- Գլխավոր
- Նորություններ
- «ՍՈՑՔԵՄՓ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԿՈՖԵՐԱՆՍՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
Հունիս 19, 2018 | 16:08
Հասարակություն
«ՍՈՑՔԵՄՓ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՉԿՈՖԵՐԱՆՍՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՀԱՏՈՒԿ ՀՅՈՒՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն արդեն 4-րդ տարին է, ինչ նախաձեռնում է «ՍոցՔեմփ» սոցիալական ոչ ֆորմալ կոնֆերանսը կամ, ինչպես կազմակերպիչներն են ասում, չկոնֆերանսը: Այն մասնագիտական հարթակ է բոլոր նրանց համար, ովքեր ունեն վերլուծական ասելիք՝ կապված հասարակական տարբեր խնդիրների ու դրանց լուծման ուղիների հետ: Հունիսի 30-ին տեղի ունենալիք միջոցառման մասին զրուցել ենք Սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Տաթևիկ Կարապետյանի հետ:
- Տաթևի՛կ, կպատմե՞ս, թե ինչպես է ծնվել նման միջոցառում անցկացնելու գաղափարը:
- Քեմփային ձևաչափով միջոցառում կազմակերպելու գաղափարը ծնվել է վաղուց, եթե չեմ սխալվում՝ 2013-2014 թվականներին մեր ՈՒԳԸ անդամներից մեկի առաջարկությամբ։ Հիմնական նպատակն էր սեղծել այնպիսի հարթակ, որը հնարավորություն կտար խոսելու սոցիալական թեմաների, հիմնախնդիրների մասին ոչ խիստ գիտական տեքստերի, այսինքն՝ հանրամատչելի լեզվով, ներգրավել հարակից ոլորտների ու մասնագիտությունների մարդկանց և ինչու չէ նաև համախոհներ գտնել։ Գիտեք, ես դժվարանում եմ «ՍոցՔեմփը» միջոցառում անվանել։ Այն ուղղակի միջոցառում չէ, այլ տրամադրություն ու մթնոլորտ, որը պետք է տեսնել ու շնչել։
- Կպատմե՞ս միջոցառման մասին, ի՞նչ ձևաչափով է այն անցկացվում:
- Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես ոչ ֆորմալ կոնֆերանսը տեղի կունենա երկու մասով: Առաջին մասում կհնչեն հատուկ հյուրերի զեկուցումները, որի ընթացքում հասարակական տարբեր ոլորտների ներկայացուցիչները կխոսեն տարբեր խնդիրների մասին, իսկ հետո կանցնենք բուն զեկուցումներին: Ձևաչափի մասին բոլոր հետաքրքրվողներն առավել մանրամասն կարող են տեղեկություններ գտնել ինչպես ԵՊՀ ՈԻԳԸ-ի հայտարարություններ բաժնում, այնպես էլ մեր ֆակուլտետի ՈՒԳԸ-ի էջում։
- Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են մասնակցել «ՍոցՔեմփին»:
- «ՍոցՔեմփին» կարող են մասնակցել բոլորը։ Սակայն և՛ զեկուցում ներկայացնելու, և՛ պարզապես որպես ունկնդիր մասնակցելու համար պետք է գրանցվել նախօրոք: Զեկուցում ներկայացնել ցանկացողները կարող են գրանցվել մինչև հունիսի 24-ը, իսկ որպես ազատ ունկնդիր՝ մինչև հունիսի 26-ը: «ՍոցՔեմփի» շրջանակում հատուկ խոսնակներ ունենալն արդեն իսկ ավանդույթ է։ Ընդ որում՝ այդ ավանդույթի կարևոր մասն այն է, որ հյուրերն ու նրանց կողմից ներկայացվող զեկուցումները յուրաքանչյուր տարի լինում են տարբերվող, հետաքրքիր ու արդիական տվյալ ժամանակահատվածի համար։ Բայց պիտի նշեմ, որ պակաս հետաքրքիր չեն նաև մյուս զեկուցումները, որոնք ներկայացվում են ամենատարբեր մասնագիտություններ ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց կողմից, ովքեր ուղղակի փորձում են կիսվել այն գիտելիքով ու փորձով, որն ունեն։
- Ովքե՞ր են լինելու այս տարվա հատուկ հյուրերը:
- Հատուկ հյուրերի ամբողջական ցանկը դեռևս չենք բացահայտել: Նրանցից մի մասի մասին արդեն հայտնել ենք մեր ֆեյսբուքյան էջում: Նրանց շարքերում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի պատմության և տեսության վարիչ Հարություն Վերմիշյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Հրաչ Բայադյանը: Մյուսների մասին սպասեք թարմացումների մեր էջում: Խոստանում ենք, որ անակնկալները կշարունակվեն:
- Ի՞նչ արդյունք եք ակնկալում միջոցառումից:
- Շատ ենք ուզում, որ «ՍոցՔեմփը» դառնա սոցիալական գիտություններով զբաղվող մարդկանց համար երկխոսության ոչ ֆորմալ հարթակ՝ ծանոթությունների, նոր գաղափարների, հետաքրքիր նախաձեռնությունների, որոնք հետագայում կարտահայտվեն ինչպես ֆորմալ կոնֆերանսներում, այնպես էլ գիտական հոդվածների օրինակներով, պրակտիկ դաշտում և նույնիսկ այնպիսի ձևաչափերում, որոնց մասին մենք չէինք մտածել նախկինում:
Քնար Միսակյան