- Գլխավոր
- Նորություններ
- «ERASMUS+ PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Դեկտեմբեր 20, 2018 | 18:00
Քաղաքականություն
«ERASMUS+ PRINTEL» ՆԱԽԱԳԾԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում «ERASMUS+ PRINTeL» նախագծի շրջանակում գործընկեր համալսարաններ վերապատրաստման մեկնած դասախոսները ԵՊՀ ղեկավարությանը ներկայացրին ձեռք բերած գիտելիքները և գործիքները:
Քննարկմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, Հետբուհական լրացուցիչ կրթության վարչության պետ Ժասմեն Աղասյանը:
ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի տեղակալ, Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը համառոտ ներկայացրեց ծրագիրը. «Հիմնական նպատակը կրթության գլոբալ մարտահրավերներից մեկի՝ դասավանդման և ուսումնառության արդիականացումն է ու հետագա զարգացումը դասավանդման գործընթացում նորարարությունների ներդրման միջոցով»:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչպես է հնարավոր սովորածը կիրառել ԵՊՀ-ում:
Արմեն Բուդաղյանը նշեց նաև, որ ըստ կնքված համաձայնագրի՝ վերապատրաստում անցած դասախոսները պետք է վերապատրաստեն և փորձը փոխանցեն իրենց գործընկերներին:
Ավստրիայի Գրաց քաղաքի Յոաններում կիրառական գիտությունների համալսարանում «Համակցված դասավանդում և ուսուցում» խորագրով դասընթացին մասնակցել էին Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Աննա Ալեքսանյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի ասիստենտ Արթուր Ավագյանը և Քիմիայի ֆակուլտետի դոցենտ Լիանա Գաբրիելյանը:
Աննա Ալեքսանյանը ներկայացրեց համակցված ուսուցման և դասավանդման գաղափարը.
«Միայն լսարանային միջոցներով դասավանդումն արդյունավետ լինել չի կարող: Ուսանողների կյանքում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը: Ներկայացնելով տարբեր երկրների համալսարանների փորձը՝ դուրս բերեցինք թերություններն ու առավելությունները»:
Ըստ նրա՝ դասընթացի ժամանակ կարևորվել են ծրագրավորված ուսուցման խթանման առցանց գործիքները:
«Հետաքրքիր է համադրել առցանց գործիքակազմը դասավանդման ավանդական մեթոդների հետ»,- նշեց Աննա Ալեքսանյանը:
Արթուր Ավագյանը խոսեց համակցված տարբերակի ընձեռած հնարավորությունների մասին՝ նշելով, որ այն ավելի թափանցիկ ու արդյունավետ է դարձնում աշխատանքը:
Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանում անցկացվող «Ակտիվ ուսուցում» կամ «Active Learning» խորագրով դասախոսների վերապատրաստման դասընթացին մասնակցել էին Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասիստենտ Գոհար Մադոյանը և դոցենտ Լիլիթ Սարգսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դոկտոր Կարեն Թռչունյանն և Աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Տիգրան Սարգսյանը:
Կարեն Թռչունյանն ասաց, որ այս մեթոդի կիրառումը թույլ է տալիս ներգրավել լսարանի 90 տոկոսը. «Մենք մշակեցինք միջգիտակարգային դասընթաց՝ հասկանալու մեթոդի առավելություններն ու թերությունները»:
Վերապատրաստման ընթացքում դասախոսները քննարկել են դասախոսի՝ որպես էլեկտրոնային մոդերատորի և ռեֆլեկտիվ իրականացնողի դերի առանձնահատկությունները, ինչպես նաև դրա հետ կապված սեփական լսարանում կիրառվող մեթոդների յուրահատկությունները:
Խումբը ներկայացրեց իր առաջարկությունները՝ ԵՊՀ-ում ակտիվ ուսուցումը զարգացնելու վերաբերյալ: Դրանցից էին առցանց հարթակների կիրառումը, դասախոսների համար ձեռնարկների ստեղծումը և այլն:
Լիլիթ Սարգսյանը նշեց, որ նմանօրինակ մեթոդների կիրառումը բարձրացնում է ուսանողների ներգրավվածությունը ծրագրերում:
Պորտոյի համալսարան մեկնած խումբը մասնակցել է «Տեսանյութերը` որպես դասավանդման գործիք դասախոսների և ուսանողների համար» խորագրով վերապատրաստման դասընթացներին:
