- Գլխավոր
- Նորություններ
- ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Մարտ 28, 2023 | 16:17
Կրթություն
Ուսանողական
ՀԱՄԱՏԵՂԵԼՈՎ ԸՆՏԱՆԻՔԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԵՊՀ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԵՏ
Էլիզա Եղշատյանը ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներից է: Նրա հետ զրույցի շրջանակն ընդգրկում է մասնագիտական հետաքրքրություններին, որպես մասնագետ կայացման գործում համալսարանի նշանակալի դերին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին վերաբերող թեմաներ:
- Էլիզա՛, զրույցն սկսենք մասնագիտությանն ու բուհին առնչվող ավանդական դարձած հարցով. ինչպե՞ս «հայտնվեցիք» ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում:
- Դեռ դպրոցական տարիներից ձգտում էի մանրամասն ուսումնասիրել կյանքը և կենդանի օրգանիզմները, դրանց ֆիզիկական ու քիմիական կառուցվածքը, գործառույթները, զարգացումը: Այդ ցանկությունն իմ մեջ արթնացել էր ուսուցչուհուս շնորհիվ, որն ինձ համար օրինակելի կերպար էր: Նա վստահեցնում էր` ԵՊՀ-ում սովորելով կուսումնասիրեմ ժամանակակից կենսաբանության տարբեր բնագավառներ, ուստի առանց երկմտելու ընտրեցի համալսարանը և հաջողությամբ ընդունվեցի կենսաբանության ֆակուլտետ: Այստեղ սպասելիքներս արդարացան:
- Մեր նախնական զրույցից այնուամենայնիվ պարզ դարձավ, որ կենսաբանության բնագավառներից Ձեզ գրավում է հատկապես ֆիզիոլոգիան: Կմանրամասնեք` ինչո՞վ է հենց այդ ոլորտը հետաքրքրել Ձեզ:
- Իհա՛րկե: Ֆիզիոլոգիայի բնագավառն ինձ հետաքրքրեց, քանի որ այն հնարավորություն է տալիս որպես մեկ ամբողջություն ուսումնասիրելու կենդանի օրգանիզմների մեխանիկական, ֆիզիկական և կենսաքիմիական գործընթացները: Սա էր պատճառը, որ որոշեցի նեղ մասնագիտական գիտելիքներ ստանալ մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի առարկաներից:
- Հարցազրույցների այս շարքի մեր նախորդ զրուցակիցները կրթությունն ու ընտանիքը համատեղելու իրենց անհատական մոտեցումներն ունեին: Հետաքրքիր է` Դուք ինչպե՞ս եք դա կարողանում անել:
- Չեմ կարող ասել, որ կրթությունն ու ընտանիքը համատեղելը դյուրին է, սակայն երբ ցանկանում ես` երեխաներդ ունենան բարեկեցիկ ապագա, սկսում ես ընդառաջ գնալ դժվարություններին և հաղթահարել դրանք: Ներքին համոզմունք ունեմ, որ կրթությամբ է հնարավոր նպաստել ցանկալի ապագայի կերտմանը: Կարծում եմ` այդ գործում անգնահատելի է կիրթ մայրերի դերը: Հավանաբար հենց այս գաղափարն է, որ ինձ երկար ժամանակ ոգեշնչում է չհանձնվել և հաջողությամբ համատեղել ուսումն ու ընտանիքը:
- Բացի նրանից, որ համալսարանը շուրջ չորս տարի տվել է բարձրագույն կրթություն` ինչպիսի՞ այլ դեր է այն ունեցել Ձեր` որպես անհատի կայացման գործում:
- Հարցն իսկապես տեղին է, քանի որ համալսարանը սոսկ կրթությամբ ապահովող կառույց չէ: Այստեղ հանդիպել եմ այնպիսի անհատների, որոնք իմ մեջ սերմանել են վեհ գաղափարներ: Նրանց հետ շփվելու շնորհիվ ընդլայնվել է աշխարհայացքս` ձեռք եմ բերել նոր գիտելիքներ, փոխվել են կյանքի հանդեպ ունեցած հայացքներս, համոզմունքներս և այլն:
- Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունեք:
- Իմ գլխավոր նպատակն է դառնալ այնպիսի մասնագետ, որը կունենա ոլորտի վերաբերյալ համընդգրկուն գիտելիքներ, ուստի բակալավրիատը հաջողությամբ ավարտելուց հետո մտադիր եմ գիտելիքներս հարստացնել մագիստրատուրայում:
Մարինե Մկրտչյան