- Գլխավոր
- Նորություններ
- ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 03, 2018 | 18:21
Հասարակություն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Չարենցի անվան լսարանում տեղի ունեցավ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից կազմակերպած «Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով հանրային քննարկում:
Հանդիպմանը ներկա էին քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների, հասարակական միավորումների անդամներ, դասախոսներ, ուսանողներ:
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ներկայացուցիչ Լարիսա Մինասյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ աշխարհում նմանաբնույթ քննարկումները կատարվում են և պետք է կատարվեն համալսարաններում՝ համալսարանականների անմիջական մասնակցությամբ. «Համալսարանում պետք է հավաքված լինի ամենաառաջադեմ միտքը»:
Նա ներկայացրեց բանախոսներին և օրակարգը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանդես եկավ «Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունն իշխանությունների տարանջատման սկզբունքի ու մարդու իրավունքների պաշտպանության համար» ելույթով՝ խոսելով այն մասին, որ կրթական ինստիտուտը պետք է օրինակ հանդիսանա բաց լինելու տարբեր մտքերի ու կարծիքների համար, քանի որ առանց դրա հնարավոր չէ մտքի զարգացումը:
Ըստ բանախոսի՝ հանրային քննարկումների այս շարքի նպատակն այն է, որ քաղաքացիական հասարակությունն առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի առջև բարձրացնի այն խնդիրները, որոնք կարևոր են մեր հասարակության համար:
Նա խոսեց պետական ինստիտուտների փոխհարաբերակցության, մարդու իրավունքներն ամրագրող օրենքների, սահմանադրական նորմերի հետ կապված մի շարք խնդիրների մասին:
Փաստաբան Վահե Գրիգորյանը ելույթ ունեցավ անցումային արդարադատության մասին՝ նշելով, որ այն համալիր միջոցառումների իրականացում է, որի նպատակն է կիսաավտորիտար և ավելի խիստ ռեժիմ ունեցող երկրներում անցում կատարել դեպի ժողովրդավարություն: Այս ամենը, որպես կանոն, ենթադրում է նոր մարմինների ստեղծում: Վահե Գրիգորյանը նշեց նաև, որ անցումային արդարադատությունը դառնալու է թե՛ ակադեմիական, թե՛ հանրային քննարկումների առարկա:
«Պետության զավթումից ազատագրումը» ելույթով հանդես եկավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ ներկայացնելով տարբեր մակարդակներում տեղի ունեցած զավթումները և դրանց աղերսված խնդիրները:
«Ակնկալում եմ, որ նոր խորհրդարանը պարտավոր է հանրային քննարկումների ու բանավեճի դուռ բացել: Պետք է քննարկել այն ամենը, ինչ եղել է»,- ասաց նա:
Քննարկում ծավալվեց կրթության իրավունքի ոտնահարման և դրա դեմ ուղղված միջոցառումների շուրջ, անդրադարձ կատարվեց մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների խնդիրներին:
Մարի Ռաֆյան