- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Նոյեմբեր 27, 2019 | 15:58
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԽ-Ն ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՅՑԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ՈՒԽ համագումարը՝ օրակարգային 4 հարցով:
Համագումարն ՈՒԽ բարձրագույն մարմինն է, որին ձայնի իրավունքով մասնակցում են բոլոր պատվիրակները, ֆակուլտետային ՈՒԽ-ների նախագահները, ինչպես նաև լիազոր ներկայացուցիչները:
ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, զեկուցելով օրակարգային առաջին հարցը, համագումարի հաստատմանը ներկայացրեց ՈՒԽ նախագահության կազմը՝ ներկայացնելով անդամներին՝ ըստ ֆակուլտետների, ինչը հաստատվեց ձայների մեծամասնությամբ:
Անցնելով օրակարգային երկրորդ հարցին՝ Դավիթ Ափոյանը ներկայացրեց ՈՒԽ տարեկան հաշվետվությունը՝ փաստելով, որ հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թ. դեկտեմբերի 1-ից 2019 թ. նոյեմբերի 26-ը, կազմակերպվել է 384 միջոցառում, որից 239-ը կազմակերպվել են ֆակուլտետների, իսկ 145-ը՝ հանձնաժողովների կողմից:
Անդրադառնալով կարևոր միջոցառումներին՝ ՈՒԽ նախագահն առանձնացրեց «ԵՊՀ ուսանողների զարգացման ծրագիր-3»-ը, որին մասնակցել է 60 ուսանող և ձեռք բերել ծրագրեր գրելու հմտություններ, «ԵՊՀ ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները 2019»-ը, որի նպատակն է խթանել ուսանողների մասնակցությունը ներհամալսարանական հասարակական կյանքին, ուսանողներին փոխանցել համապատասխան տեղեկատվություն և հմտություններ, ինչպես նաև «Առաջինկուրսեցիների իրազեկման ծրագիր»-ը, որին այս տարի մասնակցել է 2.500 առաջինկուրսեցի և համալսարանական կյանքը սկսել առավել իրազեկված ու ինքնավստահ:
«Կազմակերպվել են մի շարք գիտաճանաչողական այցեր, այդ թվում՝ Արցախ, մշակութային և սպորտային միջոցառումներ, հանդիպումներ, քննարկումներ և այլն: Բացի դրանից՝ ԵՊՀ ՈՒԽ-ի կողմից կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված ԵՊՀ 100 և ՈՒԽ 25-ամյակներին, որոնք տեղի են ունեցել ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում: Այս ժամանակահատվածում կազմակերպվել է ուսանողների ձմեռային և ամառային հանգիստը, և երկարատև դադարից հետո վերսկսվել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԽ-ի հետ փորձի փոխանակումը»,- ասաց Դավիթ Ափոյանը:
Նրա փոխանցմամբ, հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել նաև «Բանակում 2019» ծրագիրը, որին մասնակցել է 100 ուսանող, ինչպես նաև «Ծրագրային հեքեթոն 2019» միջազգային ձևաչափով անցկացված ծրագիրը, որին մասնակցել է շուրջ 90 ուսանող և 24 ժամ անցկացրել համալսարանում՝ կազմելով նոր ծրագրեր. «Ընդհանուր առմամբ, այս ընթացքում մեր միջոցառումներին մասնակցել է 9.810 ուսանող»:
Դավիթ Ափոյանն անդրադարձավ նաև Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողների կողմից կազմակերպված դասադուլին՝ նշելով, որ կառույցը հրապարակել է իր պաշտոնական դիրքորոշումը:
«Մեզ շատ են հարցնում՝ կո՞ղմ ենք դասադուլին, թե՞ ոչ: Այս հարցի վերաբերյալ մենք ունենք հետևյալ մոտեցումը. մոտ երկու շաբաթ առաջ մենք նախաձեռնեցինք հավաք՝ ի նշան ուսանողի մտահոգության, որի ընթացքում հրաժարականի պահանջներ չենք ներկայացրել, այլ առաջարկել ենք ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին գալ ԵՊՀ` լսելու ուսանողի մտահոգությունները՝ հույս ունենալով, որ գուցե հարցուպատասխանի միջոցով լուծվեն խնդիրները: Բայց, ինչպես տեսաք, ինստիտուցիոնալ առաջարկին որևէ պատասխան չեղավ: Եվ հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ այլ մեթոդ առաջարկել ուսանողներին: Ես ուրիշ առաջարկ չունեմ»,- պարզաբանեց ՈՒԽ նախագահը:
Նա հիշեցրեց անցյալ տարվա իրադարձությունները, երբ այն ժամանակ ԿԳ փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատարը երկու իրարամերժ նամակներ էր ուղարկել ուսանողական երկու կառույցների, որի արդյունքում կասկածի տակ էր դրվել ՈՒԽ կանոնադրության իրավականությունը. «Այդ ժամանակ մենք, ըստ սահմանված կանոնակարգի, հաստատեցինք կանոնադրությունը և ուղարկեցինք նախարարություն: Սակայն մինչ օրս դրա վերաբերյալ որևէ արձագանք չենք ստացել, ինչն անազնիվ մոտեցում է»:
