- Գլխավոր
- Նորություններ
- «ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵԿԱՆ, ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԼԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ». ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Նոյեմբեր 23, 2021 | 16:12
«ԻՆՉՊԵՍ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԵԿԱՆ, ԵՍ ՆՈՒՅՆՊԵՍ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՄ, ՈՐ ՄԵՐ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԼԻՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆԸ». ԳԵՎՈՐԳ ԲԱՐՍԵՂՅԱՆ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանի հետ զրուցել ենք ֆակուլտետի ունեցած ձեռքբերումների, միջազգային համագործակցության և զարգացման հեռանկարների մասին:
- Պարո՛ն Բարսեղյան, կպատմե՞ք այն ձեռքբերումների մասին, որ ֆակուլտետը գրանցել է վերջին տարիներին:
- Ֆակուլտետում բացվել են մագիստրոսական մի շարք ծրագրեր՝ «Վարչագործարարական թարգմանություն», «Զբոսաշրջային թարգմանություն (անգլերեն-հայերեն)», «Գործնական հաղորդակցություն»: Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչի և իմ համատեղ ջանքերով բացվել է Իսպաներենի կաբինետը: «Արցախբանկի» միջոցով ձեռք ենք բերել որակյալ, ժամանակակից տեխնիկա, որից հետո կաբինետը նաև ԵՊՀ-ի ջանքերով նորոգվել, կահավորվել ու հանձնվել է ուսանողների օգտագործմանը:
Բացվել է ֆակուլտետի երախտավորներից մեկին՝ պրոֆեսոր Հասմիկ Թոքմաջյանին նվիրված լսարան, վերաթարմացվել են ֆակուլտետի գիտխորհրդի դահլիճը (422 լս.) և գրադարան-կաբինետը (426 լս.), իսկ Իտալիայի դեսպանատան հետ արդյունավետ համագործակցության շրջանակում՝ նաև Իտալերենի կաբինետը:
Ֆակուլտետի կարևոր և նշանակալից ձեռքբերումներից է միջազգային նշանակության գիտական ամսագրերի տպագրման հարցում գրանցած առաջընթացը:
Անգլիական բանասիրության ամբիոնում լույս տեսնող «AASE» գիտական ամսագիրը, որն արդեն երկար տարիներ հայտնի է ողջ հանրապետությունում, ունի միջազգային հեղինակություն:
Իրենց գիտական ամսագրերն են լույս ընծայում Ռոմանական բանասիրության, Անգլերենի թիվ 1 ու թիվ 2, վերջերս նաև՝ Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնները:
Հպարտությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի բոլոր բուհերից և ֆակուլտետներից ԵԼՀ-ն միակն է, որը համագործակցում է ՀՀ արդարադատության նախարարության հետ, հենց ֆակուլտետում են անցկացվելու նոտարական թարգմանչի արտոնագրման տրամադրման քննությունները: Այս հարցում անգնահատելի են Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանի ջանքերը:
Ֆակուլտետի 30 տարվա պատմության ձեռքբերումներից են բարձրորակ կադրերի պատրաստումը. խոսքը ոչ միայն դասախոսների, այլև ուսանողների մասին է, մեծաքանակ ուսումնամեթոդական մասնագիտական ձեռնարկների տպագրությունը ֆակուլտետի դասախոսների կողմից: Ֆակուլտետի էլ ավելի բարելավված բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստում է առողջ միջավայրում համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելուն:
- Մեր հարցազրույցի ընթացքում երկու ուսանողուհի սպասում էին Ձեր ստորագրությանը միջազգային ծրագրերից մեկին մասնակցելու համար: Տպավորություն է, որ ֆակուլտետը բավականին ակտիվ համագործակցում է արտասահմանյան տարբեր բուհերի հետ: Կպատմե՞ք մի փոքր այդ մասին:
- Այո՛, մենք իսկապես բավականին ակտիվ համագործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ:
Վերջին տարիներին նոր թափ է հավաքել ֆակուլտետի համագործակցությունն «Էրազմուս+»-ի հետ, որին ակտիվորեն դիմում են ուսանողները:
Յուրաքանչյուր ուսանող կարող է տվյալ կիսամյակը կամ իր ուսումը դրսում շարունակելու հայտ ներկայացնել, ինքս էլ այդ հարցում շատ հետևողական եմ աշխատում՝ հնարավորություն տալով միջինից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին նույնպես մասնակցելու այդպիսի ծրագրերի:
Հպարտորեն պետք է նշեմ, որ ֆակուլտետը շատ արդյունավետ համագործակցում է Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հետ (ծրագրի համակարգողը Սեդա Գասպարյանն է), Վենետիկում մեր անփոխարինելի գործընկերը պրոֆեսոր Սոնա Հարությունյանն է:
Միջազգային կապերի հաստատման հարցում ակտիվ գործունեություն է ծավալում նաև Ֆրանսիական բանասիրության ամբիոնը, որի գործընկերը Մոնպելյեի Պոլ Վալերիի անվան համալսարանն է: Ինքս էլ հաջորդ տարվա մարտին նախատեսում եմ այնտեղ գնալ և սպորտի վերաբերյալ դասախոսությամբ հանդես գալ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդելու մեր համագործակցությունը:
Վերջին տարիներին համագործակցում ենք Ֆրանսիայի Պրովանսի և Լիլի համալսարանների, իսկ ռոմանական լեզուների գծով՝ շատ ավելի սերտ Մադրիդի ու Կադիսի համալսարանների հետ:
Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանի ջանքերով վերջերս գործընկերության նոր փուլ է սկսվել Գրանադայի համալսարանի հետ: ԵՊՀ ղեկավարության հետ քննարկման արդյունքում նախատեսվում է, Իսպաներենի կաբինետից բացի, բացել նաև իսպաներենի կենտրոն:
- Քանի որ խոսեցինք ապագայից, կպատմե՞ք ֆակուլտետի զարգացման հեռանկարների մասին:
- Ինչպես յուրաքանչյուր դեկան, ես նույնպես ցանկանում եմ, որ մեր ֆակուլտետը շարունակի բարելավել իր գործունեությունը, լինի լավագույնը, միջազգային ծրագրերը շատանան, և մեր ուսանողները ֆինանսական որևէ խնդրի պատճառով իրենց ուսումնառության օրակարգը չխախտեն:
Շատ կարևոր է նաև ֆակուլտետում լեզվակիր դասախոսների թվի ավելացումը, ինչն էլ ավելի արդյունավետ կդարձներ օտար լեզուների դասավանդման գործընթացը, քանի որ լեզվակրի հետ դասերը պահանջում են բոլորովին այլ մոտեցում:
- Ինչի՞ մասին է երազում Գևորգ Բարսեղյանը:
- Առաջին հերթին ցանկանում եմ իմ երկիրը տեսնել իրեն պատուհասած բոլոր դժվարությունները հաղթահարած:
Հույս ունեմ, որ այն լինելու է զարգացող, խաղաղ և անվտանգ, իսկ մարդկանց դեմքին՝ իրական ժպիտներ:
Երազանք չէի ասի, բայց նաև նպատակ ունեմ այս տարի վերջապես իմ անձնական կարգավիճակը փոխելու:
Անի Պողոսյան