- Գլխավոր
- Նորություններ
- «ՉԳԻՏԵՄ՝ ԱՊԱԳԱՆ ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀՍՏԱԿ Է. ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ». ԳԵՂԱՄ ԲԻՋՈՅԱՆ
Դեկտեմբեր 29, 2021 | 13:33
Ուսանողական
«ՉԳԻՏԵՄ՝ ԱՊԱԳԱՆ ԻՆՉՊԵՍ ԿԴԱՍԱՎՈՐՎԻ, ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ՀՍՏԱԿ Է. ԵՍ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ». ԳԵՂԱՄ ԲԻՋՈՅԱՆ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Գեղամ Բիջոյանը, որն այժմ սովորում է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Հորդանանի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում, ուսումից զատ՝ սեփական նախաձեռնությամբ ստեղծված խմբակում դասավանդում է հայերեն: Համալսարանականի նպատակը հայերենի միջոցով հայ մշակույթի, ավանդույթների և հայկական արժեքների պահպանումն ու տարածումն է, իսկ խմբակը՝ հորդանանահայ համայնքի պահպանման և միասնականության առանցքներից մեկը դարձնելը:
Նպատակ դարձած մանկական երազանք…
Նախադպրոցական տարիներից ենթագիտակցորեն կապված էի գիտությանը։ Չէի հասկանում, բայց միշտ ասում էի՝ պրոֆեսոր եմ դառնալու։ Երևանի պետական համալսարան ընդունվելու և արևելագիտություն սովորելու հարցում միակ «մեղավորը» ես եմ։ Դե իհարկե չեմ փոշմանել: Այդպես հաճախ է չէ՞ լինում մեր օրերում. ծնողներն ընտրում են, երեխաները՝ փոշմանում։ Միայն՝ ոչ իմ դեպքում։
2014 թ. ընդունվեցի Արաբագիտության բաժին, որպեսզի ուսումնասիրեմ Եգիպտոսը։ Այդ տարիներին ինձ համար Եգիպտոսն էր գրավիչ։ Հետո հասկացա, որ բացի դրանից՝ այնքան հետաքրքիր ուսումնասիրությունների դաշտ կա, որ էլ չասած։ Այսպես սկսվեց կյանքիս դեռևս չավարտված ամենահետաքրքիր ու ամենահագեցած փուլը։ Ես արդեն ուսանող եմ։ Ընդունվեցի ու սիրահարվեցի արաբերենին, ինչն էլ ինձ հասցրեց Հորդանան։
Բակալավրիատի տարիներին ինչով ասես՝ չեմ զբաղվել. աշխատել եմ որպես հյուրանոցի ընդունարանի աշխատակից, մատուցող, զբոսավար։ Շատ եմ կարդացել։ Բանակից հետո հասկացա, որ կարելի է ոչ միայն ֆիզիկական, այլև մտավոր աշխատանքով զբաղվել։ Գիտակցում էի՝ պետք էր կարդալ, շատ կարդալ։ Սկսեցի քչփորել հայկական, ռուսական, անգլալեզու և արաբական գրականություն։ Բաց տեղեր շատ կան, բայց կյանքը դեռ չի ավարտվել։ Սկսեցի շփվել տարբեր մտավորականների հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է գիտությունը, ինչպես կարելի է պրոֆեսոր դառնալ։ Այժմ հստակ քայլերով գնում եմ նպատակ դարձած մանկական երազանքիս հետևից։
Ուսանողական տարիների ձեռքբերումներն ու կորուստները…
Ուսանողական տարիներին մասնակցել եմ մի շարք ծրագրերի, երիտասարդական-գիտական հավաքույթների, երբեմն նաև ինքս եմ իրականացրել հասարակական ծրագրեր, ուսանողական հավաքներ։ Հասարակական մի ծրագրով Երևանի փոքր կենտրոնը գրեթե ամբողջությամբ մաքրեցինք սխալ տեղերում փակցված հայտարարությունների թղթերից:
