- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԵՆՔ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՈՂՆԵՐՆ ԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՐՏԵՆՔ ԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ». ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դեկտեմբեր 29, 2021 | 13:14
Հասարակություն
«ՄԵՆՔ՝ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՍ, ՄԵՐ ԵՐԿՐԻ ՎԱՂՎԱ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ԿԵՐՏՈՂՆԵՐՆ ԵՆՔ, ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՉԿԵՐՏԵՆՔ ԱՅՆ ԳԵՂԵՑԻԿ». ՏԱԹԵՎԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ ընդհանուր հարցերի պատասխանատու Տաթևիկ Մանուկյանը պատմել է բարձրագույն կրթության, մասնագիտական ընտրության մասին՝ չմոռանալով նաև ամանորյա բարեմաղթանքների մասին:
Եթե բուհական կրթություն, ապա ԵՊՀ
Դեռևս մանկուց արդեն վճռական էի և որոշել էի, որ եթե պետք է բուհական կրթություն ստանամ, ապա այն պետք է լինի հենց ԵՊՀ-ում, այլ համալսարան ինձ համար, կարելի է ասել, «գոյություն չուներ»։ Եվ երբ առաջին անգամ եկա այստեղ՝ ընդունելության հայտը լրացնելու, Մայր բուհի հանդեպ ունեցածս սերն ու հարգանքը կրկնապատկվեցին։
Կարծում եմ՝ ԵՊՀ-ում ստացած կրթությունը մասնագիտական հմտությունների ձևավորման հիմնական խթանն ու շարժիչ ուժն է։ Տեսական գիտելիքները կիրառելով գործնական դաշտում՝ հնարավորություն ենք ստանում առավել հմտանալու մեր մասնագիտական ոլորտում։
Մշակութաբանությունը տարակարծությունների բախման մասնագիտություն է
Մշակութաբանությունը կամ մշակութային մարդաբանությունն ինձ համար աշխարհի ռեալիստական ընկալումների, ճշգրիտ դատողությունների և տարակարծությունների բախման մասնագիտություն է։ Իսկ ահա մշակութաբանի հիմնական առաքելությունը, ըստ իս, բոլոր այս ընկալումների, դատողությունների և բախումների արդյունքում առաջացած խնդիրներին և հարցադրումներին հնարավորինս ճշգրիտ պատասխան տալն է։
Հայ մշակույթի տարածման գործընթացում կարևոր է միջմշակութային հաղորդակցությունը
Միջազգային հարթակներում հայկական մշակույթի տարածման գործընթացում շատ կարևոր նշանակություն ունի միջմշակութային հաղորդակցությունը, քանի որ այն լավագույն միջոցն է մշակույթների փոխազդեցության գործընթացում, ինչն էլ կարող է նպաստել այս դեպքում միջազգային հարթակներում հայկական մշակույթի տարածմանը։
Կամավորությունը երկրորդ մասնագիտություն է
Կամավորությունը ցանկացած ուսանողի երկրորդ մասնագիտությունն է։ Այն մեզ տալիս է անեզր մտահորիզոն, անփոփոխելի աշխարհայացք, գիտելիքների անսահման պաշար և անփոխարինելի ընկերներ։
Ներկայումս տարատեսակ կամավորական աշխատանքներ եմ կատարում հայաստանյան ՀԿ-ներում, նախաձեռնություններում, սոցիալական կազմակերպություններում, ինչպես նաև հենց համալսարանում։ Կամավորական աշխատանքների բնույթը խիստ տարբեր է եղել՝ սկսած էջերի, սոցկայքերի կառավարումից մինչև տարբեր թեմաներով սեմինարների ու վեբինարների կազմակերպում։
ԵՊՀ ապագա ուսանողներին
Նրանց, ովքեր արդեն բռնել են ուսանողության ճանապարհը, խորհուրդ կտամ լինել վճռական և ընտրել այն մասնագիտական ուղղվածությունը, որով իսկապես հետաքրքրված են, ովքեր արդեն ուսանող են՝ լինել ակտիվ և չսահմանափակվել միայն լսարանային դասընթացներով, զբաղվել նաև ինքնազարգացմամբ և հասարակական ակտիվությամբ, իսկ նրանց, ովքեր արդեն մասնագետ են՝ ամբողջությամբ նվիրվել իրենց մասնագիտությանը։
Ինչո՞ւ ապագան գեղեցիկ չկերտենք
Գալիք Ամանորի կապակցությամբ ցանկանում եմ շնորհավորել ողջ ուսանողությանը՝ մաղթելով նրանց անկոտրում կամք, անսպառ ուժ և եռանդ, մասնագիտական նորանոր հաջողություններ։ Մենք՝ ուսանողներս, մեր երկրի վաղվա և ապագայի կերտողներն ենք, ուրեմն ինչո՞ւ չկերտենք այն գեղեցիկ։ Թո՛ղ 2022-ը լի լինի հաղթանակներով և վերելքներով։
Անի Պողոսյան