- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՈՍԻ ԹԱԹԻԿՅԱՆԸ
Փետրվար 21, 2022 | 17:15
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՍՈՍԻ ԹԱԹԻԿՅԱՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր «Ինչպե՞ս իրականացնել դելիմիտացիա՝ միջազգային նորմերին համապատասխան» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել հանրային կառավարման, միջազգային հարաբերությունների և անվտանգության հարցերի մասնագետ Սոսի Թաթիկյանը:
ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության և Մեդիա կենտրոնի համագործակցության արդյունքում կազմակերպված դասախոսության ընթացքում Սոսի Թաթիկյանը մասնակիցներին ներկայացրել և պարզաբանել է, թե ինչ են նշանակում և ենթադրում սահմանազատումն ու սահմանագծումը:
Բանախոսը խոսեց այդ գործընթացների իրականացման փուլերի մասին, ապա ներկայացրեց ԵԱՀԿ-ի հրապարակած ուղեցույցը, որը հրապարակվել է 2017 թվականին և մեծ մասամբ հիմնված է Լիտվայի ու Բելառուսի միջև իրականացված սահմանազատման և սահմանագծման փորձի վրա:
Սոսի Թաթիկյանի խոսքով, այս գործընթացները պարտադիր չեն, բայց ցանկալի են: Ըստ նրա՝ այն չպետք է պարտադրվի և իրականացվի ռազմական ագրեսիայի կամ քաղաքական շանտաժի միջոցով:
Դասախոսության ընթացքում բանախոսն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում ու սահմանագծում իրականացնելուն ուղղված գործընթացների ժամանակագրությանը, սահմանային խնդիրներին, միջազգային հանրության, ինչպես նաև երկու երկրների քաղաքական, փորձագիտական և քաղաքացիական արձագանքներին:
Մասնագետը ներկայացրեց նաև իր կողմից մշակված հիմնարար այն սկզբունքները, որոնց կիրառումը մեծապես կնպաստի այս գործընթացներն առավել արդյունավետ իրականացնելուն: