- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Հոկտեմբեր 29, 2021 | 16:42
Հասարակություն
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի 4-րդ կուրսի ուսանողներ Լուսինե Դավթյանը և Լիլիթ Բաղդասարյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում՝ Սաարլանդի համալսարանում։ Մեզ հետ զրույցում նրանք պատմեցին իրենց հաջողությունների մասին։
Որպես «Էրազմուս+»-ի շահառուներ՝ ԵՊՀ ուսանողները ստանում են ամենամսյա կրթաթոշակ՝ կեցության կարիքները հոգալու համար։ Այժմ նրանք բնակվում են Սաարլանդի համալսարանի հանրակացարանում, որի պայմանները շատ հարմարավետ են. գլխավոր առավելությունն այն է, որ յուրաքանչյուր ուսանողի սենյակ ունի խոհանոց և սանհանգույց։ Հանրակացարանը գտնվում է համալսարանի հարևանությամբ։
«Սաարլանդի համալսարանը մի շարք առավելություններ ունի, որոնցից կընդգծենք ամենակարևորը. այն հնարավորություն է ընձեռում նոր գիտելիքներ ձեռք բերելու և դրանք կիրառելու՝ ժամանակակից սարքավորումներով հետազոտություններ կատարելու համար»,- պատմեցին նրանք։
Ուսանողներն ընդգծեցին արտերկրում ուսումնառության ընթացքում հանդիպած մի շարք դժվարություններ, օրինակ՝ անծանոթ միջավայրը, ապրելակերպը, որը, սակայն, դիտարկեցին նաև որպես առավելություն, քանի որ այն ինքնաարտահայտվելու և ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ է տալիս։
Լուսինեն ու Լիլիթը պատմեցին Գերմանիայում նշվող մի շարք տոների մասին՝ նշելով, որ իրենց համար խորթ է մեծ շուքով և տոնակատարություններով նշվող «Halloween»-ը։
Խոսելով իրենց առօրյայից՝ ուսանողները զարմանքով պատմեցին, որ Գերմանիայում կիրակին ոչ աշխատանքային է բոլորի՝ այդ թվում խանութների և սպասարկման այլ ոլորտի աշխատակիցների համար։
Նրանք անդրադարձան նաև արտերկրում ուսումնառության դրական կողմերին. «Որպես այս քաղաքի ժամանակավոր բնակիչներ՝ քաղաքապետարանը յուրաքանչյուրիս նվիրել է գրքույկ, որի մեջ կան տարբեր տոմսեր՝ հետաքրքիր և օգտակար ժամանցն ապահովելու համար։ Օրինակ՝ այդ տոմսերով մենք հնարավորություն ենք ունենում անվճար այցելելու քաղաքի պատմամշակութային վայրեր, կենդանաբանական այգի, կինո, օպերա և այլն»։
Լուսինեն ու Լիլիթը, իրենց փորձառությունից ելնելով, բոլոր այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել արտերկրում ուսումնառության փոխանակման ծրագրերին, խորհուրդ տվեցին անպայման դիմել, կատարել փորձի փոխանակում և ձեռք բերել նոր գիտելիքներ, որոնք հետագայում կարող են ծառայել ի նպաստ մեր երկրի բարօրության:
Նադեժդա Տեր-Աբրահամյան