- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ Է». ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Հոկտեմբեր 01, 2021 | 17:49
Հասարակություն
«ՄԱՆԿԱՎԱՐԺԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳՈՒ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆ Է». ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Ամեն տարի՝ հոկտեմբերի 2-ին, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը նշում է Սոցիալական մանկավարժի միջազգային օրը, որն աշխարհում նշվում է 2009 թվականից՝ համաձայն Կոպենհագենում տեղի ունեցած սոցիալական մանկավարժների 17-րդ համագումարում մասնակից 44 երկրների կողմից միաձայն ընդունված որոշման: Այս տարի մասնագիտական տոնը կենտրոնում նշել են այսօր:
Աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ամեն տարի այս օրն իրականացվում են բազմապիսի միջոցառումներ՝ նվիրված սոցիալական մանկավարժության արդի հիմնախնդիրներին:
2010-11 թթ. ուստարվանից ԵՊՀ մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ բացված «Սոցիալական մանկավարժություն» բակալավրիատի կրթական ծրագրի ուսանողները ևս անմասն չեն մնում մասնագիտական օրը նշելուց: Ուսանողները կազմակերպում և իրականացնում են հանդիսավոր միջոցառումներ, հանդես գալիս սոցիալական մանկավարժի մասնագիտությանը վերաբերող զեկուցումներով: Խորհրդանշական օրը տեղի է ունենում «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի առաջինկուրսեցիների երդման արարողությունը:
Այսօր տեղի ունեցած միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը: Նրա խոսքով, հանրակրթական դպրոցներում, ընտանիքներում երեխաների առջև ծառացած են տարաբնույթ խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ են նվիրյալ սոցիալական մանկավարժներ: Նա բացատրեց ապագա մասնագետներին, թե որոնք են լինելու նրանց մասնագիտական առաքելությունն ու կոչումը:
Այնուհետև տեղի ունեցավ առաջինկուրսեցիների երդման արարողությունը: Ապագա մասնագետները երդվեցին լինել արհեստավարժ մանկավարժներ, նվիրյալ, աջակցող և սրտացավ մասնագետներ, օգտակար լինել երեխաների տարաբնույթ խնդիրների լուծման գործում, լինել համբերատար, հանդուրժող և պաշտպանել երեխաների իրավունքները:
Երդման արարողությունից հետո չորրորդ կուրսի ուսանողներն առաջինկուրսեցիներին նվիրեցին խորհրդանշական կրծքանշաններ և վզկապներ:
Միջոցառման երկրորդ մասում արդեն ուսանողները 3 խմբային ելույթներով ներկայացրին սոցիալական մանկավարժի մասնագիտության առանձնահատկությունները՝ ցույց տալով տեսանյութեր, որոնք ավելի պատկերավոր դարձրին սոցիալական մանկավարժի առաքելությունը:
Քնար Միսակյան