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Մարինե Յաղուբյանը և Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Անի Սիմոնյանը խնդիրների մասին խոսելիս նշեցին, որ տեսանյութեր պատրաստելիս բարդություններ են ստեղծվում՝ կապված դասախոսների կաշկանդվածության, մի քանի անգամ փորձելու հետ:
Առավելությունների շարքում նրանք ընդգծեցին դասավանդման որակի վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությունը:
Շվեդիայի Լինշյոպինգի համալսարանում ԵՊՀ գիտական քարտուղար, քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ Մենուա Սողոմոնյանը, Սերվիսի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գոռ Ալեքսանյանը և Փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սերոբ Խաչատրյանը մասնակցել են «Ակտիվ ուսուցում շրջված դասարանում» վերապատրաստման դասընթացին:
Ներկայացնելով դասընթացի ընդհանուր էությունը՝ Մենուա Սողոմոնյանը նշեց՝ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ ուսանողը ցանկանա համալսարանում անցկացնել իր ազատ ժամանակը:
Անդրադառնալով ակտիվ ուսուցման մեխանիզմների կիրառման խնդիրներին՝ նա նշեց ուսանողների ծանրաբեռնվածության հարցը, ինչպես նաև թվային հմտությունների կիրառման ցածր մակարդակը թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների շրջանում: Առաջարկվեց ծանրաբեռնվածության նվազեցում, լսարանների վերակահավարում:
Սերոբ Խաչատրյանը նշեց, որ ձեռք են բերվել պլանավորման և տեխնոլոգիաների կիրառման հմտություններ:
Իրավագիտության ֆակուլտետի դոցենտ Աննա Մարգարյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նվարդ Մելքոնյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ Սիլվա Պետրոսյանը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի դասախոս Դիանա Բագիրյանը «Ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները դասավանդման գործընթացում՝ M-learning և gamification» խորագրով վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Բարսելոնայի համալսարանում:
Դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու Բարսելոնայի համալսարանում դասավանդման գործընթացում կիրառվող նորագույն մեթոդաբանությանը ու հատուկ գործիքներին՝ տարաբնույթ թվային հավելվածներին և ծրագրերին (Canva, Slido, Mentimeter, Kahoot, Sparc Video և այլն), որոնց օգտագործումը, ըստ նրանց, դասընթացը դարձնում է առավել հետաքրքիր, հիշվող ու ուսանելի ունկնդիրների համար:
Աննա Մարգարյանը նշեց, որ կարևոր է գիտակցել՝ ակտիվ ուսուցում և թվային տեխնոլոգիաները չեն կարող փոխարինել ավանդական մեթոդներին, այլ ուղղակի հանդես են գալիս որպես լրացում, օժանդակում:
Կարևորվում էին հավելվածների միջոցով լսարանի հետադարձ կապի ապահովումը: Բացի դրանից՝ հնարավորություն է ստեղծվում անհատական մոտեցում ցուցաբերելու:
Նվարդ Մելքոնյանը կարևորեց միջմշակութային շփումն արտասահմանյան տարբեր բուհերի գործընկերների հետ:
Սիլվա Պետրոսյանը նշեց, որ հաճախ կանխակալ կարծիք կա, որ խաղային տարրը զրկում է դասավանդումը լրջությունից, իսկ այս վերապատրաստումը տեսական հիմնավորում տվեց մեթոդի կիրառմանը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին՝ նշելով, որ ընտրվել են լավագույն ուժերը, որոնք պետք է դառնան փորձի փոխանցողը:
«Հետաքրքիր գաղափար է համալսարանում հարմարավետություն ստեղծելը: Մենք փորձում ենք այն իրագործել գրադարանում»,- ասաց ռեկտորը:
Նա խոսեց վիրտուալ իրականության լաբորատորիայի ներդրման մասին՝ միաժամանակ վերհիշելով, որ ներկայացված մեթոդներից շատերն այս կամ այն կերպ գոյություն են ունեցել խորհրդային տարիներին:
Վերապատրաստման մեկնած դասախոսները քննարկեցին մոտիվացիոն գործիքները, ուսանողների և դասախոսների ներգրավվածության մակարդակի բարձրացումը:
Մարի Ռաֆյան