- Գլխավոր
- Նորություններ
- ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
Հոկտեմբեր 08, 2018 | 12:01
Կրթություն
ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ԵՊՀ-Ն ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մի խումբ աշխատակիցներ մասնակցել են Սանկտ Պետերբուրգում կայացած Կենսաբանության և բժշկության մեջ թույլ, գերթույլ դաշտերին և ճառագայթումներին նվիրված 8-րդ միջազգային կոնգրեսին։
Նշենք, որ սեպտեմբերին Սանկտ Պետերբուրգում կայացած կոնգրեսին մասնակցել են Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանը, ամբիոնի դոցենտ Սեդա Մարությանը և ավագ լաբորանտ Սյուզաննա Բլբուլյանը ու Կենսաֆիզիկայի ամբիոնի դոցենտ Գայանե Պողոսյանը:
Մեզ հետ զրույցում Արմեն Թռչունյանը նշեց, որ վերոնշյալ կոնգրեսն անցկացվում է երեք տարին մեկ անգամ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կողմից: Կոնգրեսը ղեկավարում է ակադեմիկոս Ալեքսանդր Կոնովալովին:
«Թույլ, գերթույլ դաշտերի և ճառագայթումների ազդեցությունների ու կիրառման հիմնախնդիրը շատ արդիական են, ունեն գիտական ոչ միանշանակ բացատրություններ: Սակայն դրանք բավականին լայն կիրառում ունեն տարբեր սարքավորումների ստեղծման, ինչպես նաև շատ հիվանդությունների բուժման նպատակով օգտագործման տեսակետից»,- հավելեց Ա. Թռչունյանը։
ԵՊՀ դասախոսը նշեց, որ Կենսաբանության ֆակուլտետում տարիներ շարունակ հետազոտում են գերբարձր հաճախությամբ էլեկտրամագնիսական դաշտերի և ռենտգենյան ճառագայթների կենսաբանական ներգործությունները։
Արմեն Թռչունյանը պատմեց, որ կոնգրեսում հանդես է եկել «Թույլ ուժգնություններով գերբարձր հաճախության էլեկտրամագնիսական դաշտերի ներգործությունը մանրէների վրա» ընդարձակ զեկուցմամբ։ Նա նաև նախագահել է կոնգրեսի նստաշրջաններից մեկը։ Դոցենտներ Սեդա Մարությանը և Գայանե Պողոսյանը նույնպես հանդես են եկել բանավոր զեկուցումներով, որոնց նյութերը հրատարակվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում։
«Այս խորագրով կոնգրեսին մասնակցում եմ արդեն երրորդ անգամ»,- ասաց Ա. Թռչունյանը և հավելեց, որ այս տարվա կոնգրեսն ուշագրավ է իր միջմասնագիտական մոտեցմամբ, որի աշխատանքներին մասնակցում էին ֆիզիկոսներ, աստղագետներ, քիմիկոսներ, կենսաբաններ, բժիշկներ և ճարտարագետներ։
Նրա ներկայացմամբ, կոնգրեսի ընթացքում ծավալվում էր լայն քննարկում, որը շատ օգտակար է հետագա հետազոտությունների պլանավորման և ներկայացման համար։
Նադեժդա Տեր-Աբրահամյան