- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԵՎ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ՉԻՆԱՐԵՆԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ. ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ՅԱՆ ՄԵՅԽՈՒԱՅԻՆ
Օգոստոս 30, 2019 | 14:10
Հասարակություն
ԵՊՀ-Ի ԵՎ ԿՈՆՖՈՒՑԻՈՒՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԵՊՀ-ՈՒՄ ՉԻՆԱՐԵՆԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ. ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆ ՅԱՆ ՄԵՅԽՈՒԱՅԻՆ
ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն այսօր ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուային շնորհակալագիր և հուշամեդալ հանձնեց երկարատև համագործակցության և աջակցության համար:
Հանդիպմանը, որին ներկա էր նաև ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի տնօրեն Գոռ Սարգսյանը, Արթուր Իսրայելյանը փաստեց, որ երկու կառույցների միջև համագործակցությունն արդյունավետ է եղել՝ նպաստելով ԵՊՀ-ում չինարենի ուսումնական գործընթացի ներդրմանը և չինական մշակութային արժեքների տարածմանը:
«Ակնհայտ է, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և Կոնֆուցիուսի ինստիտուտի միջև համագործակցությունը մեծ զարգացում է ապրել, որի համար շնորհակալություն եմ հայտնում և ուզում եմ ուրախությամբ փաստել, որ այն ոչ միայն բարելավվել է, այլև ընդլայնվել: Ուսումնական նոր տարվա մեկնարկից չինարենն ուսումնասիրվելու է նաև ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում»,- ասաց Արթուր Իսրայելյանը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում այլ ֆակուլտետներում ևս կուսուցանվի չինարենը:
Յան Մեյխուան, որը տեղափոխվելու է ՌԴ-ի Նովոսիբիրսկ քաղաք՝ որպես չինական կողմի տնօրեն՝ ղեկավարելու այնտեղի Կոնֆուցիուսի ինստիտուտը, մեզ հետ զրույցում պատմեց, որ ԵՊՀ-ի հետ համագործակցությունը սկիզբ է դրվել Արթուր Իսրայելյանի շնորհիվ:
«Նրա ջանքերով 2015 թվականին ԵՊՀ-ում բացվեց Չինարենի և չինական մշակույթի կենտրոնը, որը դարձավ մեր հուսալի գործընկերը: Համագործակցության ընթացքում համատեղ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ: Հուսով եմ՝ համագործակցությունը կշարունակվի, իսկ արդյունքներն ավելի տպավորիչ կդառնան»,- ասաց Յան Մեյխուան:
Հանդիպման ավարտին Արթուր Իսրայելյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի անունից շնորհակալագիր և համալսարանի 100-ամյակի հոբելյանի շրջանակում թողարկված հուշամեդալ հանձնեց Յան Մեյխուային՝ ԵՊՀ-ում չինարենի ներդրմանը և տարածմանը, մշակութային ու ճանաչողական մի շարք միջոցառումների իրականացմանն աջակցելու համար:
Քնար Միսակյան