- Գլխավոր
- Նորություններ
- ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
Նոյեմբեր 15, 2019 | 16:02
Մշակույթ
ԱՄՓՈՓՎԵՑ «ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՍԵՐՆԴԻ ՁԱՅՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունիսի 10-ից 14-ը ԵՊՀ մշակույթի կենտրոնում անցկացվող «Անկախության սերնդի ձայնը» խորագրով մրցույթ-փառատոնին մասնակցել է ՀՀ 13 բուհի 150 մասնակից:
Մասնակիցներն իրենց ստեղծագործությունները ներկայացրել են երկու ուղղություններով՝ ստեղծագործական, որը ներառել է կոմպոզիտորական, գրական, կերպարվեստի, լուսանկարչության և կիրառական արվեստի մրցույթներ, և կատարողական, որն էլ ներառել է երգի, ասմունքի, թատերական, պարային և գործիքային մրցույթներ:
Մասնակիցներից 75-ը հավաստագրեր են ստացել մրցույթ-փառատոնի տարբեր անվանակարգերում, 27 հաղթողները ստացել են մրցանակներ՝ առաջին, երկրորդ, երրորդ տեղերը զբաղեցնելու համար, 7 մասնակիցներ ստացել են խրախուսական մրցանակներ, իսկ 3-ը՝ հատուկ մրցանակ:
Բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ԵՊՀ հիմներգով, իսկ գեղարվեստական մասն ապահովեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի նվագախումբը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը, ՀՀ վաստակավոր նկարիչ Աննա Հարությունյանը, մշակութային գործիչներ, երաժիշտներ և արվեստասերներ:
Ներկաներին ողջունեց և մրցույթ-փառատոնի կարևորության մասին խոսեց ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը. «Այս մրցույթ-փառատոնը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի և Արցախի բուհերը հանդես են գալիս միասնական ու համախմբված մեկ նպատակի շուրջ. այն է՝ խորացնել ու զարգացնել մշակութային համագործակցությունը»:
Վերջինս մրցանակաբաշխության ընթացքում առաջին հորիզոնականը զբաղեցրած ուսանողներին պարգևատրեց ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առթիվ թողարկված արծաթե հուշադրամներով:
Մրցանակաբաշխության ընթացքում հաղթող ճանաչված և հավաստագրերի արժանացած մասնակիցները հանդես եկան մշակութային կատարումներով:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նշեց, որ նախատեսվում է «Անկախության սերնդի ձայնը» երիտասարդ ստեղծագործողների մրցույթ-փառատոնն ավելի ընդգրկուն դարձնել:
«Մեր նպատակն է ընդլայնել այս միջոցառման ձևաչափը՝ ընդգրկելով նաև օտարերկրյա ուսանողներին»,- նշեց Կ. Դավթյանը: