- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
Հունվար 19, 2021 | 21:03
Հասարակություն
Մշակույթ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Շնորհանդեսին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, մտավորականներ, արվեստագետներ, դասախոսներ։
Միջոցառումը մեկնարկեց գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի սրբազան աղոթքով և օրվա օրհնությամբ։
Տավուշի թեմի առաջնորդը նշեց, որ ընտրված օրը խորհրդանշական է, քանի որ այսօր Երուսաղեմում Սուրբ ծննդյան կամ Ջրօրհնության տոնակատարությունն է տեղի ունենում. «Քրիստոսը, որը ծնված է և շարունակում է ծնվել, անքննելի է․ դրա վառ արտահայտությունն այսօրվա ցուցահանդեսն է։ Նա մարդկությանը տեսանելի է արվեստագետների ստեղծագործությունների միջոցով, որոնք, ըստ էության, նրանց հավատքի դիմագծերն են ներկայացնում։ Մարդը տեսել է աստծուն այնպես, ինչպես պատկերել է՝ իր հույզերով, ապրումներով, նույնիսկ ցեղային կամ ազգային պատկանելիության որոշ յուրահատկություններով»։
Բագրատ սրբազանն ասաց, որ աստծուն պատկերելու և մարդկանց ներկայացնելու համարձակությունը մեր եկեղեցու ազատությունը բնորոշող խորհրդանիշ է. «Այլ կրոններում աստծուն չեն ներկայացնում պատկերով և դիմագծերով։ Մեր եկեղեցում պատկերագրությունը մշտապես պաշտամունքի և հարգանքի առարկա է եղել։ Մերօրյա իրականության մեջ, այն էլ այս պայմաններում չափազանց կարևոր են պատկերների միջոցով ստացած կենդանի տպավորությունները»։ Նա շնորհակալություն հայտնեց «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը և միջոցառումը կազմակերպելու համար։
Անդրադառնալով միջոցառման կարևորությանն ու արդիականությանը՝ ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդն ունի միասնական լինելու, մի գաղափարի շուրջ հավաքվելու և գործելու անհրաժեշտություն։
«Յուրաքանչյուր ոք պետք է հստակ քայլեր ձեռնարկի՝ մեր երկիրը ստեղծված իրավիճակից հանելու և այն ավելի լավը դարձնելու համար,- նշեց կենտրոնի տնօրենը և հավաստիացրեց, որ այդ գործում կարևոր է նաև մշակույթի դերը,- ազգային մշակույթը դարեր ի վեր եղել և շարունակում է մնալ հայապահպանության հիմքերում»։
Ըստ Կարինե Դավթյանի՝ այս միջոցառումը հայ արժեքների պահպանման ու ներկայացման վառ օրինակ է։
Հենց այս նպատակով ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի և ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանի ջանքերով ստեղծվել է Հայ մշակույթի միջազգային ասոցիացիան։
Շնորհակալական խոսքով հանդես եկավ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանը։ Վերջինս նշեց, որ այս բարդ ժամանակներում նմանօրինակ ցուցահանդեսները և՛ կարևոր, և՛ օգտակար են. «Այս կտավները կօգնեն մեզ ներդաշնակվել ինքներս մեզ հետ, մեզ տեսնել, հասկանալ։ Դրանք կնպաստեն նաև մեր հոգևոր մաքրմանը»։
Շնորհանդեսի ավարտին աշխատության հեղինակ Սաթենիկ Վարդանյանը ներկայացրեց գրքի բովանդակությունը, արդիականությունը և կարևորությունը։
Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանն արվեստում կատարած անգնահատելի աշխատանքների և ունեցած բացառիկ դերի համար շնորհակալագիր հանձնեց Սաթենիկ Վարդանյանին՝ նրան շնորհելով Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամի կոչում։
Միջոցառումն ամփոփվեց ավանդական գինեձոնի արարողությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում`
Անգին Խաչատրյան