- Գլխավոր
- Նորություններ
- ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՔ ԿԴՐՎԻ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ . ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Դեկտեմբեր 05, 2019 | 14:31
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԻՄՔ ԿԴՐՎԻ ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ . ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ
Մեդիազարգացման ֆրանսիական գործակալության (CFI) և «ESJ Pro» ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցի կողմից իրականացվող «Թվային լրագրության դասավանդումը» թեմայով վերապատրաստման դասընթացի առթիվ այսօր ֆակուլտետը հյուրընկալել էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոտին:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը և Արթուր Իսրայելյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանը:
Հանդիպման ընթացքում Նաղաշ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին այցելության համար և անչափ կարևորեց նմանաբնույթ նախաձեռնությունների նշանակությունը:
«Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաները, թվային մեդիան լուրջ հեղափոխություն են իրականացնում մեդիադաշտում, և դրա շրջանակում այսօրվա վերապատրաստումը կարևոր էր և ճիշտ ժամանակին»,- շեշտեց Նաղաշ Մարտիրոսյանը:
Վերջինիս խոսքով, խորհրդանշական է, որ դասընթացն իրականացվում է այն օրերին, երբ ֆակուլտետում նախաձեռնվում է հիմնադրել ինովացիոն մեդիայի կենտրոնը:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտի խոսքով, այս վերապատրաստման ծրագրով հիմք կդրվի հայ-ֆրանսիական մեդիահամագործակցությանը:
«Հեղափոխությունից հետո (CFI) գործակալությունը ցանկացավ իր գործունեությունը ծավալել նաև Հայաստանում, և անցած տարի այցելություններ եղան Հայաստան,- նշեց Ժոնաթան Լաքոտը,- դասախոսների վերապատրաստման այս ծրագիրն առաջին մեծ քայլն է այդ ուղղությամբ»:
Պարոն դեսպանի կարծիքով, «CFI» գործակալությունը շարունակելու է իր ծրագրերն իրականացնել Հայաստանում ՝ վերապատրաստումը կրթության ոլորտում առաջնահերթություն համարելով:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս, դոցենտ, ծրագրի մասնակից Աստղիկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նմանօրինակ վերապատրաստման ծրագրերը հետաքրքիր հնարավորություն են դասախոսների համար:
«Վերապատրաստման ընթացքում մենք «Արագընթաց նավակ»-ի մեթոդով փորձում էինք վեր հանել այն մարտահրավերները, որոնք կան Ժուռնալիստիկայի ֆակուլտետում՝ պարզելու, թե ինչպե՞ս կարող ենք այդ խնդիրները հաղթահարել, ի՞նչ է պահանջվում դասախոսներից»,- պարզաբանեց տիկին Ավետիսյանը:
Անդրադառնալով վերապատրաստման թեմային՝ Աստղիկ Ավետիսյանն ասաց, որ այն նվիրված է թվային լրագրության մեթոդաբանությանը և վերջինիս կիրառությանը:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը վերազինվի թվային տեխնոլոգիաներով, որոնք հնարավորություն կտան ուսանողներին տեղում ծանոթանալու համաշխարհային միտումներին:
«Դասընթացի ժամանակ մենք հասկացանք նաև, որ երբեմն մեր կարողությունները կարող են չհամընկնել մեր հետաքրքրությունների հետ, բայց քանի որ մենք թվային աշխարհում ենք ապրում, յուրաքանչյուր ուսանող ունի նոր սերնդի հեռախոս, որի շնորհիվ կարող է դառնալ մեդիա, ինֆորմացիոն աղբյուր և տարածել տեղեկատվությունը»,- ասաց Աստղիկ Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ վերապատրաստման դասընթացն անցկացվելու է երկու փուլով:
Երկրորդ փուլը մեկնարկելու է դեկտեմբերի 16-ին:
Անի Պողոսյան