- Գլխավոր
- Նորություններ
- «ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՄ ՍԵՐՆ Է, ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱՎԱՅՐ Է, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ». ԵՊՀ Լ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԻ ՎԱՐԻՉ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հունվար 26, 2022 | 10:38
Հասարակություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԻՄ ՍԵՐՆ Է, ԱՅՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲԱՎԱՅՐ Է, ՈՐՏԵՂ ՄԵԾԱՑԵԼ ԵՄ». ԵՊՀ Լ. ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՐԽԻՎԻ ՎԱՐԻՉ, ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐՊԵՏ ՆԵԼԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Նելլի Գևորգյանը վերջերս հոբելյան էր տոնում. նա մի ամբողջ կյանք է անցկացրել համալսարանում՝ մոտ 54 տարի: Տիկին Գևորգյանը նաև ստեղծագործում է. տարիներ շարունակ նա կոլաժների անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել:
- Տիկի՛ն Գևորգյան, նախ շնորհավորում ենք Ձեզ տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նոր ձեռքբերումներ: Կպատմե՞ք համալսարանական Ձեր բազմամյա ուղու մասին:
- Ես համալսարան եմ մտել մեծ սիրով: Սովորել եմ Բանասիրության ֆակուլտետում, այնուհետև՝ 1968 թվականի հոկտեմբերից, 20 տարի աշխատել եմ Քիմիայի ֆակուլտետում, ապա՝ Ընդհանուր բաժնում, հետո տեղափոխվել եմ թանգարան: Այն այսօր կրում է Լյուդվիգ Ղարիբջանյանի անունը: Նա հրաշալի անձնավորություն էր, կարող եմ ասել՝ իսկական մեծություն, ես շատ երջանիկ եմ, որ ճանաչել եմ նրան: Համալսարանական տասնյակներիս ընթացքում շփվել եմ մարդկանց հետ՝ հրաշալի, տաղանդավոր, սովորական, նաև մեծությունների, որոնցից անսահման սեր ու ջերմություն եմ ստացել: Կարող եմ ասել՝ համալսարանն իմ սերն է, այն սրբավայր է ինձ համար, որտեղ մեծացել եմ, ու այլևս չեմ պատկերացնում իմ կյանքն առանց համալսարանի:
- Ինչպիսի՞ն է իսկական համալսարանականի կերպարը Ձեր պատկերացմամբ:
- Առաջին հերթին՝ նվիրյալ, խելացի, ազնիվ, ճշտապահ, մարդկանց հետ փոխհարաբերություններում՝ բարեհամբույր, առանց չարախոսելու:
- Ինչպե՞ս է սկսվել Ձեր ստեղծագործական ուղին, ո՞րն է կոլաժներ ստեղծելու՝ Ձեր ներշնչանքի աղբյուրը:
- Ես ժողովրդական վարպետ եմ, մոտ 20 տարվա ընթացքում ունեցել եմ 18 անհատական ցուցահանդես՝ ներկայացնելով 600 կոլաժ, որոնց մի մասը նվիրել եմ պատահական այցելուներին: Ուզում եմ հատուկ շեշտել, որ բոլոր աշխատանքներս կազմված են թափոններից, ես աշխատում եմ այնպիսի նյութերով, որոնք այլևս պիտանի չեն օգտագործման համար՝ այդպիսով երկրորդ կյանք ու վերածնունդ տալով դրանց. դա է ընկած իմ ստեղծագործության հիմքում: Ի դեպ, կոլաժներս չեմ վերնագրում՝ թողնելով դիտողի երևակայությանը: Առաջին ցուցահանդեսս տեղի է ունեցել 2004 թ.: Ունեցել եմ նաև ուսուցողական ցուցադրություն, նպատակ եմ ունեցել երեխաների մեջ սեր արթնացնելու արվեստի նկատմամբ, ներշնչելու ոչ պիտանի նյութերին երկրորդ կյանք տալու իմաստը: Շնորհակալագիր ու պարգևատրում եմ ստացել տարբեր ցուցասրահներից: Կոլաժների համար գործածում եմ գրեթե ամեն ինչ՝ բացի երկաթից. ծառի ճյուղ, չորացած ծաղիկ, կտոր, կոճակ, ուլունք, թուղթ, թեփ, խխունջի խեցի և այլն:
Իսկ ամեն ինչ սկսվեց հատված ծառի տեսքից. մեր բակում ծառ էին կտրել, և ես, տեսնելով ընկած ծառը, մտածեցի, որ կարելի է դրա ճյուղերից արվեստի գործ ստեղծել: Իջա բակ, հավաքեցի ճյուղերը, ու հատված ծառն իմ կյանքում մի նոր փուլի սկիզբը դարձավ, որը շարունակվում է առայսօր:
- Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:
- Մենք ընտանիքով, կարելի է ասել, համալսարանական ենք: ԵՊՀ-ում կրթություն ստանալը կարծես թե ընտանեկան ավանդույթ է. ամուսինս՝ Համբարձում Խաչատրյանը, Քիմիայի ֆակուլտետի անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, ամբիոնի պատվավոր վարիչ, մոտ 30 տարի եղել է նույն ամբիոնի վարիչը: Աղջիկս լեզվաբան է, «Իսպաներեն» բաժնի առաջին շրջանավարտներից, աշխատում է դպրոցում: Տղաս բժիշկ է, ավարտել է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, սովորել է նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
- Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
- Գարնան սկզբին նախատեսում եմ ևս մեկ անհատական ցուցահանդես ունենալ, ներկայացնել այս տարիների ընթացքում ստեղծածիս լավագույն նմուշները:
- Ո՞րն է Ձեր երազանքը:
- Երազում եմ, որ ԵՊՀ-ն պահպանի փառքն ու հեղինակությունը: Ցանկանում եմ, որ մեր Մայր բուհը լավագույնը լինի բոլոր առումներով:
Հասմիկ Ասլանյան