- Գլխավոր
- Նորություններ
- ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ
Նոյեմբեր 29, 2019 | 18:12
Հասարակություն
ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԵՊՀ ԹԻՄԸ
Հայաստանում նոյեմբերի 23-27-ն առաջին անգամ կազմակերպվել է մարդու իրավունքների միջբուհական դատախաղ-մրցույթ, որի եզրափակիչ փուլում մրցել են ԵՊՀ թիմերը:
Դատախաղը կազմակերպվել էր «Եվրոպայի իրավաբան ուսանողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից:
Դատախաղի նպատակն էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և կոնվենցիայով երաշխավորված իրավունքների պաշտպանության վերաբերյալ ուսանողներին փոխանցել առավել խոր գիտելիքների ու ամրապնդել դրանք: Այն նվիրված էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված ազատորեն արտահայտվելու իրավունքի իրացման, ատելության խոսքի դրսևորումների և այլ հարցերին:
Դատախաղն անցկացվել է երկու փուլով՝ բանավոր և գրավոր, որոնք հնարավորինս նմանեցվել են Եվրոպական դատարանում գործի քննության իսկական ընթացակարգին: Դատախաղին մասնակցելու հայտ է ներկայացրել 13 թիմ: Բոլոր թիմերը հնարավորություն են ստացել մասնակցելու դատախաղի գրավոր փուլին, որտեղ պարտավոր էին ներկայացնել երկու դիրքորոշում՝ դիմումատուի և կառավարության դիրքորոշումները: Մասնակից 13 թիմից միայն վեցն է հաղթահարել այդ փուլի համար նախատեսված միավորների շեմը և հնարավորություն ստացել մասնակցելու բանավոր փուլին:
Հատկանշական է, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմերից մեկը (4-րդ կուրս ուսանողներ՝ Վլադիմիր Մաղաքյան, Վիրաբ Համբարձումյան, Մերի Ղազարյան, Էլլադա Հակոբյան, 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Բողոսյան, մարզիչ՝ Լ.Պետրոսյան) գրավոր փուլի արդյունքում ստացել է հնարավոր 200 միավորից 197՝ արժանանալով միաժամանակ լավագույն դիմում և լավագույն պատասխան մրցանակներին:
Բանավոր փուլի մեկ քառորդ եզրափակիչ և կիսաեզրափակիչ խաղերը տեղի են ունեցել նոյեմբերի 23-ին, որին մասնակցող թիմերից 5-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներից կազմված թիմերն էին, իսկ մեկը՝ Հայ-ռուսական սլավոնական համալասարանի ուսանողներից կազմված թիմը:
ԵՊՀ-ից դատախաղի կիսաեզրափակիչ փուլ են անցել 3 թիմ: Այդ փուլի արդյունքում էլ եզրափակիչ փուլ է անցել առավելագույն միավոր հավաքած երկու թիմ, որոնք ներկայացրել են ԵՊՀ-ն: Ընդ որում՝ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է կիսաեզրափակիչ փուլում լավագույն գրավոր աշխատանքի մրցանակին արժանացած ԵՊՀ թիմը, որը հաղթել է Հայ-ռուսական սլավոնական համալասարանի ուսանողներից կազմված թիմին:
Նոյեմբերի 27-ին կայացած եզրափակիչ խաղին թիմերից մեկը (Մարինա Մաքյան, Սոնա Հայրապետյան, Հարություն Եսոյան, Վիկտորյա Մարտիրոյան, Էդգար Տեր-Հովհաննիսյան, մարզիչ Ա.Ղարսլյան) եզրափակիչ խաղում հանդես է եկել որպես դիմումատու, իսկ մյուս թիմը (Օֆելյա Սիրեկանյան, Լիդա Քոչարյան, Թեհմինե Պապոյան, Էմմա Պետրոսյան, Միլենա Տոնեյան, մարզիչ Լ.Պետրոսյան)՝ որպես Կառավարություն:
Եզրափակիչ խաղի հաղթող է ճանաչվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներից կազմված թիմը (Օֆելյա Սիրեկանյան, Լիդա Քոչարյան, Թեհմինե Պապոյան, Էմմա Պետրոսյան, Միլենա Տոնեյան, մարզիչ Լ.Պետրոսյան)՝ ստանալով մրցանակներ:
Պատրաստեց Քնար Միսակյանը