- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԽԱՐԻՍԽԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻՆ
Սեպտեմբեր 23, 2021 | 15:18
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՂԵԼ ՈՒ ՄՆՈՒՄ Է ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԻԱԿ ԽԱՐԻՍԽԸ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում այսօր տեղի է ունեցել 20-րդ դարի երկրորդ կեսի սփյուռքահայ մեծատաղանդ գրող, հրապարակախոս, լրագրող, խմբագիր Հակոբ Կարապենցին նվիրված միջազգային գիտաժողով, որը կազմակերպել էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետն ու «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը:
Գիտաժողովին մասնակցում էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, «Համազգային» հայ կրթական և մշակութային երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, «Համազգային» հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը, UCLA-ի նախկին դասախոս Ռուբինա Փիրումեանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից, ՀՀ գրողների միությունից, ՀՊՄՀ-ից, ՀՀ ԳԱ գրականության և պատմության ինստիտուտներից:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանը, որը, ողջունելով ներկաներին, առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված զոհերի հիշատակը:
«Արդեն ավանդույթ է դարձել «Համազգային» հայ կրթական և մշակութային միության և ԵՊՀ-ի համատեղ գործունեությունը, որի շնորհիվ պարբերաբար անցկացվում են մշակույթի և գրականության նշանավոր գործիչների կյանքին ու ստեղծագործությանը նվիրված գիտաժողովներ»,- փաստեց Արշալույս Գալստյանը:
Նրա խոսքով, Լևոն Շանթին, Համաստեղին, Նիկոլ Աղբալյանին, Հակոբ Օշականին, Մուշեղ Իշխանին նվիրված գիտաժողովների ցանկին գալիս է ավելանալու Հակոբ Կարապենցի կյանքն ու փորձը վերապրելուն ուղղված գիտաժողովը:
«Հայ գրական մտքի զարգացման մեջ կարևոր հետք թողած Հակոբ Կարապենցն ինքն իրեն հաճախ հարց է տալիս, թե որն է սփյուռքահայ գրողի առաքելությունը, ինչով է նա տարբերվում բնիկ գրողից և ինչպիսին պետք է լինի իր գրականությունը»,- նշեց ԵՊՀ դոցենտը՝ հավելելով, որ հայրենիքը, հայն ու Հայաստանն են եղել Հակոբ Կարապենցի պատմվածքներում, էսսեներում և վեպերում արծարծված թեմաները:
«Վստահ եմ, որ գիտաժողովի ընթացքում ներկայացվող զեկուցումները լուրջ ներդրում են ունենալու Հակոբ Կարապենցին նվիրված քննադատական ժառանգության մեջ»,-ասաց Արշալույս Գալստյանը:
Այնուհետև նա հիշեցրեց, որ գիտաժողովին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի ճանաչված, նշանավոր մտավորականներ, գրականագետներ, ասպիրանտներ, մագիստրոսներ:
«Համազգային» հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանն իր խոսքում նշեց, որ Հակոբ Կարապենցը սփյուռքահայ գրականության ամենահարազատ ներկայացուցիչներից մեկն է, որը, բացի գրական գործունեությունից, ծավալել է նաև հասարակական ակտիվ գործունեություն:
«Հակոբ Կարապենցի ամենակարևոր գործը նոր սերնդին հայկական ինքնության հատկանիշների փոխանցումն է»,- շեշտեց Մկրտիչ Մկրտիչեանը:
Վերջինս մեջբերեց Հակոբ Կարապենցի այն խոսքերը, որ Հայաստանը եղել ու մնում է հայության միակ խարիսխը՝ նշելով, որ այսօր փորձ է արվում արևմտյան մշակույթով փոխարինել ազգայինը, ինչը կարելի է հաղթահարել միայն կրթությամբ և դաստիարակությամբ:
«Հենց սա է եղել Հակոբ Կարապենցի հորդորը բոլորիս»,- խոսքը եզրափակելով՝ ասաց Մկրտիչ Մկրտիչեանը:
«Համազգային» հայ կրթական և մշակութային երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանն էլ, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց գիտաժողովին մասնակցելու համար:
«Նմանատիպ գիտաժողովները նպատակ ունեն առավել համակողմանի ներկայացնելու հայ գրականության այն երևելի անունները, որոնք հանրությանը դեռևս քիչ ծանոթ են. Հակոբ Կարապենցն այդ անուններից մեկն է»,- ասաց Ռուզան Առաքելյանը:
Նա փաստեց, որ գիտաժողովն առիթ է՝ ներկայացնելու Հակոբ Կարապենցի թողած գրական ժառանգությունը և հասարակական գործունեությունը:
«Հակոբ Կարապենցը սփյուռքում ստեղծագործող այն մտավորականներից էր, որոնք դատապարտված էին երևակայությամբ կերտել Հայաստանի կերպարը՝ հոգեպես կապված լինելով հայրենիքի հետ»,- նշեց Ռուզան Առաքելյանը՝ շեշտելով, որ Հակոբ Կարապենցի ստեղծած գրականությունը հատել է համամարդկային սահմանը:
Գիտաժողովում տեղ գտած 16 զեկուցումները, որոնցում զեկուցողները պատմեցին Հակոբ Կարապենցի պատմվածքների կերպարային առանձնահատկությունների, ընտրված թեմաների և պատկերային համակարգի մասին, ամբողջականորեն առանձին գրքով հրատարակվելու են, և գիտական լսարանը հնարավորություն է ունենալու ավելի մանրամասն ծանոթանալու դրանց բովանդակությանը:
Գիտաժողովի վերջում տեղի ունեցավ Հակոբ Կարապենցի գրական ժառանգության գրականագիտական վերլուծությունը ներկայացնող «Հակոբ Կարապենցի ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը, որի հեղինակն է արցախցի երիտասարդ գրականագետ, բ.գ.թ., Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս Նանար Սիմոնյանը:
«Կարապենցը քիչ ուսումնասիրված հեղինակ է, ու նպատակահարմար եմ գտել, որպեսզի ամբողջական ստեղծագործություններին անդրադառնամ, հերոսների տիպաբանական քննակարգը ներկայացնեմ: Գիրքն օգտակար կլինի գրականագիտական ակադեմիական շրջանակներին, բանասիրությամբ զբաղվող ուսանողությանը, ինչպես նաև հայ ժամանակակից գրականությամբ հետաքրքրվողներին»,- ասաց Ն. Սիմոնյանը՝ ավելացնելով, որ Կարապենցի արձակը որքան ազգային, նույնքան էլ համամարդկային է: