- Գլխավոր
- Նորություններ
- «ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Նոյեմբեր 17, 2018 | 22:44
Հասարակություն
«ՎԱՐԴԱՆԱՆՔ» ԱԿՈՒՄԲԸ ՀԱՆԴԻՊԵՑ ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն այսօր հյուրընկալվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար, ֆիզ.մաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Արտակ Ցուցուլյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց օրվա առթիվ․
«Ապագան ձեր ձեռքերում է, և ձեզնից յուրաքանչյուրն ունի հայրենիքը դեպի լավը փոխելու պատասխանատվությունը։ Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է փորձենք դառնալ ավելի լավը, ավելի խելացի, ավելի համարձակ, ավելի հայրենասեր։ Հայրենասիրությունը վերացական կատեգորիա չէ, այն առօրյա վարքն ու գործն է»։
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը նշեց, որ այսպիսի տոները հիանալի առիթ են շփումների ու համագործակցության համար։ Նա ներկայացրեց ակումբի ստեղծման պատմությունը և առաքելությունը։
«Երբ համալսարան են գալիս զոհված ազատամարտիկների ուսանող զավակները, մենք անում ենք ամեն ինչ՝ օգնելու հաղթահարել հոգեբանական բարդ իրավիճակը»,- նշեց Սաթենիկ Աբրահամյանը։
Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, բ․գ․թ․, դոցենտ Վաչագան Ավագյանը, միանալով շնորհավորանքներին, ասաց, որ օրը խորհրդանշական է, և ուսանողները հնարավորություն ունեն լսելու իրապես հայրենասեր մարդկանց։
«ԱՍԱԼԱ»-ի «Վան» ռազմագործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը ներկայացրեց գործողությունը՝ պատմելով դատի, բանտարկության տարիների և դեպքերից հետո իր կյանքի մասին։
Հանդիպմանը ներկա էին նաև Պատմության ֆակուլտետի զոհված ուսանող, հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը՝ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի փոխնախագահ Ռուզաննա Կրպեյանը, Պատմության ֆակուլտետի զոհված ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանի քույրը՝ Աննա Բախշյանը և Իրավագիտության ֆակուլտետի զոհված ուսանող-ազատամարտիկ Տիգրան Սարգսյանի կինը՝ Լուսինեն։
Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր հնչեցրին հայրենասիրության, դրա դրսևորումների մասին, այնուհետև մասնաճյուղի ուսանողներն ու ակումբի ներկայացուցիչները քննարկեցին անդամակցության և համագործակցության հարցը։
Մարի Ռաֆյան