- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
Դեկտեմբեր 18, 2019 | 15:46
ԱՐԱԲԵՐԵՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Երկանյանների անվան լսարանում այսօր նշվել է Արաբերենի միջազգային օրը:
Արաբագիտության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը, ՀՀ-ում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերը, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջ Իբրահիմը, ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին և դեսպանության առաջին քարտուղար Ահլամ Ռաշիդ ալ-Սալամին, ՀՀ-ում Իրաքի Հանրապետության երկրորդ քարտուղարը և ՀՀ արտգործնախարարության ներկայացուցիչներ:
Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը:
Վերջինս շնորհակալություն հայտնեց ներկաներին այս օրն իրենց հետ անցկացնելու կապակցությամբ և նշեց, որ ուրախ է այն փաստի առթիվ, որ միջոցառումը պարբերական բնույթ է կրում:
Այնուհետև հյուրերին ողջունեց ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը՝ շնորհակալություն հայտնելով դեսպաններին միջոցառմանը ներկա գտնվելու համար:
«Պետք է նշեմ, որ Արաբագիտության ամբիոնը, բացի լեզվի դասավանդումից, ուսումնասիրությունների լայն շրջանակ և գիտահետազոտական ներուժ ունի արաբական երկրների ուսումնասիրության, իսլամագիտության, հայ-արաբական պատմական առնչությունների ուսումնասիրման տեսանկյունից»,- ասաց ԵՊՀ պրոռեկտորը:
Ներկաներին ողջունեց նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
Վերջինս շնորհավորեց Արաբերենի միջազգային օրվա կապակցությամբ և փաստեց, որ արաբերենն այն կապող օղակն է, որն Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում տարիներ շարունակ միավորում է բոլորին:
«Այս միջոցառումն արդեն պարբերական բնույթ է կրում,- ասաց պարոն Մելքոնյանը,- և այսօր տոն է ոչ միայն մեր արաբ բարեկամ ժողովուրդների, այլև Արաբագիտության ամբիոնի համար, քանի որ արաբերենն ամբիոնում մասնագիտորեն է ուսումնասիրվում»:
Ռուբեն Մելքոնյանը փաստեց, որ հենց Արաբագիտության ամբիոնն է ծնունդ տալիս հանրապետության լավագույն արաբագետներին, դիվանագետներին և վերլուծաբաններին, որոնք, լավ ծանոթ լինելով արաբական մշակույթին, դառնում են այդ մշակույթի դեսպաններն աշխարհում:
Այնուհետև ուսանողները ներկայացրին Արաբերենի միջազգային օրվա ընդունման պատմությունը՝ նշելով, որ այսօր Արաբերենի միջազգային օրվա 7-րդ տարեդարձն է, և արաբերենը ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է:
Արաբերենն աշխարհում ամենատարածված լեզուներից է, և լեզվի նմանօրինակ տարածվածությունը նպաստելու և նպաստում է, որ ուսանողներն ամենայն պատրաստակամությամբ ձեռնամուխ լինեն արաբերենը սովորելու գործին:
Արաբագիտության բաժնի ուսանողները միջոցառման ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով, ներկայացրին նաև տեսահոլովակ արաբական երկրներ կատարած իրենց այցելությունների մասին՝ ցուցադրելով ուսանողական առօրյան: