- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏԱՏՅԱՆԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Հունվար 25, 2019 | 17:48
Կրթություն
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ՏԱՏՅԱՆԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Երևանում այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Տատյանայի օրվան։ 1755 թվականի հունվարի 23-ին ռուս կայսրուհի Ելիզավետա Պետրովնան Մոսկվայում համալսարան բացելու մասին հրաման ստորագրեց։ Համալսարանի հին շենքի մասնաշենքերից մեկում հիմնադրվեց Սուրբ Տատյանայի մատուռը, իսկ Սուրբը հռչակվեց ողջ ռուս ուսանողության հովանավոր։ Արդեն 19-րդ դարի կեսերին տոնը Մոսկվայի համալսարանի ուսանողների և դասախոսների տոնից վերածվեց ռուս մտավորականության տոնի:
Միջոցառումն անցկացվեց երեք փուլով։ Սկզբում հյուրերի համար կազմակերպվեց «մեդովուխա»-ի հյուրասիրություն, որը պատրաստվել էր Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորի բաղադրատոմսով։ Այնուհետև անցկացվեց միջբուհական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, իսկ վերջում տեղի ունեցավ խաղի ու հրավիրված բուհերի լավագույն ուսանողների հանդիսավոր մրցանակաբաշխությունը, որը եզրափակվեց համերգային ծրագրով։
Միջոցառման կազմակերպիչներն էին Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը, Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիան և Երևանում Մոսկվայի պետական համալսարանի ներկայացուցչությունը։
Մեզ հետ հարցազրույցում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի երիտասարդական և միջտարածքային համագործակցության բաժնի ղեկավար Սոսե Մարտիրոսյանն ասաց, որ Տատյանայի օրն ամենամյա միջոցառում է Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում, սակայն այն միջբուհական բնույթ է ստացել այս տարի, քանի որ միջոցառմանը մասնակցելու են հրավիրվել Հայաստանի մյուս բուհերը։
Մրցանակաբաշխության սկզբում բեմ հրավիրվեց Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի տնօրեն Սերգեյ Ալեքսեևիչը, ով ողջունեց ներկաներին և շնորհավորեց Տատյանայի օրվա կապակցությամբ։
«Այս օրն իրականում շատ յուրահատուկ է։ Եկեք շնորհավորենք նաև Մոսկվայի պետական համալսարանին իր ստեղծման հոբելյանի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ դուք այս օրն ուրախ անցկացնեք, հիշելու բան ունենաք և ձեզ տեր զգաք համալսարանում»,- ասաց նա։
Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղի գործադիր տնօրեն Սիմոն Սնգրյանը նույնպես միացավ շնորհավորանքներին և մաղթեց ուսանողներին հաճելի օր։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հաղթողներին մրցանակները հանձնելու համար բեմ բարձրացավ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Երևան քաղաքի մասնաճյուղի ուսխորհրդի նախագահը, ով նշեց, որ սա արդեն 4-րդ միջբուհական խաղն է Հայաստանի՝ ռուս բանասիրության ֆակուլտետ ունեցող 6 առաջատար բուհերի միջև։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում 3-րդ և 2-րդ տեղերը զբաղեցնելու համար պարգևատրվեցին Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող երկու թիմերը, իսկ առաջին տեղի համար մրցանակ ստացավ Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի թիմը։
Երևանի պետական համալսարանի թիմը նույնպես մասնակցել էր այդ խաղին։ Թիմի անդամներն էին Վարսենիկ Օհանյանը՝ Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահը, Ալլա Բաղդասարյանը՝ Կենսաբանության, Վահե Պետրոսյանը՝ Ռադիոֆիզիկայի, Արսեն Համբարձումյանը՝ Մաթեմատիկայի և մեխանիկայի ու Վլադիմիր Մազմանյանը՝ Իրավագիտության ֆակուլտետներից։
Ռուս բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Վարսենիկ Օհանյանը ysu.am-ին տված հարցազրույցում ասաց, որ շնորհավորում է ուսանողներին այս օրվա կապակցությամբ։
Խաղի մրցանակաբաշխությունից հետո բեմ բարձրացավ Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Մալխասյանը։
«Բարի՛ օր, թանկագի՛ն ընկերներ։ Շնորհավորում եմ ձեզ ու ընդունում շնորհավորանքներ, քանի որ ես նույնպես ուսանող եմ։ Այսօրվա մեր համերգը կրում է «Ուսանող՝ հիմա, անցյալում ու ապագայում» խորագիրը։ Այո՛, մենք բոլորս ուսանող ենք՝ անկախ նրանից՝ ավարտել ենք համալսարանը, թե ոչ»,- ասաց նա։
Ինչպես նախատեսված էր, սկսվեց խաղի մասնակից հայաստանյան համալսարանների ռուս բանասիրության ֆակուլտետների լավագույն ուսանողների մրցանակաբաշխությունը։ Դրա համար բեմ հրավիրվեց Սերգեյ Ալեքսեևիչը, որի առաջարկով յուրաքանչյուր համալսարանի լավագույն ուսանողի մրցանակը հանձնեց այդ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչը։
Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը շնորհավորեց բոլոր ուսանողներին այս տոնի կապակցությամբ. «Սա տոն է նաև մեզ համար։ Մենք հիշում ենք մեր ուսանողական տարիները, չէ՞ որ մենք միշտ չէ, որ այսքան ալեհեր ու մեծ ենք եղել, մենք էլ ենք ունեցել ուսանողական տարիներ։ Շնորհավորում եմ, ցանկանում, որ դուք էլ միշտ հիշեք այս տարիները»։
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի լավագույն ուսանող ճանաչվեց 4-րդ կուրսի ուսանողուհի Սյուզի Օվեյանը։
Լավագույն ուսանողներին մրցանակները հանձնելուց հետո սկսվեց տոնական համերգը, որը կազմակերպել էին Հայաստանում Ռուսաստանի բուհերի ուսանողների ասոցիացիան ու նրանց մշտական գործընկեր՝ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջը։
Մարինա Առաքելյան