- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԵՎՍ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Փետրվար 13, 2020 | 16:58
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԵՎՍ ԱՅՍՕՐ ՆՇՎՈՒՄ Է ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
ԵՊՀ ուսխորհրդի նախաձեռնությամբ այսօր նախ Սև շենքի, ապա Կենտրոնական մասնաշենքի դիմաց տեղի է ունեցել Տեառնընդառաջին նվիրված միջոցառում:
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսխորհրդի նախագահ Նարեկ Մարգարյանը, ողջունելով ուսանողներին, նշեց, որ իրենց ֆակուլտետը որոշել է այս տարի առաջին անգամ նշել հայոց եկեղեցու տոներից մեկը՝ Տեառնընդառաջը, որի խորհուրդը բացատրելու և ներկաներին օրհնելու համար հրավիրել են Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Տեր Առնակ քահանա Հարությունյանին:
«Տեառնընդառաջի տոնն այսօր երեկոյան է՝ ժամերգությունից հետո, իսկ վաղը՝ բուն տոնակատարությունը, խարույկ վառելու հետ կապված ժողովրդական ավանդությունը նույնպես այսօր երեկոյան է կատարվում»,- ասաց Տեր Առնակ քահանան:
Ըստ եկեղեցու սպասավորի՝ տոնի խորհուրդը հետևյալն է. երբ ծնողները մանուկ Քրիստոսին բերեցին ընծայելու եկեղեցուն, Սիմեոն անունով մի ալեհեր ծերունի ընդառաջ եկավ ու գրկեց մանուկ Քրիստոսին՝ փառաբանելով Աստծուն, որ իր աչքերով տեսավ Փրկչին, այսինքն՝ Տեառնընդառաջը Տիրոջն ընդառաջ գնալու խորհուրդն ունի իր մեջ:
«Այս տոնակատարության կազմակերպումը գովելի և գնահատելի է այնքանով, որ յուրաքանչյուրդ ևս մեկ անգամ առիթ եք ունենալու՝ անդրադառնալու ձեր քրիստոնեական կերպարին. մաղթում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրն ընդառաջ գնա Քրիստոսին՝ ճանաչելով նրան և ընդունելով նրա ներկայությունն իր կյանքում»,- նշեց քահանան:
Տեր Առնակ քահանան փաստեց, որ ձևավորվել է նաև ժողովրդական ավանդություն՝ կրակ վառելու հետ կապված, որն ուղղակիորեն տոնի խորհրդի հետ կապ չունի. «Կրակի հետ կապված՝ երկու բացատրություն կարող եմ ներկայացնել. ըստ Գրիգոր Տաթևացու՝ կրակի վրայով թռչելով՝ մենք ցույց ենք տալիս, որ զրադաշտությունն այլևս չկա, տրորվում է մեր ոտքերի տակ, երկրորդ՝ կրակի վրայից թռչելով՝ մաքրագործման խորհուրդն ենք ուզում ցույց տալ, քանի որ Սուրբ հոգին՝ որպես կրակ, մաքրագործում և սրբագործում է յուրաքանչյուրիս»:
Տոնի խորհուրդը բացատրելուց հետո ներկաները միասին արտասանեցին Տերունական աղոթքը, ինչից հետո ուսանողները շուրջպար բռնեցին խարույկի շուրջը, իսկ վերջում ցատկեցին խարույկի վրայով:
Հասմիկ Ասլանյան