- Գլխավոր
- Նորություններ
- «ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Փետրվար 19, 2020 | 16:02
Հասարակություն
«ԱՊԱՌԱԺ» ԼԵՌՆԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
Երևանի պետական համալսարանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանում մասնակցել է Լեռնագնացության և մագլցման ասոցիացիաների միջազգային միության («UIAA») կողմից կազմակերպված վարպետության դասընթացների և Քերման քաղաքի սառցե մագլցման մրցույթին։
Փետրվարի 4-ից սկսած՝ ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբն Իրանի Իսլամական Հանրապետությունում մասնակցել է «Սառցե մագլցման ուսուցման ճամբար» վարպետության դասերի, որոնք վարել է Իրանի ազգային հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Մոհամադռեզա Սաֆդարյանը։
Մեզ հետ զրույցում ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչ, Իրանի Իսլամական Հանրապետության ալպինիզմի ֆեդերացիայի նախագահի խորհրդական Սուրեն Սեփանյանն ասաց, որ մի քանի օր տևած վարպետության դասերի շրջանակում ակումբի անդամները՝ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանող Վահագն Աղաբեկյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Գեղամ Կեսոյանն ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Զավեն Առաքելյանը, ստացան ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիքներ։
«Դասընթացների շրջանակում ստացանք նաև բնական սառույցի վրայով բարձրանալու, սառույցը մագլցելու հմտություններ, իսկ վերջում՝ դասընթացների մասնակցության հավաստագրեր»,- ասաց «Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչը։
Բացի այս ամենից՝ Հայաստանի և Իրանի լեռնագնացության թիմերի մարզիչները փոխանակել են հուշանվերներ։
Նա պատմեց, որ վարպետության դասերից հետո Իրանի Փոլուր և Մեյգուն քաղաքներում Իրանի, Հայաստանի և Վրաստանի լեռնագնացության ակումբները սառցեմագլցման ճամբար ունեցան, որտեղ երկրի լավագույն մասնագետները նույնպես դասեր տվեցին ակումբների անդամներին։
Ս․ Սեփանյանի խոսքով, փետրվարի 11-ին Քերմանում ժայռամագլցման մրցույթ էր կազմակերպված, որին մասնակցում էին Իրանի 9 մարզերի ներկայացուցիչները և Հայաստանի «Ապառաժ» լեռնագնացության ակումբի անդամները։
«Քանի որ Իրանի ժայռամագլցման ռեկորդը դեռ ոչ ոք չի գերազանցել, մենք ոչ մի սպասելիք չունեինք։ Սակայն եզրափակիչ անցած 3 լավագույններից մեկը Վահագն Աղաբեկյանն էր»,- նշեց նա։
«Ապառաժ» լեռնագնացության ակումբի մարզիչն ասաց, որ միայն փորձի պակասի պատճառով եզրափակիչ փուլում մեդալ նվաճել չհաջողվեց, սակայն իրենք ստացան «Լավագույն սպորտային կեցվածք» մրցանակը և մասնակցության հավաստագրեր։
Ս. Սեփանյանը պատմեց, որ Իրանի և Հայաստանի լեռնագնացների միջև ձեռք է բերվել փոխհամաձայնություն երկու երկրներում դասընթացները շարունակելու ու ճամբարներ ունենալու վերաբերյալ։
Մարինա Առաքելյան