- Գլխավոր
- Նորություններ
- «ՑԱՎՈՔ, ԱՅԺՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱՅՍԻՆՔՆ` ՄԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵԼ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔ ԿԻՐԱՌԵԼ, ԲԱՅՑ ԳՈՐԾԻՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ». ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Հունվար 23, 2020 | 14:59
Գիտություն
«ՑԱՎՈՔ, ԱՅԺՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԸ ԵՎՍ ՇԱՐԺՎՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿՈՎ, ԱՅՍԻՆՔՆ` ՄԵՆՔ ՄԱՐԴՈՒՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՈՉ ԹԵ ՄՏԱԾԵԼ, ԱՅԼ ԳՈՐԾԻՔ ԿԻՐԱՌԵԼ, ԲԱՅՑ ԳՈՐԾԻՔ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ». ԴԱՎԻԹ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Դավիթ Հայրապետյանի հետ խոսել ենք ստեղծարարության (կրետիվության) զարգացման մեթոդների, հիմնախնդիրների և դպրոցի անհրաժեշտության մասին:
- Կրեատիվության սահմանումը տարբեր գրքերում տարբեր է, այնուամենայնիվ, եթե փորձենք ի մի բերել՝ ի՞նչ է կրեատիվությունը:
- Նախ ուզում եմ ճշտում անել. բավական երկար ժամանակ է, որ ես զբաղվում եմ կրեատիվության հարցով, և երբ եկավ ժամանակը, որ ես պետք է այդ թեմայով գիտական աշխատանքներ ներկայացնեի, որոշեցինք, որ լավ կլինի՝ «կրեատիվությունը» ունենա հայկական անվանում: Ես ինքս դիմեցի Լեզվի կոմիտե, և վերջինիս կողմից հաստատվեց «ստեղծարարություն» համարժեքը:
Սա լավ առիթ է մարդկանց ևս մեկ անգամ կոչ անելու օգտագործել «ստեղծարարություն» բառը:
Ինչ վերաբերում է սահմանումներին, ապա գոյություն ունի ստեղծարարության սահմանման մոտ 50-60 տարբերակ:
Խնդիրն այն է, թե հեղինակներն այս երևույթը որ կողմից են մեկնաբանում:
Այստեղ կարևոր է հասկանալ՝ մենք գործ ունենք գործընթացի, առանձնահատկության, թե արդյունքի հետ:
Կան հեղինակներ, որոնք ստեղծարարությունը դիտարկում են որպես գործընթաց, ինչպես, օրինակ, մտածողությունը կամ երևակայությունն են, որոշ հեղինակների համար էլ ստեղծագործարարությունն առանձնահատկություն է, այդ դեպքում հարց է ծագում, թե արդյոք այն բնավորության գիծ է, թե խառնվածքի առանձնահատկություն:
Որոշ հեղինակների կարծիքով էլ, ստեղծարարությունն արդյունք է: Այսինքն՝ մենք չենք տեսնում, թե մարդն ինչպես է դրան հանգել, փոխարենը մենք տեսնում ենք այդ աշխատանքի արդյունքը, օրինակ՝ խելացի հեռախոսը կամ սովորական գրիչը:
Ինչպես կարելի է հասկանալ, այս թեմայի վերաբերյալ կան երեք տարբեր մոտեցումներ, և դրանք կարող են ունենալ ամենաքիչը երեք տարբեր սահմանումներ:
Մինչ այսօր էլ չկա մի այնպիսի տեսություն, որը կսահմանի ստեղծարարությունը:
Բայց ես ինքս՝ որպես տեսաբան և մարդ, որը երկար տարիներ զբաղվել է ստեղծարարության խնդրով, հակված եմ մտածելու, որ ստեղծարարությունը հատկություն կամ առանձնահատկություն է:
Այսինքն՝ այն դասվում է անձին բնորոշ հատկությունների շարքին:
Ավելի լավ ուսումնասիրելով՝ մենք հասկանում ենք, որ գոյություն ունեն անձի առաջնային հատկություններ, օրինակ՝ պարտաճանաչությունը, ճշտապահությունը, ազնվությունը:
Ստեղծարարությունը պատկանում է ինտեգրալ հոգեկան երևույթների շարքին:
Այստեղ մենք գործ ունենք էլի հատկությունների հետ, որոնք, սակայն, ձևավորվել են այլ հատկությունների հիման վրա: Այսինքն՝ մենք առնչվում ենք մի կարգ բարձր հոգեկան երևույթների հետ:
