- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ». ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԶԻԿԱՅԻ ՀՍԿԱՆԵՐԻՆ
Հոկտեմբեր 22, 2018 | 16:46
Ուսանողական
«ՄԻԱՍԻՆ ԲԱՑԱՀԱՅՏԵՆՔ ՄԵՐ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ». ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՖԻԶԻԿԱՅԻ ՀՍԿԱՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Կոնֆերենց դահլիճում տեղի ունեցավ հայ անվանի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանի և Արտեմ Ալիխանյանի 110-ամյակին նվիրված ուսանողական միջոցառում:
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության և «SPIE YSU student chapter»-ի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակն էր համալսարանականներին ներկայացնել տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկի՝ Վիկտոր Համբարձումյանի և ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն (1943-1973 թթ.) Արտեմ Ալիխանյանի կյանքն ու գիտական գործունեությունը:
Ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամ Աննա Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ միջոցառմանը, բացի ուսանողներից, հրավիրված պրոֆեսորադասախոսական կազմի և Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի ներկայացուցիչները գիտնականների կներկայացնեն այլ լույսի ներքո՝ պատասխանելով ուսանողների հարցերին:
Միջոցառման մասնակիցների միջև անվանի գիտնականներին նվիրված ֆիլմի դիտումից հետո քննարկում սկսվեց: Մասնավորապես Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն Գագիկ Բրուտյանն ու աշխատակից Մարտիկ Հովհաննիսյանն անդրադարձան մեծ գիտականի կյանքին ու գործունեությանը, իսկ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալիտա Դանագուլյանն էլ պատասխանեց Արտեմ Ալիխանյանին վերաբերող հարցերին:
Այնուհետև ուսանողների համար կազմակերպվել էր գիտահանրամատչելի խաղեր, որոնց հաղթողները խրախուսական նվերների արժանացան: