- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Հունվար 19, 2022 | 16:53
Հասարակություն
ԵՊՀ ԱՆԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ԴՈՑԵՆՏ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ
Համալսարանական երկարատև բեղմնավոր գործունեության, համալսարանական կրթության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և ծննդյան 77-ամյակի կապակցությամբ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ԵՊՀ ոսկե մեդալով է պարգևատրել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Սվետլանա Վարդանյանին:
3 մենագրության, 10 գրքի և ավելի քան 50 գիտական աշխատանքի հեղինակ Սվետլանա Վարդանյանը 1966 թ. ի վեր աշխատում է ԵՊՀ-ում՝ ավելի քան 55 տարի իր ներդրումն ունենալով երիտասարդ սերունդների կրթության և դաստիարակության գործում:
Հ. Հովհաննիսյանը բարձր գնահատեց Ս. Վարդանյանի տարիների վաստակը, գործունեությունը և նվիրումը՝ փաստելով, որ նա միշտ պատասխանատվությամբ և սիրով է վերաբերել իր գործին: ԵՊՀ ռեկտորը փաստեց, որ հենց Ս. Վարդանյանի նման մասնագետներն են, որ իրենց հսկայական փորձով, գիտնականի վառ տաղանդով և անառարկելի հեղինակությամբ հարստացնում են բուհն ու նպաստում դրա զարգացմանը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը շնորհակալություն հայտնեց Հ. Հովհաննիսյանին՝ վաստակաշատ դասախոսի ավանդը գնահատելու համար: Նա ուշագրավ համարեց հանգամանքը, որ Ս. Վարդանյանն արժանանում է այս պարգևին իր ուսանողի դեկանության օրոք:
Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը նույնպես մատնանշեց Ս. Վարդանյանի ունեցած մեծ ավանդը գիտության և ուսուցման մի շարք ուղղությունների զարգացման ու երիտասարդ կադրերի պատրաստման գործում: Նա նաև փաստեց, որ ԵՊՀ դոցենտը մեծ ներդրում ունի ամբիոնի կայացման գործում:
ԵՊՀ ռեկտորը Սվետլանա Վարդանյանին հանձնեց ԵՊՀ ոսկե մեդալը՝ նրան ցանկանալով քաջառողջություն, ուժ և եռանդ:
Ս. Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով ռեկտորին, նրան նվիրեց իր մենագրությունը և Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի անգլերեն իր թարգմանությունը, որը միակն է ամբողջ աշխարհում: Նա շնորհակալություն հայտնեց նաև Գևորգ Բարսեղյանին և Սեդա Գասպարյանին՝ իր գործունեությունն ըստ արժանվույնս գնահատելու համար, ապա հավելեց, որ ստացած պարգևը շատ պարտավորեցնող է և խոստացավ առավել եռանդով շարունակել աշխատանքն ու շռայլել իր գիտելիքներն ուսանողներին: