- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 48 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
Հոկտեմբեր 12, 2021 | 17:40
Գիտություն
ԵՊՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 48 ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԵԼ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հրապարակել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը, ըստ որի՝ ֆինանսավորվելու է ԵՊՀ-ի ներկայացրած 48 գիտական թեմա:
ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում, համաֆինանսավորման սկզբունքով, կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար կտրամադրի դրամաշնորհներ մրցութային կարգով ընտրված գիտական նախագծերին:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանն ասաց, որ հաստատված թեմաների քանակով ԵՊՀ-ն բուհերի մեջ առաջինն է, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից հետո: Ըստ Երանուհի Մանուկյանի՝ այս արդյունքը ևս մեկ անգամ փաստում է, որ ԵՊՀ-ն գիտական արտադրանքի ծավալով առաջատար բուհն է Հայաստանում:
Երանուհի Մանուկյանը տեղեկացրեց, որ մրցույթին 4-6 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի նախաձեռնությամբ ներկայացվել են «Բնական գիտություններ», «Ճարտարագիտություն և տեխնոլոգիա», «Բժշկական գիտություններ», «Գյուղատնտեսական գիտություններ» բնագավառներին համապատասխանող գիտական նախագծեր, որոնք ունենալու են 24 ամիս տևողություն՝ այնուհետև ևս 12 ամիս երկարացման հնարավորությամբ:
Գիտական քաղաքականության վարչության պետը նշեց, որ թեմաներն ընտրվել են գիտական փորձաքննությամբ, որի ժամանակ գնահատվել են հայտի գիտական և գիտատեխնիկական նորույթն ու արդիականությունը, հետազոտական խմբի ղեկավարի և կատարողների ձեռքբերումները գիտական ու գիտատեխնիկական գործունեության տվյալ բնագավառում, նրանց մասնագիտական որակավորումը և տվյալ գիտական նախագծի պատշաճ կատարման կարողությունը:
«Հաշվի են առնվել նաև գիտական նախագծի իրականացման նախադրյալները, փուլերն ու ժամկետները, նախահաշվի հիմնավորվածությունը, համաֆինանսավորման ծավալը, առևտրայնացման հեռանկարը, ինչպես նաև ՀՀ տնտեսության կարիքների բավարարմանն ուղղված լինելը»,- ասաց Երանուհի Մանուկյանը:
Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ: