- Գլխավոր
- Նորություններ
- «ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՔ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
Սեպտեմբեր 01, 2021 | 15:04
Կրթություն
«ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՔ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԶՈՐԱՑՄԱՆԸ ԾԱՌԱՅԵՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ». ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԴԻՄԱՎՈՐԵՑ ՆՈՐԵԿՆԵՐԻՆ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը Պալեանների անվան դահլիճում այսօր դիմավորեց իր առաջինկուրսեցիներին:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր, ֆակուլտետում գործող Չինարենի և չինական մշակույթի կենտրոնի ղեկավար Արթուր Իսրայելյանը, ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը, ինչպես նաև ամբիոնի վարիչները:
Հանդիպման մեկնարկը տրվեց 44-օրյա պատերազմում զոհված համալսարանականների հիշատակին նվիրված մեկ րոպե լռությամբ, որից հետո Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները նորեկներին ներկայացրին ֆակուլտետը:
«Այսօր մեր հյուրընկալ դռներն ենք բացում ձեր առջև: Մայր բուհում ստանալու եք որակյալ կրթություն և այն հայրենիքի հզորացմանը ծառայեցնելու հնարավորություն եք ունենալու: Այստեղ ուսումնառության համար առկա են բարձրակարգ պայմաններ. նորարարական ու ինտերակտիվ մեթոդներով և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող դասընթացներ, մշակութային և մարզական միջոցառումներ: Շնորհավորում եմ բոլորիդ այս պատվաբեր առաքելությունը ստանձնելու համար»,- ասաց Արթուր Իսրայելյանը:
Գեղամ Պետրոսյանն ուսանողներին ներկայացեց ֆակուլտետի համառոտ պատմությունը, կառուցվածքը, ուսումնագիտական գործընթացը:
«Սիրելի՛ ուսանողներ, ձեր համար պատիվ ու մեծ պատասխանատվություն է սովորել 102-ամյա պատմություն ունեցող Մայր բուհում: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը համալսարանի առաջամարտիկներից է, որը 22 տարի շարունակ պատրաստում է հայրենասեր ու նվիրված մասնագետներ, որոնցից շատերը, անցնելով դիվանագիտական ծառայության և զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, իրենց ուրույն ավանդն են բերում Հայաստանի զարգացման գործին»,- նշեց դեկանը և հավելեց, որ համալսարանական լինելը նաև պարտավորեցնում է անաղարտ պահել ֆակուլտետի ու Մայր բուհի բարձր վարկանիշը, անունը, հանդես գալ մարդկային վեհ հատկանիշներով, ուսման մեջ լինել բարեխիղճ ու նպատակասլաց:
Ֆակուլտետի ամբիոնի վարիչները նույնպես ողջունեցին ուսանողներին և անդրադարձան ամբիոնների աշխատանքներին, առանձնահատկություններին և ուսումնառության ընթացքում ընձեռվող հնարավորություններին՝ երիտասարդներին կոչ անելով օգտվել դրանցից և իրականացնել նպատակներն ու երազանքները: