- Գլխավոր
- Նորություններ
- ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Նոյեմբեր 27, 2019 | 17:27
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՊՀ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնն այսօր կազմակերպել էր «Աշնանային փառատոն»՝ նվիրված ամերիկյան մշակույթում ընդունված աշնանային տոնակատարություններին:
Միջոցառմանը ներկա էին Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:
«Աշնանային փառատոն» միջոցառման ընթացքում ուսանողներն հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով հայ և ամերիկյան մշակույթին բնորոշ առանձնահատկությունները:
Ելույթների ընթացքում ուսանողները պատմեցին հայկական ավանդույթների, զարդերի, ավանդական ուտելիքների մասին, ինչպես նաև անդրադարձան ամերիկյան «Գոհաբանություն» տոնի պատմությանն ու ավանդական ուտելիքներին, որը Միացյալ Նահանգներում նշվելու է վաղը:
Մեզ հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Աննա Չիրիանի Դեանը պատմեց, որ ուսանողները մեծ ոգևորությամբ են համաձայնել մասնակցել միջոցառմանը:
Միջոցառման կազմակերպմանն աջակցել է նաև Միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի վարիչ Շուշանիկ Պարոնյանը:
Աննա Չիրիանի Դեանը նշեց, որ դասավանդման նոր մեթոդներին զուգահեռ վերջինս ցանկանում է նաև ամերիկյան ավանդական արժեքները ներկայացնել և հնարավորություն տալ ուսանողներին ծանոթանալու այդ արժեքներին:
Դրանցից մեկն էլ միջոցառումներին բարեգործական ուղղվածություն հաղորդելն է:
««Աշնանային փառատոն» միջոցառմանը պատրաստվել ենք ընդամենը մեկ ամսվա ընթացքում,- ասաց Աննա Չիրիանի Դեանը,- ուսանողները մեծ ոգևորությամբ են պատրաստվել, և շատ ուրախ եմ, որ վերջում միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու նաև բարեգործությանը »:
Ելույթների վերջում տեղի ունեցավ բարեգործական միջոցառում. ուսանողները պատրաստել էին տարբեր ուտեստներ, քաղցրավենք, որոնց վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է «If We All» մանկական բարեգործական հիմնադրամին: