- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ
Մայիս 18, 2018 | 16:26
Մշակույթ
ԵՊՀ ԹԱՆԳԱՐԱՆՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ ԱՅՑԵԼՈՒ
Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ը, նշում է աշխարհի ավելի քան 150 երկիր: Այս տոնական օրվան ընդառաջ թանգարաններում այցելուների թիվը մեծապես ավելանում է:
Հայաստանի թանգարանների շարքում առանձնահատուկ են Հայաստանի բուհական համակարգի թանգարանները, որտեղ ցուցադրվում են ինչպես համալսարանների հիմնադրման պատմությունները, այնպես էլ նվիրյալների գրական վաստակն ու ավանդները:
Երևանի պետական համալսարանի պատմության թանգարանը Հայաստանի Հանրապետությունում բուհական գործող ամենամեծ թանգարանն է: 1995-ի հունվարի 1-ից այն դարձավ ինքնուրույն կառուցվածքային միավոր և կոչվեց Երևանի պետական համալսարանի պատմության թանգարան: Հիմնադիր տնօրենը պատմաբան Լյուդվիգ Ղարիբջանյանն էր:
ԵՊՀ պատմության թանգարանի հիմնադրման նախապատմությունը
Դեռևս 1957-ին անվանի իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանն առաջ քաշեց այն գաղափարը, որ համալսարանում պետք է հիմնել մի կառույց, որտեղ կլուսաբանեն համալսարանի պատմությունը, երախտավորների, անվանի մարդկանց, նվիրյալների աշխատությունները, անձնական իրերը: Եվ ռեկտոր Գագիկ Դավթյանը պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանին հանձնարարեց իրագործել այս գաղափարը: Սկզբում դա սոսկ աշխատասենյակ էր, իսկ աշխատողներն ընդամենը երկուսն էին, և Լյուդվիգ Ղարիբջյանը, ով ըստ էության դարձավ թանգարանի հիմնադիրը, աշխատակից Սեդա Սարգսյանի հետ հավաքեց թանգարանի առաջին մասունքները: 1965-ին աշխատասենյակը տեղափոխվեց ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի հինգերորդ հարկ:
ԵՊՀ պատմության թանգարանն այսօր
Թանգարանը մշտապես եղել է համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը կարևորեց ռեկտոր Արամ Սիմոնյանի ներդրումը թանգարանի կայացման գործում: «Գուցե դրան նպաստել է ռեկտորի պատմաբան լինելը: Ռեկտորի աջակցությամբ թանգարանը 2009 թ.-ին վերանորոգվեց և հանրությանը ներկայացավ նոր ցուցադրությամբ»,-հավելեց նա:
Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է ԵՊՀ-ի գործունեությունը` սկսած 1919 թ.-ից մինչև մեր օրերը:
Թանգարանում կարելի է տեսնել համալսարանի անվանի պրոֆեսորների ընծայագրերով հազվագյուտ գրքեր ու գիտական աշխատություններ, դասախոսությունների և հուշերի ձայնագրություններ, համալսարանի պատմությանը վերաբերող արխիվային կարևորագույն փաստաթղթեր, լուսանկարներ, ֆիլմեր:
Հեղինե Գասպարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ցուցադրությունը սկսվում է համալսարանի ստեղծման պատմությունից. «Թանգարանի անբաժան մասն են կազմում երախտավորների ձեռագրերը, դասախոսների ձեռագիր դասագրքերը, որոնք եղել են ուսանողների կրթության ապահովման առաջին հենասյունները: Թանգարանն ունի հնագիտական բաժին, որտեղ ներկայացված է մի հավաքածու, որը ստեղծվել է Պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնի դասախոսների և ուսանողների պեղումների արդյունքում հայտնաբերած նյութերի հիման վրա: Առանձնացրել ենք Հայրենական պատերազմին մասնակցած համալսարանականների և Արցախյան հերոսներին նվիրված փոքրիկ անկյուն: Թանգարանն ունի նաև ուսանողական անկյուն, որտեղ փակցված են ԵՊՀ ուսանողների, ինչպես նաև Ապրիլյան պատերազմին մասնակից հերոսների լուսանկարները»:
ԵՊՀ թանգարանի տնօրենը նշեց՝ թանգարանը պարբերաբար կազմակերպում է ինչպես շրջիկ ցուցադրություններ, այնպես էլ միջոցառումներ: «Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում է կազմակերպել, որին մասնակցում էին ուսանողներ, դասախոսներ, իսկ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված բաց դասի շրջանակում դասախոսները հանդես եկան նաև զեկուցումներով: Այս միջոցառումները ևս մեկ անգամ ապացուցեցին, թե որքան կարևոր էր համալսարանի հիմնադրումը, քանի որ ԵՊՀ-ն դարձավ հետցեղասպանական շրջանի հայ ժողովրդի հոգևոր վերածննդի առաջին հիմնաքարը»,- ասաց Հ. Գասպարյանը:
Թանգարանը համագործակցում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի, Հայաստանի ազգային արխիվի, Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ, որոնց շնորհիվ վերականգնվել են բազմաթիվ փաստաթղթեր, առարկաներ, արձանագրություններ:
Գասպարյանը հավելեց նաև, որ ԵՊՀ-ի 100-ամյակին նախատեսվում է թանգարանի դահլիճի բացումը, որի ժամանակ կցուցադրվեն համալսարանի՝ տարբեր առիթներով ստացած հուշանվերները: Տնօրենը վստահեցրեց, որ թանգարանում այցելություններ մշտապես եղել են և շարունակվում են. «Ոչ միայն այս օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում թանգարանն ունենում է շուրջ երկու հազար այցելու, որոնց թվում են և՛ ուսանողներ, և՛օտարերկրացիներ, և՛ աշակերտներ: Ես հատկապես կարևորում եմ աշակերտների այցերը թանգարան, քանի որ նրանց մասնագիտության ընտրության հարցում համալսարանը նոր ուղի է բացում»:
Երկար տարիների ընթացքում ձեռք բերած գիտական նվաճումների և աշխարհի բազմաթիվ երկրների համալսարանների հետ ունեցած համագործակցային կապերի շնորհիվ Երևանի պետական համալսարանն արժանացել է միջազգային լայն ճանաչման:
«Ես հպարտությամբ ուզում եմ խոսել համալսարանի երեք առաքելությունների մասին. համալսարանի հիմքի վրա ստեղծվեց Հայաստանի բարձրագույն կրթության համակարգը, և պատահական չէ, որ համալսարանը կոչվում է Մայր բուհ: Համալսարանի հիմքի վրա են ստեղծվել այլ համալսարաններ, դրանք բոլորը համալսարանի զավակներն են: Համալսարանը տվեց մի այնպիսի գիտնականների աստղաբույլ, որոնք մեծ ճանաչում ունեցան ոչ միայն մեր երկրում, այլև մեր հայրենիքի սահմաններից դուրս՝ Նորայր Սիսակյան, Արտաշես Շահինյան, Մխիթար Ջրբաշյան, Գուրգեն Սահակյան, Գևորգ Ջահուկյան, Մկրտիչ Մկրյան և այլք: Եվ, վերջապես, համալսարանը դաստիարակում է այնպիսի սերունդ, որն իր կյանքն անգամ չի խնայի հայրենիքի համար, հենց դրա վառ ապացույցն են ապրիլյան հերոսները»,- հավելեց Հեղինե Գասպարյանը: