- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-Ն ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՃԿՈՒՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ․ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
Նոյեմբեր 15, 2021 | 09:22
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ՈՒՍԱՆԵԼՈՒ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՃԿՈՒՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ․ ԼԻԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներ Օֆելյա Կարապետյանը և Ռիմա Ավետիսյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում այժմ ուսումը շարունակում են Ֆրանսիայի Լիլի համալսարանում։ Ուսանողների հետ զրուցել ենք արտերկրում սովորելու առավելությունների ու դժվարությունների, «Էրազմուս+» փոխանակման ծրագրի հնարավորությունների և մասնագիտական փորձի փոխանակման մասին։
Որպես «Էրազմուս+»-ի շահառուներ՝ ԵՊՀ ուսանողները ստանում են ամենամսյա կրթաթոշակ՝ կեցության կարիքները հոգալու համար։ Այժմ նրանք բնակվում են Լիլի համալսարանի հանրակացարանում, որի պայմանները շատ հարմարավետ են. այն լիովին վերանորոգված է, ուսանողներն այստեղ կարող են սպորտով զբաղվել և իրենց ժամանցն անցկացնել։ Հանրակացարանը գտնվում է համալսարանի հարևանությամբ։
«Լիլն ուսանողական քաղաք է, որը հազարավոր ուսանողներ է հյուրընկալում աշխարհի տարբեր ծայրերից, ինչի շնորհիվ ձեռք ես բերում նոր ընկերներ և ծանոթություններ»,- պատմեցին ուսանողները և շեշտեցին, որ արտերկրում ուսանելը հնարավորություն է տալիս ձեռք բերելու նոր հմտություններ և գիտելիքներ, զարգացնելու ճկուն մտածելակերպ։
«Էրազմուս+» փոխանակման ծրագրի առավելություններից նրանք ընդգծեցին նաև արտասահմանյան կրթական համակարգին ծանոթանալն ու աշխարհը բացահայտելը:
Պատմելով արտերկրում սովորելու դժվարությունների մասին՝ ուսանողներն անկեղծացան, որ սկզբնական շրջանում, իհարկե, դժվար էր օտար երկրում ապրելն ու օտար մարդկանցով շրջապատված լինելը, սակայն իրենք արագ հարմարվեցին, քանի որ մարդիկ շատ բարի են և պատրաստակամ՝ օգնելու ցանկացած հարցում։
«Մեզ այստեղ շատ լավ են դիմավորել, ինչն անչափ կարևորում ենք, և շնորհակալ ենք տեղի հայ բնակիչներին, որոնց հետ արդեն ընկերացել ենք։ Դասախոսական անձնակազմը շատ բարեհամբույր է, նրանք արհեստավարժ են և չեն զլանում բացատրել ցանկացած անհասկանալի հարց։ Մեր խմբում բոլոր ուսանողները ֆրանսիացի են, շատ անմիջական և պատրաստակամ: Ֆրանսիայում բոլորը ճանաչում և սիրում են հայերին»,- ավելացրին Օֆելյան և Ռիման։
Արտերկրում ուսումնառության դրական կողմերից ուսանողներն առանձնացրին ճամփորդելու և այլ երկրների մշակույթին ծանոթանալու հնարավորությունը. «Արդեն հասցրել ենք այցելել մի շարք պատմամշակութային վայրեր և քաղաքներ։ Շատ տպավորված ենք Փարիզով, իսկապես այն Եվրոպայի սիրտն է։ Ճամփորդել ենք Բելգիայում, քայլել գիշերային Բրյուսելում, եղել մի շարք թանգարաններում։ Այցելել ենք Նիդերլանդների մի քանի քաղաքներ, տպավորված ենք մասնավորապես Ամստերդամով, որտեղ նաև նավով ենք շրջել։ Մտադիր ենք բացահայտել մի շարք քաղաքներ և երկրներ»։
Պատմելով արտերկրում նշվող տոներից մի քանիսի մասին՝ նրանք նշեցին, որ Եվրոպայում մեծ շուքով տոնում են Սուրբ ծնունդը. «Մենք սրտատրոփ սպասում ենք Սուրբ ծննդյան տոնին, որն աննկարագրելի գեղեցիկ է նշվում։ Այստեղ քաղաքն արդեն զարդարված է»։
Օֆելյան և Ռիման խորհուրդ տվեցին բոլոր այն ուսանողներին, որոնք ցանկանում են մասնակցել արտերկրում ուսումնառության փոխանակման ծրագրերին, վստահել ուժերին և լինել համարձակ. «Արտերկրում սովորելը շատ ու շատ նոր հեռանկարներ է բացում բոլորի համար։ Փորձելու ենք հնարավորինս շատ գիտելիքներով վերադառնալ Հայաստան և դրանք կիրառել մեր ոլորտում»:
Նադեժդա Տեր-Աբրահամյան