- Գլխավոր
- Նորություններ
- ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
Փետրվար 24, 2020 | 16:58
Հասարակություն
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր «Թուրքիան և Արցախյան հիմնախնդիրը» թեմայով դասախոսություն է կարդացել թուրքագետ, պ. գ. դ., պրոֆեսոր Արսեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել է ԵՊՀ ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի կազմակերպած «Արցախյան հակամարտության խրոնիկան» դասընթացաշարի շրջանակում, որը մեկնարկել է դեռևս աշնանը:
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ գիտքարտուղար Լևոն Հովսեփյանը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ուսանողներ:
Մարտական ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրեց հյուրին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ հանդիպումների շնորհիվ ուսանողներն ավելի տեղեկացված կլինեն Արցախյան հակամարտության մասին, ապա պատմական փոքրիկ ակնարկ կատարեց հայ-թուրքական հարաբերությունների մասին:
«Գաղտնիք չէ, որ սկսած 1991 թվականի դեկտեմբերից՝ Թուրքիան ճանաչեց հետխորհրդային 11 պետությունների, այդ թվում՝ Հայաստանի անկախացումը, ինչից հետո օբյեկտիվորեն դրվեց երկու պետությունների՝ Հայաստանի և Թուրքիայի միջև միջպետական նորմալ հարաբերություններ հաստատելու խնդիրը: Թուրքիան առաջ քաշեց նախապայմաններ. առաջին նախապայմանն այն էր, որ Հայաստանը պետք է ճանաչեր 1921 թ. Կարսի պայմանագիրը՝ դրանով փաստացի ճանաչելով հայ-թուրքական սահմանը, ըստ երկրորդ նախապայմանի՝ Հայաստանը պետք է հրաժարվեր Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթաց ծավալելուց, իսկ 1993 թ. ապրիլի 3-ից հայկական ուժերի կողմից Քարվաճառի ազատագրումը նոր նախապայման առաջ քաշեց. Հայաստանը պետք է իր զինված ուժերը դուրս բերեր օկուպացված տարածքներից»,- ասաց Լ. Ղազարյանը:
Արսեն Ավագյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, նշեց, որ մեծ պատիվ է ուսանողների հետ հանդիպելն ու նրանց համար դասախոսություն կարդալը, ապա փաստեց, որ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ երկու մոտեցում կա՝ Հայաստանի մոտեցումը թուրքական քաղաքականության նկատմամբ և Թուրքիայի մոտեցումը սեփական քաղաքականության նկատմամբ:
Ըստ բանախոսի՝ Թուրքիայի քաղաքականության տեսակետից չկա տարբերակում Արցախյան խնդրի, Հայաստանի կամ հայերի հետ հարաբերությունների առումով, գոյություն ունի մեկ խնդիր՝ հայության հարցը, իսկ Հայաստանի հետ հարաբերություններով զբաղվում է հատուկ մարմին՝ Ռազմավարական հետազոտությունների կառույցը, քանի որ այն դիտարկում է Արցախը, Հայաստանը և Սփյուռքը՝ որպես մեկ միասնական քաղաքականություն վարող:
Թուրքագետը ներկայացրեց 1997 թ. Թուրքիայում ձևավորված «4 Թ-ի» քաղաքականությունը, որ վերագրում էին հայությանը՝ 1973-1991 թթ. հայությունը վարել է ազգայնականության վերականգնման քաղաքականություն, 1991 թ. Հայաստանի Հանրապետության վերականգնումով հայությունը սկսել է վարել Հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը, ինչին հետևելու է հայության կողմից հատուցման քաղաքականությունը, այս ամենն ի վերջո ավարտվելու է տարածքային պահանջներով Հայաստանի կողմից:
Ա. Ավագյանի կարծիքով, խնդրի վերաբերյալ թուրքական քաղաքագիտական միտքը միատարր չէ, կարելի է առանձնացնել հետևյալ նկատառումները. Ղարաբաղի խնդիրը Թուրքիան ընկալում է որպես տարածքային ամբողջականության մաս, և Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականությունը հենվում է Ադրբեջանի հետ ռազմաքաղաքական դաշինքի վրա. «Ինչ վերաբերում է Թուրքիայի ներկայացրած պահանջներին Հայաստանի նկատմամբ, նշեմ, որ դրանք երեքն են. մեկն այն է, որ Արցախյան խնդիրը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, երկրորդը Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարումն է, երրորդը՝ տարածքային ամբողջականությունը»:
Նա խոսեց նաև այն մասին, որ լուրջ գիտնականները պնդում են՝ Թուրքիայում ազգային գաղափարախոսություն չկա, գոյություն ունի ազգային ծրագիր, որի էությունն Անատոլիայում թուրքական գերակշռող տարրով պետության հիմնման ծրագիրն է, որը մինչև հիմա շարունակվում է, ավելին՝ բոլոր ազգային գաղափարախոսությունները տարբեր ժամանակներում ուղղված են եղել դրան, դրանք բոլորը թուրքակենտրոն են, քանի որ Թուրքիան իր դեմ ուղղված հիմնական վտանգը տեսնում է այլ, ոչ թուրքական տարրերից, ուստի միշտ փորձել է ոչնչացնել կամ ձուլել վերջիններիս:
«Թուրք-ադրբեջանական համագործակցության հետ կապված՝ մենք միշտ պետք է հաշվի առնենք այն կարևոր հանգամանքը, որ թուրք-ադրբեջանական դաշինքը զարգացման բոլոր հեռանկարներն ունի, քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական և տնտեսական բոլոր շահերը համընկնում են, Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարում Թուրքիայի տնտեսության մեջ, ուստի թյուր է այն կարծիքը, որ Ադրբեջանը տնտեսապես կախված է Թուրքիայից, ամենաթույլ կետը թերևս լեզվի ու ինքնության հարցն է, քանի որ ադրբեջաներենը սկսում է մեծ քանակով թուրքական բառեր փոխառել»,- ասաց Ա. Ավագյանը:
Նա այս երկու պետությունների միջև հարաբերությունների դաշինքի մի քանի ուղղություն նշեց. առաջինը ռազմավարական ծրագրերն են, որոնք ամենայն հավանականությամբ գնալով ամրապնդվելու են, երկրորդը՝ տարածաշրջանային պետությունների ներքաշումը, երրորդը՝ թուրք-ադրբեջանական համագործակցությունը միջազգային ասպարեզում, որի նպատակը հայկական սփյուռքի գործունեությունը թուլացնելն է. «Թուրքիայում մի խոշոր զանգված գտնում է, որ պետք է միշտ զգոն ու միավորված լինի, քանի որ շրջապատված է թշնամի պետություններով, որոնք բոլորն էլ տարածքային պահանջ ունեն Թուրքիայի նկատմամբ»:
Բանախոսը պնդում է, որ Թուրքիայի կառավարող օղակները հիանալի օգտագործում են այս հանգամանքը, ինչպես նաև պետության բացառիկ աշխարհագրական դիրքն ու մեծ տերությունների շահերը՝ առաջ տանելով իրենց ազգային շահերը:
«Կարևոր է հաշվի առնել, որ Թուրքիայի քաղաքականության նկատմամբ Հայաստանում կա հայակենտրոն մոտեցում, մինչդեռ իրականում Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի քաղաքական օրակարգում առաջին տեղում չեն»,- հավելեց թուրքագետը:
Դասախոսության վերջում ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսին:
Հասմիկ Ասլանյան