- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Փետրվար 14, 2022 | 15:06
Հասարակություն
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏԸ՝ ՀՀ ԿԳՄՍՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ, «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2021»-ի հաղթողներից Դավիթ Համբարյանը պատմում է իր ուսումնասիրության թեմայի կարևորության, գիտության մեջ սեփական ձգտումների մասին:
Դեպի ԵՊՀ՝ որակյալ կրթության համար
Երբ պատրաստվում էի ընդունվել Երևանի պետական համալսարան, այդ ժամանակ նույնիսկ չէի պատկերացնի, որ գիտությամբ զբաղվելը կդառնա իմ համալսարանական առօրյայի կարևոր հատվածը, քանի որ ամբողջությամբ տեղյակ չէի հնարավոր ձեռքբերումների և ակադեմիական աճի հնարավորությունների մասին:
Այդ ժամանակ իմ միակ նպատակն է եղել որակյալ կրթություն ստանալը։
Հետագայում՝ մասնագիտական գործունեության ընթացքում, ճանաչելով ոլորտի առանձնահատկությունները, գտնելով դեռևս չբացահայտված տիրույթներ, ինձ համար պարզեցի, որ խորքային գիտելիքներ ձեռք բերելու, կատարելագործվելու և մասնագիտության մեջ սեփական ներդրումն ունենալու ձգտում ունեմ։
Իմ ուսումնասիրության թեման
«Որպես մետամակերևույթի տարր, գրաֆիտե միկրոժապավենի միկրոալիքային արձագանքի մեծության և փուլի կառավարումը» թեմայի շրջանակում ստացվող հետազոտական արդյունքները կարևոր նշանակություն կունենան հիմնարար և կիրառական գիտության տեսանկյունից։
Դրանք թույլ կտան վերահսկել հաճախությունների լայն տիրույթում մետանյութի տարրերի միջև կապը, որոշել մետամակերևույթի առավել նպաստավոր կառուցվածքները՝ հաղորդվող ազդանշանի արդյունավետ կլանման, ֆոկուսացման և ուղղորդման օպտիմալ պայմաններն ապահովելու համար։
Գայթակղի՞չ է գիտությամբ զբաղվելը
Գիտությունը գայթակղիչ է իր բազմազանությամբ: Այստեղ միշտ հնարավոր է նոր բացահայտումներ կատարել: Գտնում ես հերթական հարցի պատասխանը՝ առաջանում են նոր հարցեր, որոնց ևս անհրաժեշտ է պատասխանել, և այդպես շարունակ։
Ինչ վերաբերում է ֆինանսական անկախությանը, կարծում եմ՝ այս պահին պետությունը քայլեր է անում գիտությանը ֆինանսապես աջակցելու համար: Դա էլ մոտ ապագայում կհանգեցնի ֆինանսական անկախության։
Ազատ ժամանակս
Շատ եմ կարդում, յուրաքանչյուր ժանրում գտնում եմ գրավիչ կողմեր, սակայն ինձ ամենից շատ հոգեհարազատ են գիտաֆանտաստիկ ստեղծագործությունները։
Անի Պողոսյան