- Գլխավոր
- Նորություններ
- «Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հոկտեմբեր 12, 2021 | 19:16
Ուսանողական
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթն ավանդաբար անցկացվող «Արի մրցենք» ծրագրի ֆակուլտետային փուլն է, որի հաղթող թիմին տրվում է հնարավորություն մրցելու արդեն միջֆակուլտետային պայքարում:
Մրցույթի մեկնարկին Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Գոհար Ավագյանն ասաց, որ թեև իրավաբանների համար մասնագիտական գիտելիքները շատ կարևոր են, բայց դրանց արդյունավետ յուրացման և հետագա կիրառման համար պետք են հենքային գիտելիքներ. «Այսօրվա մարտահրավերն էլ հիմնված է հենց այդ գիտելիքների վրա: Փորձելու ենք հասկանալ, թե ինչքանով ենք պատրաստ մրցույթի հաջորդ փուլին պատվով ներկայացնել ֆակուլտետը»:
Գոհար Ավագյանը հայտնեց, որ չնայած մրցույթը ներֆակուլտետային էր, բայց պայքարի մեջ եղել են այլ ֆակուլտետների ուսանողներից ձևավորված թիմեր, որոնց գրանցած արդյունքները հետագա փուլին մասնակցելու համար հաշվի չեն առնվել:
Այսօրվա խաղ-մրցույթն անցկացվել է 3 փուլով, որոնցից յուրաքանչյուրի ժամանակ մասնակիցները պատասխանել են 12 հարցի: Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխան գնահատվել է 1 միավոր: Առավելագույն միավորներ հավաքած թիմերը համապատասխանաբար զբաղեցրել են մրցանակային հորիզոնականները:
«Ատլանտա» թիմը զբաղեցրել է առաջին, «10-րդ լեգեոն» թիմը՝ երկրորդ, իսկ «Նժդեհ» թիմը՝ երրորդ հորիզոնականը:
Ի դեպ, «Independence» թիմը, որի ներկայացուցիչներն այլ ֆակուլտետների ուսանողներ էին, հաղթող թիմի հետ կիսեց առաջին հորիզոնականը և պարգևատրվեց Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի կողմից:
Քնար Միսակյան