- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է «VIDEO GAME LAB» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
Փետրվար 16, 2022 | 15:37
Հասարակություն
ԵՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾԱՐԿՎՈՒՄ Է «VIDEO GAME LAB» ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ
ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել « Video Game lab» լսարանի բացումը, որը նախատեսված է տեսախաղերի մշակման աշխատանքների համար:
Բուհ-մասնավոր հատված համագործակցության շրջանակում ստեղծված յուրօրինակ լսարանի բացումը հնարավոր է դարձել ԵՊՀ-ի և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի փոխգործակցության արդյունքում:
«Ուրախ ենք, որ Մայր բուհում այսպիսի լսարան է բացվում: Նշանակում է, որ բիզնես-կրթություն փոխգործակցությունն ընդլայնվում է, առանց որի հնարավոր չէ պատկերացնել որակյալ կրթություն: Մենք շարունակելու ենք մեր ուսանողների համար լավագույն պայմաններ ստեղծել, իսկ մասնավոր հատվածն էլ իր հերթին նպաստելու է բուհում որակյալ կադրեր պատրաստելու գործընթացին»,- միջոցառման հանդիսավոր բացման արարողության ժամանակ նշեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ուսանողների հորդորեց ակտիվ լինել:
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ի, ինչպես նաև Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարությանը գործընկերության առաջարկն ընդունելու համար. «Բիզնես հատվածի ու կրթական ոլորտի սերտ համագործակցությունն իսկապես փոխշահավետ է: Մենք շատ բարձր ենք գնահատում փոխգործակցությունը մասնավորապես Մայր բուհի հետ, վստահ ենք, որ արդյունքները տեսանելի կլինեն»:
Միջոցառման ավարտին «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն և «Երիտասարդների զարգացում» ծրագրի գործընկեր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին:
«Կարևոր է, որ այս լաբորատորիան հենց ԵՊՀ-ում է, քանի որ ունենում ենք ուսանողների հետ ուղիղ շփման, նրանց հմտությունները զարգացնելու հնարավորություն: Վստահ եմ, որ հետագայում այս լսարանում մասնագիտացած ուսանողները կարողանալու են սկսել իրենց սեփական ստարտափները»,- նշեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արթուր Փոքրիկյանը:
Վարդուհի Զաքարյան