Երկրորդ կուրսն ավարտելուց հետո Հորդանանի և Հայաստանի միջև ուսանողների երկկողմ փոխանակության ծրագրի շնորհիվ հնարավորություն ստացա մեկնելու Հորդանանի Հաշիմյան Թագավորություն՝ արաբերեն սովորելու։ Քիչ-քիչ սկսեցի վարժ արաբերեն խոսել, հասկացա արաբների կրոնի և նրանց հավատի էությունը, հասարակական-քաղաքական միտքը։
Ընդհանրապես, Հորդանանն ամբողջովին փոխեց պատկերացումներս արաբների ու աշխարհի մասին։ Սովորեցի ապրել օտարության մեջ։ Հասկացա, որ բարձրորակ գիտությամբ զբաղվելու համար ազատակամ պիտի լինես, որ կարողանաս կտրվել ներկայից, տեսնել ու ստեղծել ապագան։ Զգում էի ընտանիքի, հայրենիքի նշանակությունն ու կարոտում: Արդյունքում սկսեցի բանաստեղծություններ գրել, որոնք մի օր գիրք են դառնալու…
Մեկ տարի անց վերադարձա ԵՊՀ՝ ավարտելու բակալավրիատը: Մասնակցեցի նաև Ապրիլյան քառօրյա և 2020 թ. 44-օրյա պատերազմներին՝ առաջնագծից դժբախտաբար վերադառնալով միայնակ՝ առանց ընկերներիս։ Այժմ նորից Հորդանանում եմ և կոնֆլիկտաբանություն եմ ուսումնասիրում: Այստեղ հայերենի ուսուցման խմբակ ունեմ, որտեղ սովորում են մեր 25 հայրենակից և երկու հորդանանցի արաբ։
Մայր բուհը՝ որպես հեռահար նպատակների օրրան…
ԵՊՀ-ն իմ կյանքում շատ բան փոխեց։ Սովորեցի ճանաչել ինքս ինձ և վերջնական ձևակերպել արժեհամակարգս, որի երկու անկյունաքարերն ընտանիքն ու հայրենիքն են։ Համալսարանը, իրոք, շատ եմ կարոտում։ Այն լոկ կառույց չէ, որտեղ սովորում ենք։ Այնտեղ մի ամբողջ կյանք եմ ապրել։ Ու ապագայում էլ առանց համալսարանի դժվար եմ պատկերացնում ինձ: Գուցե կրկին սովորեմ, գուցե ինքս սովորեցնեմ, չգիտեմ՝ ինչ կլինի ապագայում, բայց մի բան հստակ է. ես վերադառնալու եմ համալսարան։ Սակայն մինչ այդ այստեղ՝ Հորդանանում, հեռահար նպատակ ունեմ ակտիվորեն շարունակելու հայերենի դասավանդումը, մեծացնելու խմբակը և հայերենի միջոցով ամուր պահպանելու հայ մշակույթը, ավանդույթներն ու հայկական արժեքները, իսկ խմբակը՝ դարձնելու հորդանանահայ համայնքի պահպանման և միասնականության առանցքներից մեկը։ Իրականում հեռահար նպատակներ շատ կան։ Դրանց բոլորի հիմքում կանգնած է պատշաճ բարեվարքությամբ և ինտելեկտուալ բարձր որակներով օժտված անհատը, որը, անկախ կրթական ցենզից, կառուցում է արդար, ապահով և բարեկեցիկ Հայաստան։ Գիտեմ՝ շատերն են երազում դրա մասին, բայց դրան հասնելու միջոցները տարբեր են։ Ուստի հեռահար նպատակներից մեկն է գտնել կամ ստեղծել այնպիսի մի հարթակ, որը նախապատվություն կտա ոչ թե առկա տարաձայնություններին և նպատակին հասնելու ուղիների տարբերություններին, այլ բուն նպատակին։
Ինքնաճանաչողությունն է հաջողության բանաձևը…
Մեզնից յուրաքանչյուրն իր մեջ ունի հաջողության իր բանաձևը։ Դու ինքդ պետք է փորձես գտնել այն, բացահայտես ինքդ քեզ, լսես ու վերլուծես սրտիդ ու բանականությանդ ձայնը։ Պետք է գիտակցես՝ ո՞վ ես, ո՞ւր և ինչո՞ւ ես գնում, որպեսզի հասկանաս՝ ինչպես գնաս։ Անիրականանալի ոչինչ չկա: Ցանկացած անհաջողություն ավելի լավին հասնելու նոր հնարավորություն է տալիս։ Պարզապես պետք է գտնես պայքարի քո ուղին և գնաս առաջ։
Վարդուհի Զաքարյան