- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՇՎԵԴ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ՀԵՐԲԵՐԹ ՅԱԿՈԲՍՈՆԸ ԵՎ ՅԱՆԵՐԻԿ ԼՈՒՆԴՔՎԻՍՏԸ
Դեկտեմբեր 06, 2019 | 13:07
Հասարակություն
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՇՎԵԴ ՊՐՈՖԵՍՈՐՆԵՐ ՀԵՐԲԵՐԹ ՅԱԿՈԲՍՈՆԸ ԵՎ ՅԱՆԵՐԻԿ ԼՈՒՆԴՔՎԻՍՏԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում դեկտեմբերի 5-ին դասախոսություններով հանդես են եկել Լինշոփինգի համալսարանի պրոֆեսորներ Հերբերթ Յակոբսոնը և Յաներիկ Լունդքվիստը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի և Շվեդիայի Լինշոփինգի համալսարանի միջև հաստատված միջազգային համագործակցության արդյունքում ԵՊՀ այցելած շվեդ պրոֆեսորները հանդես են եկել «Իրավունք և բարոյականություն» ու «Միջառարկայական կրթության և հետազոտության արդիականությունը» խորագրերով դասախոսություններով:
«Պետության և իրավունքի տեսություն» առարկայի ժամանակ առաջինկուրսեցիների համար կարդացված դասախոսության ընթացքում Լինշոփինգի համալսարանի պրոֆեսոր Հերբերթ Յակոբսոնն անդրադարձել է իրավունքի և բարոյականության հարաբերակցության հարցին` նշելով, որ իրավունքը բարոյականությունից անկախ գոյություն ունենալ չի կարող, և որ այս երկու հասարակական երևույթներն աչքի են ընկնում միասնությամբ և փոխկապվածությամբ:
«Եվ միայն այս հանգամանքները հաշվի առնելու դեպքում է հնարավոր իրավական նորմերի օրինականացումը: Հասարակության համար արդար կարող են համարվել միայն իրավական այն նորմերը, որոնք համապատասխանում են տվյալ հասարակության բարոյական գաղափարներին, ունեն բարոյական արմատներ, հենասյուներ»,-նշել է պրոֆեսորը:
Նա նաև առանձնացրել է Շվեդիայում պոզիտիվ իրավունքի լեգիտիմությունը և որակյալությունն ապահովող հիմնական չափանիշները, որոնցից են պոզիտիվ իրավունքի նորմերի համապատասխանությունը բարոյական նորմերին, դրանց համընդհանրությունը, հստակությունն ու որոշակիությունը:
Յաներիկ Լունդքվիստն էլ, «Գիտական հետազոտության հիմունքներ» առարկայի ընթացքում դասախոսություն կարդալով երկրորդկուրսեցիների համար, շեշտել է, որ ցանկացած ասպարեզում հաջողության հասնելու գլխավոր գրավականը ոչ միայն մասնագիտական խորը գիտելիքների ձեռքբերումն է, այլև համագործակցությունն այլ բնագավառների հետ և միջմասնագիտական ու միջգիտակարգային կրթությունը:
«Ես կատարել եմ ուսումնասիրություններ` բացահայտելու, թե ինժեներական մեծ ընկերությունները ինչ գիտելիքներով մասնագետների կարիք ունեն: Ակնկալում էի, որ նրանք կպահանջեն մասնագիտական խորը գիտելիքներ, բայց պատասխաններն ինձ անակնկալի բերեցին: Նրանք իրենց ինժեներներից պահանջում են հետևյալ երեք կարողությունները. կարողանալ աշխատել մարդկանց հետ, որոնց ատում են, սեփական գիտելիքները մյուսներին փոխանցելու կարողություն, ինչպես նաև այլ մշակույթի, այլ ազգի ներկայացուցիչների հետ աշխատելու ունակություն: Այս պահանջների հիման ես մշակել եմ ինժեներական կրթության նոր ծրագիր, որով ուսանողներին, բացի մասնագիտական առարկաներից, ուսուցանվում են նաև հոգեբանություն, մշակույթ, երաժշտություն և այլն»,- նշեց նա:
Պրոֆեսոր Յաներիկ Լունդքվիստի հավաստմամբ, դասախոսները միայն օգնում են ուսանողներին, ճանապարհ ցույց տալիս, սակայն հիմնական բեռը դրված է հենց ուսանողների ուսերին. «Կրթական համակարգն առավել ճկուն դարձնելու համար անհրաժեշտ է ներդնել ընտրովի առարկաներ, ուսանողին հնարավորություն տալ առարկաների ամրագրված ցանկից ընտրելու նրանք, որոնք ինքն է ցանկանում ուսումնասիրել»:
«Երբեք մի՛ վախեցեք նորը ստեղծելուց, մի՛ վախեցեք տարբերվող ձևով մտածելուց, և ամենակարևորը՝ մի՛ վախեցեք պարտությունից, քանզի պարտությունն է ամենամեծ ուսուցիչը. այն մեզ հնարավորություն է տալիս վերլուծելու մեր սխալները և ուղղելու դրանք»,- ասաց պրոֆեսորը:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը նշեց, որ սեմինար-քննարկումների ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ուսանողների համար ուղեցույց կլինեն, որպեսզի նրանք լավ սովորեն, թե՛ իրավաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեության ընթացքում դուրս չգան բարոյականության տիրույթից:
Նա փաստեց նաև, որ ԵՊՀ այցելած շվեդ պրոֆեսորների հետ Իրավագիտության ֆակուլտետում ընթանում են բանակցություններ՝ համատեղ կրթական ծրագիր հիմնելու ուղղությամբ:
Պատրաստեց Քնար Միսակյանը