Այնուամենայնիվ, եթե փորձենք ստեղծարարությունը սահմանել, ապա ես կողմնակից եմ այն սահմանմանը, որ ստեղծարարությունն անձի ինտեգրալ հատկություն է, որը ձևավորվում է այլ հոգեկան հատկությունների հիման վրա և անձի կողմից իրավիճակի նորովի մոտեցման հատկությունն է:
- Գոյություն ունի՞ արդյոք այնպիսի մի բանաձև, որով կարելի է զարգացնել ստեղծարարությունը:
- Իհարկե, բանաձևեր կան, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե մարդը ստեղծարարության որ տեսության կամ մոտեցման կողմնակիցն է:
Իմ թեկնածուական աշխատանքում ես անդրադարձել եմ շախմատիստների ստեղծարարության զարգացմանը:
Իմ գիտական աշխատանքով ես ապացուցեցի, որ կան որոշակի մեթոդներ, որոնցով շարունակական աշխատանքի դեպքում մարդն արդեն իսկ կարող է նկատել ստեղծարարության փոփոխությունը:
Այդպիսի մեթոդներից մեկը խնդրի կառուցքավորման և քննարկման մեթոդն է՝ «mind mapping»-ը (մտավոր քարտեզ), որով մարդիկ փորձում են «քարտեզավորել» իրենց մտքերը:
Այն շատ հաճախ օգտագործվում է բիզնես ծրագրերում կամ առօրյա աշխատանքում:
Եթե մարդը շարունակաբար խնդիրները լուծում է «mind mapping»-ի օգնությամբ, ապա ստեղծարարության փոփոխություններ էին նկատվում:
Կա նաև «brainstorming»-ի կամ մտքերի տարափի մեթոդը, որն օգտագործվում է մտքերի ստեղծման համար, բայց դրան զուգահեռ, եթե դու շարունակաբար մասնակցում ես մտքերի ստեղծմանը, ապա աստիճանաբար ունենում ես ավելի ճկուն մոտեցում խնդիրների լուծման գործընթացում:
Քանի որ ստեղծարարությունը որպես այդպիսին նաև սոցիալական երևույթ է, ուստի դժվար է մենակ հասնել ստեղծարար արդյունքի: Հասարակությունն այդ գործընթացին նույնպես պետք է մասնակցի, քանի որ խնդրի լուծման նոր տարբերակը պետք է նաև ինչ-որ տեղ սպառվի:
- Ի՞նչ կապ կա ստեղծարարության և «կոմֆորտի» գոտու միջև:
- 1900-ականների սկզբին կային հոգեբաններ, որոնք ասում էին, որ կա խնդրի լուծման երկու մոտեցում՝ պրոդուկտիվ և ռեպրոդուկտիվ:
Մարդը հակված է ռեպրոդուկտիվ մոտեցման:
Ըստ ռեպրոդուկտիվ մոտեցման՝ մարդը սովորում է մի բան և հետագայում նոր խնդիր ունենալիս կիրառում իր սովորածը:
Սա մեր «կոմֆորտի» գոտին է:
Պրոդուկտիվ լուծումները գալիս են այն ժամանակ, երբ ռեպրոդուկտիվները չեն բավարարում:
Ենթադրենք՝ ուզում ես ինչ-որ բան գրել, բայց գրիչ չկա: Արդեն մտածում ես այլընտրանքի մասին:
Այսինքն, երբ մարդն իր «կոմֆորտի» գոտում չի կարողանում գտնել իրեն հուզող խնդրի պատասխանը, սկսում է ստեղծարար լուծումներ փնտրել, նորը ստեղծել:
- Որո՞նք են ժամանակակից ստեղծարարության հիմնախնդիրները:
- Իմ ամենասիրած հեղինակներից մեկը՝ Էդվարդ դը Բոնոն, ասում էր, որ մեզ համար խնդրի և՛ պրոդուկտիվ, և՛ ռեպրոդուկտիվ լուծումները կարևոր են:
Բայց դպրոցում մեզ սովորեցնում են խնդրի միայն ռեպրոդուկտիվ տարբերակը, մեր առաջադրանքն է դպրոցն ավարտելուց հետո աշխատել պրոդուկտիվ մտածողությունը զարգացնելու ուղղությամբ:
Ցավոք, այժմ համալսարանները ևս շարժվում են դպրոցի օրինակով, այսինքն՝ մենք մարդուն սովորեցնում ենք ոչ թե մտածել, այլ գործիք կիրառել, բայց գործիք ստեղծել չենք սովորեցնում:
Ստեղծարարության ամենակարևոր մարտահրավերներից մեկն աշակերտի կամ ուսանողի համարա գործիք ստեղծելու հնարավորություն ստեղծելն է:
Երբ նա հայտնվի որևէ մարտահրավերի առջև, փորձի այն հաղթահարել իր իսկ ստեղծած գործիքներով:
Անի Պողոսյան