- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Մարտ 22, 2019 | 18:36
Հասարակություն
«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈՒԼՈՒՄ»․ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ն այսօր հյուրընկալել էր «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press - The New York Times» գրքի հեղինակներին՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբան, գերաշնորհ հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանին և ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանին, որոնք նախ հանդիպեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ, այնուհետև Պալեանների անվան դահլիճում հանդես եկան գրքի կազմման և հրատարակման մասին ելույթով։
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց Մխիթարյան միաբանության ներկայացուցիչներին և ասաց, որ ուրախ է հյուրընկալել նրանց համալսարանում։
«Ես բարձր եմ գնահատում ձեր կատարած աշխատանքը և հուսով եմ, որ այն կնպաստի ցեղասպանագիտության զարգացմանն ու ուսանողների առջև կբացի անհայտ էջեր»,- հանդիպման ընթացքում ասաց պարոն Սիմոնյանը։
Ռեկտորը նշեց նաև, որ համալսարանում ևս տպագրվել են բազմաթիվ գրքեր ցեղասպանության մասին, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացրել։
ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպումից հետո հայր Վահան Օհանյանը և Արա Քաթիբյանը ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում հանդիպեցին համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ, ներկայացրին գրքի ստեղծման պատմությունն ու պատասխանեցին հարցերին։
Մինչ սկսելը՝ Մխիթարյան միաբանության ներկայացուցիչ Արա Զարգարյանը ողջունեց հյուրերին ու ներկայացրեց բանախոսներին, այնուհետև մի փոքր պատմեց գրքի մասին. «Այս գրքում ներկայացված են ամերիկյան մամուլում լույս տեսած 2666 հոդվածներ, որոնցում անդրադարձ է կատարվել 1894-1896 թթ. համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին»։
Հայր Վահան Օհանյանը ողջունեց բոլորին ու շնորհակալություն հայտնեց՝ իրենց այս պատվական հարկի տակ հյուրընկալելու համար։ Նա խոսեց տպագրված երեք հատորների մասին և ասաց, որ նախատեսում են ևս 8-ը տպագրել, որոնցում ընդգրկելու են ամերիկյան ամենահայտնի թերթերում Հայոց ցեղասպանության մասին լույս տեսած հոդվածներ ։
«Մեր միասնական աշխատանքը 12 տարի տևեց: Այն սկսվեց «The New York Times»-ից։ Մենք փորձել ենք հավաքել ամենանշանավոր թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»: Հուսով ենք, որ մինչև տարեվերջ բոլոր հատորները լույս կտեսնեն»,- ասաց Վահան Օհանյանը։
Նա խոսեց գրքում տեղ գտած հոդվածների մասին, ուսանողների խնդրանքով ներկայացրեց դրանցից մի քանիսը։ Նա պատմեց, որ կա հոդված, որում գրված է, թե ինչպես գաղթած հայերը, մյուս գաղթյալների նկարները տեսնելով միայն, սիրահարվում էին ու իրենց սիրելիների նկարը ձեռքներին,փնտրում էին նրանց։
Ավստրալահայ գործիչ Արա Քաթիբյանը խոսեց գրքի հրատարակման դժվարությունների մասին՝ նշելով, որ ամիսների աշխատանքից հետո միայն նրանք կարողացան սովորել նյութերը հավաքելու ճիշտ ձևը։ Նա ներկաներին տեղեկացրեց, որ բացի նրանից, որ հոդվածներն արխիվային էին ու ոչ թվայնացված, կային նաև սխալներ՝ կապված անունների ու տեղանունների հետ։ Նա նշեց, որ հոդվածները իրենց տրամադրվել են ոչ անվճար՝ ամեն մեկը 10 դոլարով։
Բանախոսները շնորհակալություն հայտնեցին այն բարերարներին, որոնք օգնել են գիրքը տպագրելիս ու նշեցին, որ հենց այդ պատճառով էլ գիրքը նախատեսված չէ վաճառքի համար։
Բանախոսությունից հետո հյուրերը պատասխանեցին հետաքրքրվածների մի շարք հարցերին։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Գևորգ Գյուլումյանը հարցրեց՝ արդյո՞ք գիրքը նախատեսվում է թարգմանել հայերեն։ Հայր Վահան Օհանյանն ասաց, որ շատ ուրախ կլինի, եթե անգլերեն իմացող մարդիկ վերցնեն հոդվածները ու թեկուզ առանձին-առանձին թարգմանեն դրանք։
«Ես շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք այս գիրքը հայերեն թարգմանել և տպագրել»,- ասաց նա։
ԵՊՀ ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք Թուրքիայում այս գիրքն արդեն կա, բանախոսները պատասխանեցին, որ գիրքն այնտեղի համապատասխան գիտակրթական հաստատություններ դեռ չեն ուղարկել, բայց վստահ են, որ գրքի մասին տեղյակ են, քանի որ արդեն կան արձագանքներ։
Բանախոսները խոսեցին նաև այն մասին, որ գրքում առկա հոդվածներում կարելի է տեսնել, որ ամերիկացիները Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց «ճաշը նվիրում էին հայերին» (նկատի ունենալով ճաշի համար ծախսվելիք գումարը):
«Այսօրվա իմ պատգամը ձեզ. ուզում եմ, որ դուք հպարտ զգաք ձեզ՝ որպես այս սերնդի զավակներ, և երբեք թույլ չտաք նույնիսկ մեկ օրով մոռանալ այն, ինչ տեղի ունեցավ mեր ժողովրդի հետ»,- ասաց Վահան Օհանյանն։
Հանդիպման վերջում տեսապատկերի գրքի հեղինակները ներկայացրին թերթերից վերնագրեր և հատվածներից մեջբերումներ, որոնք ինքնին ապացուցում են Հայոց ցեղասպանության փաստը:
Մարինա Առաքելյան