- Գլխավոր
- Նորություններ
- ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 20-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Փետրվար 25, 2020 | 16:47
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ 20-ՐԴ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել 2020 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներ Հովսեփ Բեդևյանը և Անահիտ Մանասյանը, մասնագիտական կառույցների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ողջունելով և շնորհավորելով իրավագետներին՝ Գագիկ Ղազինյանը նշեց, որ հաճելի է տեսնել արդեն մասնագիտացում ստացած շրջանավարտների նմանօրինակ պատրաստակամությունն ու համախմբվածությունը. «Այսօր նշանավոր օր է իրավագետների համար, քանի որ նրանք ֆակուլտետի մագիստրատուրայի 20-րդ շրջանավարտներն են և ավարտել են այս հոբելյանական՝ 2020 տարում: Նրանք իրենց մասնագիտական ու մարդկային հատկանիշներով ապացուցում են, որ արժանի են իրավագետի կոչմանը»:
Մաղթելով շրջանավարտներին անձնական և գործնական հաջողություններ՝ Գագիկ Ղազինյանն ասաց. «Իրավաբանը կամ լավն է լինում, կամ չի լինում ընդհանրապես: Միջակ իրավաբանը չարիք է բոլորի համար, ուստի ձգտեք լինել լավագույնը, քանի որ դուք ներկայացնելու եք ոչ միայն ձեր ընտանիքը, այլև Մայր բուհն ու Իրավագիտության ֆակուլտետը»:
Դեկանը խորհուրդ տվեց շրջանավարտներին իրենց կապը պահել ԵՊՀ-ի հետ, քանի որ վեց տարի սովորել և կայացել են հենց Մայր բուհում. «Մեր ուսանողները պետք է գիտակցեն և ցանկացած քայլ անելիս միշտ հիշեն, որ իրենք ներկայացնում են ոչ միայն ֆակուլտետը, այլև ֆակուլտետի դասախոսներին ու համալսարանը: Ես կարծում եմ, որ միայն այս ճանապարհով հասարակությունում ինչ-որ բան կարելի է փոխել: Այս սերունդը պետք է իսկապես մթնոլորտ փոխի, այն պետք է ձևավորի հասարակությունը, որտեղ մենք կցանկանանք ապրել»:
Շրջանավարտներին շնորհավորեցին և մասնագիտական հաջողություններ մաղթեցին նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահներ Հովսեփ Բեդևյանը և Անահիտ Մանասյանը, իսկ Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս Դավիթ Ավետիսյանն իրավաբան շրջանավարտներին կոչ արեց լավագույն մասնագետ լինելու հետ մեկտեղ պահպանել մարդկային հատկանիշները:
Նրա խոսքով, լավագույն իրավաբանին բնորոշ են մասնագիտական հմտություններն ու խառնվածքը:
Շնորհավորելով համակուրսեցիներին՝ Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտներից Հրանտ Ջիլավյանը հիշեց և մեջբերեց 2012 թվականին ասված՝ ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի խոսքը. «Պարոն Ղազինյանն ասաց, որ տարիներ անց, երբ մենք կավարտենք ֆակուլտետը, կհասկանանք, որ մեր բնավորության բնորոշ գծերին ավելացել են նորերը՝ իրավաբանին բնորոշ հատկանիշները: Ես հիմա զգում եմ այդ փոփոխությունները և վստահ եմ՝ այստեղ ձևավորվել են ոչ միայն իմ մասնագիտական ունակությունները, այլև մարդկային անհատականությունը»:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ նաև Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի շրջանավարտ Տաթև Սողոյանը:
«ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը մեզ սովորեցնում է պայքարելու արվեստը, և մեր ուսումնասիրած կարևոր հայեցակարգը հետևյալն է՝ «Չկա ճիշտ պատասխան, կա միայն լավ հիմնավորում»»,- ասաց շրջանավարտը և հավաստիացրեց, որ իրենցից յուրաքանչյուրն ամեն բան անելու է՝ հետագա սերունդների կրթության և լավ մասնագետ դառնալու համար:
Անգին Խաչատրյան