Դավիթ Ափոյանի կարծիքով, անազնիվ վերաբերմունքի մասին խոսելիս պետք է հիշել ԵՊՀ 100-ամյակի տոնակատարությունները, որոնք, ըստ նրա, տապալվել են. «Խոստացել էին, որ պետք է ստեղծվի կառավարական հոբելյանական հանձնաժողով, որը հետագայում փոխվեց գերատեսչական հանձնաժողովի: Սեպտեմբերին, երբ ԿԳՄՍ նախարարը հայտարարեց այս բեմից, թե հանձնաժողովը ստեղծվել է և պարբերաբար նիստեր գումարել, պարզվեց, որ հանձնաժողովի անդամները ոչ միայն չեն մասնակցել նիստերին, այլև տեղյակ չեն դրա գոյության մասին»:
«Սրանք խնդիրներ են, որոնք մտահոգում են բոլորին, և նախարարը պետք է բացատրություն տա, թե ինչու է այդպես եղել: Եվ նրա համար, որ այս պայքարն ինստիտուցիոնալ դաշտից այլ հարթակ է տեղափոխվում, այստեղ մեղավորներ չպետք է փնտրել, այլ նախարարությունում, քանի որ մենք ամեն ինչ արել ենք՝ հարցը կարգավորելու համար»,- նշեց ՈՒԽ նախագահը:
Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ՈՒԽ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Ամալյա Սողոմոնյանը ներկայացրեց հանձնաժողովի գործունեության տարեկան հաշվետվությունը: Նրա փոխանցմամբ, 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում Ուսանողական խորհուրդը բյուջեի մասով ունեցել է 1 միլիոն 246 հազար 713 դրամի գերծախս՝ հատկացված 8 միլիոն 500 հազար դրամ բյուջեի փոխարեն ծախսելով 9 միլիոն 746 հազար 713 դրամ:
«Գերծախսի հիմնական պատճառն Ուսանողական խորհրդի մի շարք միջոցառումների՝ ‹‹Ուսանողական ռազմական բանակում››, ‹‹Ուսանողների զարգացման ծրագիր››, ‹‹Ուսանողական ինքնակառավարման հիմնախնդիրները ԵՊՀ-ում››, արտագնա ծրագրերի՝ ԵՊՀ ուսանողական խորհրդի բյուջեից ֆինանսավորումն է, քանի որ դրանք նախորդ տարիներին ֆինանսավորվել են կա՛մ ԵՊՀ բյուջեի, կա՛մ արտաքին ֆինանսական միջոցների հաշվին»,- պարզաբանեց Ամալյա Սողոմոնյանը:
Նրա հավաստմամբ, Վերստուգիչ հանձնաժողովի 2019 թ. հոկտեմբերի 10-ին կայացած նիստում հանձնաժողովը միաձայն դրական է գնահատել և հաստատել Ուսանողական խորհրդի բյուջեի կատարողականը:
Օրակարգային հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ՈՒԽ փոխնախագահ Խաչիկ Աբաջյանը ներկայացրեց ԵՊՀ ՈՒԽ 2019-2021 թթ. գործունեության ռազմավարական ծրագիրը՝ փաստելով, որ նախկինում եղել են ՈՒԽ ծրագրերի և միջոցառումների կարճաժամկետ կամ երկարաժամկետ պլանավորումներ, սակայն ռազմավարական ծրագիր երբևէ չի կազմվել:
Խաչիկ Աբաջյանի տեղեկացմամբ, ռազմավարական ծրագիրը կազմելու համար կիրառել են տարբեր մեթոդներ՝ հարցումներ, ֆոկուս խմբային քննարկումներ, խորին հարցազրույցներ, վերլուծություններ և թիմային քննարկումներ:
Ըստ այդ ծրագրի՝ որպես տեսլական է սահմանվել «Իրազեկ և գիտակից ուսանող առաջադեմ և մրցունակ բուհում», իսկ որպես առաքելություն՝ «Իրազեկել, համախմբվել և զարգանալ՝ հանուն ուսանողների իրավունքների և շահերի պաշտպանության»:
«Ուսանողների կողմից, ուսանողների համար, ուսանողների միջոցով» նշանաբանն էլ ընտրվել է որպես կարգախոս:
«Ռազմավարական ծրագրի համաձայն՝ մենք սահմանել ենք մեր արժեքները, այն է՝ մենք նվիրված ենք մեր առաքելությանը, ունենք արժանավայել և հարգալից հարաբերություններ, փոխլրացնում ենք միմյանց, բաց և թափանցիկ ենք, հետևողական ու հաշվետու»,- ասաց Խաչիկ Աբաջյանը: Նա ներկայացրեց նաև ծրագրով սահմանված գործունեության ուղղությունները, ինչպես նաև առանցքային ծրագրերը և միջոցառումները:
Նիստի օրակարգային վերջին հարցով տեղի ունեցավ Վերստուգիչ հանձնաժողովի անդամի ընտրություն, քանի որ Խաչիկ Աբաջյանն արդեն նախագահության անդամ է և չի կարող համատեղել: Առաջադրվեց 2 թեկնածու, որոնցից բաց քվեարկության արդյունքում ընտրվեց Հասմիկ Չալոյանը:
Նիստի ավարտին ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը ԵՊՀ 100-ամյակի առթիվ ԵՊՀ բրոնզե մեդալների արժանացած ուսանողներին հանձնեց նրանց պարգևները:
Քնար Միսակյան