- Գլխավոր
- Նորություններ
- ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
Փետրվար 16, 2022 | 16:53
Հասարակություն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ դասախոսներին պարգևատրել են Ղազախստանի Հանրապետության «Անկախության 30-ամյակ» մեդալով:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրամանագրով նշյալ մեդալով են պարգևատրվել ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, ՀՀ արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ Շավարշ Քոչարյանն ու Արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանը:
Ողջունելով ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին՝ Հ. Հովհաննիսյանը նշեց, որ Բ. Իմանբաևի հետ Մայր բուհ արդեն երկրորդ այցի ժամանակ քննարկել են գիտական համագործակցության հնարավորությունները. «ԵՊՀ-ն շարունակում է իր բարի ավանդույթները՝ տարբեր երկրների առաջատար բուհերի հետ սերտ համագործակցությունը: Համալսարանը տարիներ շարունակ եղել և մնում է առաջատարը թյուրքագիտական հետազոտություններում:
Ռեկտորը շնորհակալություն հայտնեց Ղազախստանի նախագահին, կառավարությանը և դեսպանին ԵՊՀ դասախոսներին նման պատվի արժանացնելու համար՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունները պետք է ոչ միայն պահպանել, այլև զարգացնել:
Արարողությանը ներկա էին Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մշակույթի ճանաչված գործիչներ, դիվանագետներ, ուսանողներ:
Պրոֆեսոր Ա. Մարգարով. «ԵՊՀ-ն տևական ժամանակ համագործակցում է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան, Ղազախստանի բուհերի, գիտահետազոտական կառույցների հետ, որի արդյունքները տեսանելի են. դրանք Հայաստանում լույս տեսած արժեքավոր հրատարակություններն են: Մեր գործընկերներ Ա. Սաֆարյանը և Շ. Քոչարյանը, որոնք զգալի ավանդ են ներդրել հայ-ղազախական հարաբերությունների զարգացման գործում, պետք է շարունակեն արդեն առկա ակադեմիական և գիտական համագործակցությունը, որն ամրապնդում է ոչ միայն բուհերի, այլև երկու ժողովուրդների միջև մշակութային կապը»:
Համալսարանականներին հանձնելով պետական պարգևները, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը կարևորեց ԵՊՀ-ի բացառիկ դերը հայ-ղազախական դարավոր բարեկամության ամրապնդման, գիտակրթական ու գրականության և արվեստի ոլորտներում արդյունավետ համագործակցության զարգացման գործընթացում:
Վերջին տարիներին Ղազախստանի դեսպանատան և ԵՊՀ տարբեր ստորաբաժանումների (հատկապես Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի) փոխգործակցությամբ հրատարակվել են ղազախական գրականության հիմնարար անթոլոգիան՝ ծավալուն առաջաբանով, ղազախական խորհրդային գրականության դասական Մուխտար Աուեզովի «Աբայ» վեպ-էպոպեայի երկրորդ հրատարակությունը (նոր առաջաբանով), Աբայի «Սև խոսքեր» փիլիսոփայական երկի հայերեն առաջին թարգմանությունը՝ հայերեն, ղազախերեն, ռուսերեն հատուկ առաջաբանով ու պատմաբանասիրական ծանոթագրություններով, ինչպես նաև բազմաթիվ գիտական, մեթոդական և գիտահանրամատչելի հոդվածներ՝ տարբեր երկրներում ու տարբեր լեզուներով (այդ թվում՝ Ղազախստանում, ղազախերեն):
Հիշյալ անթոլոգիայում առաջին անգամ հայերեն են հրատարակվել ղազախ ժիրաուների, Շաքարիմի, Մաղժան Ժումաբաևի և այլ դասականների ստեղծագործություններ հայ ժամանակակից ճանաչված բանաստեղծներ Վ. Խաստուրի, Էդ. Միլիտոնյանի, Գ. Դավթյանի փայլուն թարգմանությամբ: Հատկանշական է, որ վերոհիշյալ անթոլոգիայի՝ Ա. Սաֆարյանի ծավալուն առաջաբանն առանց որևէ կրճատման (ռուսերեն թարգմանությամբ) հրատարակվել է «Պրոստոր» գրական հեղինակավոր պարբերականում:
Արարողության ժամանակ կարևորվեց նաև ԵՊՀ ՀՀԻ-ի և Հայաստանում Ղազախստանի դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային հեռավար համաժողովը՝ նվիրված հայատառ ղփչաղերեն ձեռագրերի համալիր ուսումնասիրությանը (վերոհիշյալ միջոցառմանը մասնակցել են հեղինակավոր միջնադարագետներ, լեզվաբաններ, արևելագետներ, աղբյուրագետներ ինչպես եվրասիական երկրներից, այնպես էլ հեռավոր արտերկրից):
Շ. Քոչարյանն ու Ա. Սաֆարյանը շնորհակալություն հայտնեցին Ղազախստանի նախագահին, դիվանագետներին ու ղազախ բոլոր գործընկերներին ստեղծագործական բազմամյա համագործակցության և իրենց համեստ ավանդի բարձր գնահատանքի համար: