- Գլխավոր
- Նորություններ
- ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
Հոկտեմբեր 15, 2021 | 16:29
ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի կազմակերպած «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնահարցերը» խորագրով միջազգային 8-րդ գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 17-ը:
Միջազգային գիտաժողովին ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկան Ալեքսան Բաղդասարյանը, Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:
Գիտաժողովի մեկնարկին բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, որը, ողջունելով և բարի գալուստ մաղթելով ներկաներին, առանձնահատուկ կարևորեց օտարերկրյա մասնակիցների այցը Հայաստան նմանատիպ բարդ, համաճարակային պայմաններում:
Նա նշեց, որ արդեն ավանդական դարձած միջազգային գիտաժողովի շրջանակում տարբեր երկրներից ժամանած ոլորտի մասնագետներն իրենց հայ գործընկերների հետ քննարկելու են ոլորտին առնչվող արդիական խնդիրներ, մշակելու են նոր ծրագրեր հետագա համագործակցությունների և համատեղ ուսումնասիրությունների համար:
«Հոգեբանի մասնագիտությունը հատկանշական է նրանով, որ այն շատ արդիական է դառնում հատկապես բարդ և ծանր իրավիճակներում, նմանատիպ դեպքերում բժիշկները և մենք փրկիչ ենք դառնում»,- ասաց Հրանտ Ավանեսյանը:
Նա շնորհակալություն հայտնեց միջազգային գիտաժողովի՝ 11 երկրից ժամանած մասնակիցներին, ինչպես նաև համալսարանի ղեկավարությանը գիտաժողովին ցուցաբերած աջակցության համար՝ հավելելով, որ մասնակիցների զեկուցումները լույս են տեսնելու առանձին հավաքածուով:
Ելույթի վերջում Հրանտ Ավանեսյանը մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք:
Գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջունեց Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ մաղթելով, որ այն հիմնախնդիրները, որոնք արդեն 8-րդ անգամ քննարկվում են միջազգային գիտաժողովի ընթացքում, անպայման գտնեն իրենց պատասխաններն ու լուծումները:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Արցախի պետական համալսարանի պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, որն առանձնահատուկ շեշտեց, որ հայ հոգեբանների ողջ ուշադրությունն ու աջակցությունը թե՛ պատերազմի ընթացքում և թե՛ դրանից հետո սևեռված են եղել այն բոլոր խնդիրների վրա, որոնք առնչվել են Արցախին:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո գիտաժողովի մասնակիցները հանդես եկան տարբեր զեկուցումներով՝ անդրադառնալով հայ և ռուս ուսանողների հոգեբանական առողջության առանձնահատկություններին ու խնդիրներին, երեխաների տրավմատիկ հիշողությունների ուսումնասիրություններին, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում հայ հասարակության շրջանում տեղ գտած հոգեբանական խնդիրներին: