- Գլխավոր
- Նորություններ
- ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Նոյեմբեր 06, 2018 | 16:49
Կրթություն
ԳԵՐՄԱՆԻԱՅԻՑ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԴԱՍԱԽՈՍԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Մանրէաբանական կենսատեխնոլոգիայի միտումները» խորագրով դասախոսությունների շարքը, որը շարունակվելու է մինչև նոյեմբերի 8-ը:
Դասախոսների, երիտասարդ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես եկավ հրավիրյալ դասախոս, Գերմանիայի Մարթին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանի պրոֆեսոր Գարի Սովերսը:
Դասախոսությունների շարքը կազմակերպվել է Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի, Մանրէաբանության կենսատեխնոլոգիայի և կենսավառելիքի նորարարական կենտրոնի և Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) փոխհամագործակցության շրջանակում:
Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասիստենտ, Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող, կենսաբ. գիտ. դոկտոր Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դասախոսությունների նպատակն է ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ներկայացնել մանրէաբանական կենսատեխնոլոգիայի ոլորտին առնչվող վերջին զարգացումները և նորարարական մոտեցումները:
Կարեն Թռչունյանի խոսքով, նմանաբնույթ դասախոսությունները նպաստում են ուսանողների և դասախոսների փորձի փոխանակմանը, համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև նոր գիտելիքների փոխանցմանը և ձեռքբերմանը:
Նա նաև հայտնեց, որ Գարի Սովերսը Կենսաբանության ֆակուլտետում արդեն երկու անգամ հանդես է եկել տարբեր դասախոսություններով և շատ տպավորված է հայ ուսանողների ընդունակություններով: «Համագործակցության արդյունքում ես և Գարի Սովերսը հրատարակել ենք համատեղ ակնարկային հոդվածներ, ինչպես նաև Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի աշխատակիցները փոխանակման տարբեր ծրագրերով հնարավորություն են ունեցել այցելելու Գերմանիայի Մարթին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարան»,- հավելեց Կ. Թռչունյանը:
Մինչ դասախոսությունը սկսելը՝ պրոֆեսոր Գարի Սովերսը մասնակիցներին նախ ներկայացրեց Մարթին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանի ֆակուլտետները, այնտեղ հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորությունները և միջազգային համագործակցության ծրագրերը:
Գարի Սովերսը մեզ հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ-ի և Մարթին Լյութերի անվան Հալլե-Վիթենբերգի համալսարանի համագործակցությունը լինելու է շարունակական. «Ուսանողների և դասախոսների համար նման ձևաչափի դասախոսությունները շատ կարևոր են, քանի որ նրանք կենսաքիմիայի և կենսաէներգետիկայի վերաբերյալ ստանում են հիմնարար գիտելիքներ, ինչպես նաև դասախոսների պարտականություններից ամենակարևորն է ուսանողներին սովորեցնել մտածել և նոր մեթոդներ յուրացնելը»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան