել է գիտահետազոտական առաջին քայլերը. «Այդ ընթացքում անդամակցեցի ուսանողական կառույցներին՝ ՈւԽ-ին և ՈւԳԸ-ին: Ուսանողական ակտիվ կյանքը ոչ ֆորմալ կրթության համար հիանալի միջավայր է ստեղծում: Այն հնարավորություն է տալիս շփվելու դասախոսների հետ դասերից դուրս, նոր ընկերներ ձեռք բերելու, հարուստ մասնագիտական փորձ կուտակելու և այլն»:
Այնուհետև Սևակ Գրիգորյանի համար մեկնարկել է ուսանողական կյանքի կարևորագույն շրջաններից մեկը, երբ ֆակուլտետի ղեկավարության աջակցությամբ 6 ամսով սովորել է Գերմանիայի Ռոստոկի համալսարանում:
«Շատ կարևոր շրջան էր, որի ժամանակ ճանաչեցի եվրոպական ակադեմիական միջավայրը, ծանոթացա տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ, կատարելագործեցի անգլերենի իմացությունս, ձեռք բերեցի ինքնուրույնություն, քանի որ գործնական փորձերը մեծամասամբ մենակ էի կատարում, և իհարկե կուտակեցի գիտագործնական հսկայական գիտելիք»,- դասախոսության ընթացքում պատմեց Սևակ Գրիգորյանը՝ խորհուրդ տալով հնարավորության դեպքում անպայման դիմել արտասահմանյան կրթական ծրագրերի:
Գերմանիայից վերադառնալուց հետո Սևակ Գրիգորյանը սկսել է ակտիվ գիտահետազոտական գործունեությամբ զբաղվել. «Այդ ընթացքում ֆակուլտետի ղեկավարության խորհրդով և աջակցությամբ մասնակցեցի տարբեր երկրներում կազմակերպված մասնագիտական գիտաժողովների և ամառային դպրոցների, որոնք նույնպես կարևոր դեր ունեն մասնագիտական հաջողության գործում»:
Դասախոսության ընթացքում նա պատմեց, որ մագիստրատուրան ավարտելուց հետո կրկին երկընտրանքի առաջ է կանգնել. ուսումը շարունակել Գերմանիայո՞ւմ, թե՞ Նիդերլանդներում. «Արդեն գրեթե ամեն ինչ պատրաստ էր, բոլոր պայմանավորվածությունները ձեռք էին բերված Գերմանիա գնալու համար, երբ պատահաբար իմացա, որ կարող եմ ընդգրկվել Գրոնինգենի համալսարանի պրոֆեսոր, մեր հայրենակից Սյուզաննա Հարությունյանի ղեկավարությամբ գործող հետազոտական խմբի կազմում: Դիմեցի նրան, հավաքեցի անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը և ընդունվեցի Գրոնինգենի համալսարան»:
Սևակ Գրիգորյանի փաստմամբ, Գրոնինգենի համալսարանը հիմնադրվել է 1616 թվականին: Այն ունի 11 ֆակուլտետ, 27 ինստիտուտ և 175 ծրագիր. «Բացի դրանից՝ այն ունի 4 Նոբելյան և 5 Սպինոզայի մրցանակ»:
Խոսելով հետազոտական խմբի մասին՝ ԵՊՀ շրջանավարտն ասաց, որ այն բաղկացած է 20 անդամից. «Խմբի գիտական ուղղվածության շրջանակի մեջ են մտնում նոր էնանտիոսելեկտիվ կատալիտիկ մեթոդների մշակումը, ՄՄՌ և կինետիկ հետազոտությունների միջոցով ռեակցիաների և մեխանիզմների բացահայտումը, ասիմետրիկության ավելացման առանձնահատկությունների ուսումնասիրությունը, հոմոքիրալության ծագումը, ինչպես նաև կենսահամատեղելի ավտո քրոս-համակցման կատալիտիկ ռեակցիաների մշակումը»:
Դասախոսության երկրորդ հատվածում Սևակ Գրիգորյանը, որն այժմ զբաղվում է նոր էնանտիոսելեկտիվ կատալիտիկ մեթոդների մշակմամբ, հանդիպման մասնակիցներին ներկայացրեց իր հետազոտության վերջին արդյունքները՝ պատասխանելով նրանց հարցերին:
Քնար Միսակյան