- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ‹‹ՄԵՆԵՋՄԵՆԹ›› ԱՌԱՐԿԱՅԻՑ
Նոյեմբեր 25, 2019 | 16:25
Կրթություն
ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ԴԱՍ ‹‹ՄԵՆԵՋՄԵՆԹ›› ԱՌԱՐԿԱՅԻՑ
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› ԲԲԸ:
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս ուսանողներին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչի տեղակալ, նախաձեռնության կազմակերպիչ Աննա Հակոբջանյանն ասաց, որ այցի նպատակն է ուսանողներին ծանոթացնել ընկերության գործունեությանը, արտադրական գործընթացին, ինչպես նաև շրջայց կատարել թանգարանում և մասնակցել «Մենեջմենթ» առարկայից արտալսարանային դասի:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ավարտական կուրսի ուսանողները ‹‹Մեգերյան կարպետ›› ԲԲԸ-ի թանգարան այցելության ընթացքում ծանոթացան կազմակերպության գործունեությանն ու պատմությանը, ներկերի ստացման տեխնոլոգիաներին, ինչպես նաև տեղեկացան, որ դրանց ստացման տեխնոլոգիաներից 2-ն առևտրային գաղտնիք են, որոնցով ընկերությունը մրցակցային առավելություն ունի աշխարհում։
Շրջայցի վերջում ուսանողները հանդիպեցին ‹‹Մեգերյան կարպետ›› ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Լեոնիդ Անդրեասյանի հետ, որն անցկացրեց ինտերակտիվ դաս «Մենեջմենթ» թեմայով։ Վերջինս խոսեց ապրանքատեսակի իրացման շուկաների, ընկերության գործունեության կազմակերպման առանձնահատկությունների, անձնակազմի կառավարման ու մրցակցային առավելությունների մասին։
«Ես և ուսանողները տպավորված ենք։ Սա պատմամշակութային բավականին արժեքավոր այց էր»,- մեզ հետ զրույցում նշեց Ա.Հակոբջանյանը։
Մարինա Առաքելյան